Իրավական 

Որոշ պետական մարմիններ «ականջ ունեն, բայց չեն լսում». ՄԻՊ

ԱԺ-ում 2013 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հայտարարեց, թե իր ղեկավարած կառույցն այլևս ոչ թե փողի կարիք ունի, այլ օրենսդրական լիազորությունների ավելացման։ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը կատակեց, թե լիազորություն ավելացնելը փող է։ Կարեն Անդրեասյանը հակադարձեց, թե ուրեմն փողը տվեք։


«Երանի ես ունենայի տասն անգամ ավելի բյուջե, տասն անգամ ավելի բյուջեով ես կկարողանայի հարյուր անգամ ավելի շատ գործ անել, բայց ես ասում եմ, որ այսօր նվազագույնը ապահովված է, և հիմա իմ խնդիրը գումարը չէ։ Ես երբեք չեմ ամաչել, որ գամ ու ասեմ, որ ՄԻՊ կառույցը գումարի կարիք ունի և երեք տարի շարունակ 10 միլիոնները հատ-հատ, կես-կես ավելացրել եմ և դրա մեջ չեմ տեսել որևէ տեսակի ամոթ, որ կառույցը գումարի պակաս ունի»,- նշեց նա։

 

Կարեն Անդրեասյանը նաև նկատեց, թե ՄԻՊ-ն այսօր օրենսդրական որոշակի լիազորությունների ավելացման կարիք ունի, քանի որ եթե այսօր պետական մարմիններ կան, որոնք ականջալուր են լինում իրենց, երբ խախտման դեպքեր են հայտնաբերում, կան նաև որոշ պետական մարմիններ, որոնք «ականջ ունեն, բայց չեն լսում»:

 

«Կան մարմիններ, որոնք համառում են, որոնք դարձել են կոշտ իրենց որոշումների մեջ: Մենք կարիք ունենք, որ երկու-երեք պետական մարմիններ ևս փոխեն իրենց գործելաոճը, իրենց ընկալման մակարդակը, բայց ընդհանուր ֆինանսական իմաստով այսօր չկա մի մարդ, որ դիմում է մեզ ու չի ստանում անհրաժեշտ պաշտպանություն կամ չի կարող դիմել մեզ, որովհետև կա գումարի խնդիր: Այդ առումով ամեն ինչ լուծված է, հիմա խնդրում եմ՝ օգնեք այս կառույցին, որ լուծվի ազդեցության լիազորությունների, պետական մարմինների ականջ ունենալու և նմանատիպ խնդիրները»,-ասաց նա։

Նույն շարքից