Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ տեսախցիկներից և արագաչափերից ստացված տուգանքների պատճառով քաղաքացիների բանկային հաշիվները սառեցնելու խնդրով իր նախաձեռնությամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել:
«Խնդիրն իսկապես կարևոր է, այն վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների և բազմաշերտ է: Այդ պատճառով իմ նախաձեռնությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որտեղ արդարադատության նախարարության և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչներից զատ ընդգրկվել է նաև ոստիկանության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ»,-ասաց նա:
Վերջինիս տեղեկացմամբ՝ գործում է նաև թեժ գիծ, և իրենք խնդրել են քաղաքացիներին յուրաքանչյուր նման դեպքում անմիջապես կապվել իրենց հետ, որպեսզի փորձեն խնդրին լուծում տալ:
Նախարարը խնդիրներից առաջինն ընդգծեց ծանուցման հարցը՝ ասելով, որ ոստիկանության կողմից երբեմն պատշաճ չի իրականացվում. «Այստեղ պետք է մի քիչ ավելի հստակություն մտցնել և ավելի ամրապնդել վարչարարությունը, որպեսզի նման դեպքերը բացառվեն կամ մինիմումի հասցվեն: Դա նաև կապված է փոստի աշխատանքի հետ, և այդ ուղղությամբ մենք աշխատում ենք»:
Երկրորդ խնդիրը, ըստ նրա, վերաբերում է բանկային համակարգում հաշիվների արգելանքին: ԴԱՀԿ ծառայությունը հստակ նշում է արգելանքի չափը, բայց պարզվեց, որ որոշ բանկերում արգելանքի չափի խնդիր կա և այդ արգելանքը տարածվում է ամբողջ գումարի վրա:
«Մեր ներկայացուցիչների և ոստիկանների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել, և մենք փորձում ենք հնարավորինս շուտ այս խնդրին լուծում տալ»,- խոստացավ Հովհաննես Մանուկյանը: