Առողջապահություն 

Հայաստանում ամեն տարի պալիատիվ խնամքի կարիք ունի շուրջ 18 հազար մարդ

analitik.am

այաստանում մտահոգիչ է պալիատիվ (ցավամոքիչ) խնամքի ոլորը հատկապես մայրաքաղաքից դուրս: «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վիոլետա Զոփունյանը հիշում է իրենց այցելած հիվանդներից մի կնոջ, ով իրեն տանջող ցավը չզգալու համար մեծ քանակությամբ սխտոր էր ուտում:  

Հայաստանում ամեն օր պալիատիվ (ցավամոքիչ) խնամքի կարիք ունի 3200-3600 հիվանդ: Իսկ տարեկան մահացողներից (27-28 հազար) պալիատիվ խնամք անհրաժեշտ է լինում 60-70%-ին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանում է.

«Ցավամոքիչ խնամքի մոտեցումներով բարելավվում է կյանքին սպառանցող հիվանդությունների հետ կապված խնդիրներ ունեցող պացիենտների և նրանց ընտանիքի անդամների կյանքի որակը` ցավի և ֆիզիկական, հոգեսոցիալական և հոգոր այլ խնդիրների վաղ հայտնաբերման, ճշգրիտ գնահատման և խնամքի միջոցով տառապանքը կանխելու և մեղմելու ճանապարհով»:

ԱՀԿ-ի տվյալներով աշխարհում տարեկան մահացող 54 մլն մարդուց 40 %-ը կարող էր օգտվել ցավամոքիչ խնամքից:  2012 թ.-ի դրությամբ 5.5 մլրդ մարդ ապրում է այնպիսի պետություններում, որտեղ հսկվող դեղերն անհասանելի են կամ ոչ բավականաչափ հասանելի: Նույն իրավիճակն է նաև Հայաստանում, որտեղ խնդիր կա դեղերի սահմանափակումների հետ կապված: Պալիատիվ օգնության ժամանակ բուժման նպատակով օգտագործվում է մորֆինը, որը Հայաստանում կիրառում են դեռևս հեղուկ վիճակով:  Նախատեսված է Հայաստան ներկրել մորֆինը նաև դեղահաբի տեսքով:

Երևանում նոյեմբերի 11-ին «Ցավամոքիչ խնամքի նորագույն զարգացումները աշխարհում» տեղի ունեցած միջազգային խորհրդաժողովի ժամանակ գիտությունների դոկտոր, Բաց հասարակության հիմնադրամներ գրասենյակի պալիատիվ օգնության հարցերով միջազգային խորհրդատու Ստեֆեն Ռ. Քոնորը նշեց, որ պալիատիվ խնամքը նպատակ ունի բարելավել կյանքի վերջին փուլում գտնվող մարդու կյանքի որակը: Օգնությունը տրամադրվում է մահացու ելքով հիվանդությունների դեպքում, սակայն ոչ ոք չի կարող ասել, թե հիվանդը որքան կապրի: Ընդ որում` պալիատիվ խնամքը նախատեսված է ոչ միայն հիվանդի, այլև նրա ընտանիքի անդամների համար:

