Իրավական 

Համալիրի աշխատասենյակները կապարակնքվել են

ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցներն արդեն մոտ երկու ժամ գտնվում են Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում եւ հարկադիր գործողություններ են իրականացնում:


ԴԱՀԿ մոտ 30 աշխատակիցներ համալիրի ներսում գույքագրում են կատարել  եւ կապարակնքել  են աշխատասենյակների դռները:

Համալիրի աշխատակիցները հավաքվել են մուտքի դռան մոտ: ԴԱՀԿ աշխատակիցները եկել են առավոտյան անսպասելիորեն, առանց նախապես զգուշացնելու եւ առանց հիմնավորում ցույց տալու՝ իրենց դուրս են հրավիրել:


«Այս ամենը, որ հիմա կատարվում է, օրենքի կոպիտ խախտում է: Սա այն ձեռագիրն է, ինչի մասին մենք բարձրաձայնում էինք»,- լրագրողներին ասել է  ՄՀՀ աշխատակից Կորյուն Գրիգորյանը:

 

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն արդեն 5 անգամ աճուրդի է հանել Մարզահամերգային համալիրը, եւ ամեն անգամ գնորդ չհայտնվելու պատճառով 10 տոկոսով իջեցրել է մեկնարկային գինը:  ՄՀՀ-ն աճուրդի է հանվել դատարանի որոշմամբ՝ որի համաձայն ՄՀՀ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ պետք է բռնագանձվի ավելի քան 10 մլրդ դրամ, որը ժամանակին համալիրի սեփականատեր «ԲԱՄՕ» ընկերությունը վարկ է վերցրել կառավարությունից՝ դրա դիմաց գրավադրելով համալիրի շենքն իր հարակից տարածքով, սակայն չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունները: Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց պարտքը մարելու հնարավորություն չեն տվել, իսկ ՄՀՀ-ն աճուրդի հանելու իրական նպատակն այն է, որ գինն այնքան իջեցնեն, մինչեւ իրենց «հարմար» գնով վաճառեն իրենց ցանկալի գնորդին:

Նույն շարքից