Մշակույթ 

Օրվա ծնունդը. Մինաս Չերազ

Ուսուցիչ, հրապարակախոս Մինաս Չերազը ծնվել է Պոլսում 1852 թ. հուլիսի 25-ին: Նա հայտնի է որպես 1878 թվականին Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ Բեռլինի վեհաժողով մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար:
 
Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ: 1880թ.-ին Արփիար Արփիարյանի հետ ղեկավարել է Կ.Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը:
 
1889թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է Լոնդոնում: Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը՝ հայ մշակույթն օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու: 
 
1890թ.-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը: Նույն թվականին էլ տեղափոխվել է Փարիզ՝ շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը: Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը: Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաև ֆրանսերեն:
 
Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության հովանավորությամբ «Կապույտ գրքում»: Չերազը ֆրանսերեն է թարգմանել Պ.Դուրյանի, Ռ.Պատկանյանի, Խ.Գալֆայանի ու այլ բանաստեղծների մի շարք երկեր «Հայ բանաստեղծները» խորագրով:

 
Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները: Այսպես, Վենեսուելայի կառավարությունը պարգևատրել է նրան «Ազատարար Բոլիվիարի խաչով»: Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով:
 
1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվել է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասել է. «Տեղահանությունն ու ջարդը անապատի ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ: Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը:
 
Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա: Վարչաձևը առօրյա է, հայրենիքը` հավիտյան»: Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանն այն պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին Չերազյան անունով վարժարան կառուցելու համար:
 
Չերազը մահացել է 1928թ. Փարիզում ու թաղվել այն գերեզմանատանը, որտեղ 1935թ.-ին նրա շիրմաթմբի հարևանությամբ թաղվել է նաև Կոմիտասը:
 
1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը:

Նույն շարքից