Մոնղոլիայի բժշկական գիտությունների համալսարանի ընդհանուր պրակտիկայի բաժնի վարիչ Օդոնտույա Դավաասուրենը կարծում է, որ պալիատիվ օգնության դեպքում անհրաժեշտ է քարոզչություն իրականացնել բոլոր հնարավոր միջոցներով  (կրթություն, մեդիա, գովազդ և այլն) և բարձրացնել մարդկանց տեղեկատվության մակարդակը: Սակայն շատերի մոտ նկատվում է նաև «մորֆոֆոբիա»` վախ մորֆին օգտագործելու նկատմամբ: Անգամ մի շարք բժիշկներ կարծում են, որ մորֆինը ոչ թե բժշկում, այլ սպանում է մարդուն: Օ. Դավաասուրենի խոսքով` դեռևս տարծված է այն տեսակետը, թե ինչու այդքան փող ծախսել մահացող մարդկանց վրա, երբ ռեսուրսները անբավարար են անգամ մյուսների կարիքները հոգալու համար: Այնինչ, պետք է պաշտպանված լինեն նաև հիվանդների իրավունքները:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վիոլետա Զոփունյանը նշեց, որ Հայաստանում քիչ չեն դեպքերը, երբ խախտվում են պալիատիվ օգնության կարիք ունեցող հիվանդների իրավունքները: Նրանցից շատերն ունեն հիվանդության գաղտնիության իրավունք, որը խախտվում է, մյուս կողմից` տեղեկատվության պակաս իրենց հիվանդության և բուժման վերաբերյալ, երբ բժիշկները կամ հարազատները դիտավորյալ հիվանդին տեղյակ չեն պահում հիվանդության մասին: Այնինչ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին»: 

Ս. Քոնորը նշեց, որ 2009թ.-ին իրենք փորձել են գնահատել պալիատիվ խնամքի իրավիճակը Հայաստանում: Պարզվել է, որ Հայաստանում ամեն տարի պալիատիվ խնամքի կարիք ունի շուրջ 18 հազար մարդ, որից 1/3-ը հիվանդ են քաղցկեղով: Տարածված են նաև սրտանոթային հիվանդությունները, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքերը: Հայաստանում այս մարդկանց օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է մոտ 60 թիմ` տարբեր մասնագետներով: Ընդ որում, այստեղ պալիատիվ խնամքի կարիք ունեն ավելի շատ տարեցները, ինչը պայմանավորված է բնակչության շրջանում նրանց բարձր թվով: Ս. Քոնորի խոսքով` պալիատիվ խնամքն ավելի քիչ զարգացած է երեխաների մոտ: Այս խմբում հիմնականում ընդգրկված են այն երեխաները, ովքեր տվյալ հիվանդությամբ ծնվել են:

Ս. Քոնորը նշեց, որ պալիատիվ խնամքը թիմային մոտեցում է պահանջում. այստեղ պետք է աշխատեն բժիշկները, հոգեբանները,  հոգևորականները, սոցիալական աշխատողներ,  ինչպես նաև կամավորները: Ամբողջ աշխարհում պալիատիվ խնամքի ոլորտում աշխատում է շուրջ 16 հազար թիմ` սպասարկելու 3 մլն հիվանդների: Սակայն դա բավարարում է հիվանդների միայն 14%-ի կարիքը: Ընդ որում, ամբողջ աշխարհում պալիատիվ խնամքի սպասարկման 80%-ն իրականացվում է Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում: Իսկ մահվան դեպքերի մեծամասնությունն արձանագրվում է զարգացող պետություններում:

Հայաստանում 2003 թ.-ին հիմնվել է Հայաստանի հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիան, 2009 թ.-ին` «Վանատուն» հիմնադրամը, որի նպատակն է ստեղծել և զարգացնել պալիատիվ օգնության կենտրոններ: Իսկ այս տարվա մարտին ՀՀ առողջապահության նախարարությանն առընթեր Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է պալիատիվ օգնության առաջին ծառայությունը:

Ս. Քոնորի խոսքով` պալիատիվ խնամքի դեպքում առկա են մի շարք խոչընդոտներ, որոնցից են սուղ ռեսուրսները,  կոռուպցիոն ռիսկերը, պետական քաղաքականության բացակայությունը կամ թերի լինելը, մի շարք հոգեբանական խնդիրներ և այլն: Նա նշեց, որ Հայաստանում պալիատիվ խնամքն իրականացվում է, սակայն դեռևս զարգացման փուլում է և ընդգրկում է սահմանափակ թվով մարդկանց: Անհրաժեշտ է անցնել հաջորդ մակարդակի, որպեսզի պալիատիվ խնամքն ամբողջությամբ ներգրվված լինի առողջապահական համակարգի մեջ:   

Նույն շարքից