Գլխավոր Հայաստան Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Ես չեմ կարծում, թե մոտ ապագայում Թուրքիայում քրդական պետություն կստեղծվի. Քրդագետ

analitik.am

«Տարածաշրջանում քրդական գործոնը դեռ 1990-ականներից է ակտիվացել, սակայն 2003 թվականից հետո այդ ակտիվացումը նոր թափ ստացավ և շարունակվում է մինչև օրս»,-այսօր՝ ապրիլի 9-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում հայտարարեց ԵՊՀ Հայ-քրդական հարաբերությունների բաժնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը:

Նա մասնավորապես խոսեց Իրաքի քրդերի մասին՝ նշելով, որ այնտեղ 2005 թվականին ստեղծվեց Քուրդստանի ռեգիոնալ կառավարությունը, որն ինքնավար ֆեդերատիվ միավոր է. «Այն կիսանկախ միավոր է, որը կարևոր դերակատարում ունի տարածաշրջանային զարգացումներում: Իհարկե մշտապես ակտիվ են եղել նաև Թուրքիայի քրդերը: Այստեղ 1999 թվականին Օջալանի ձերբակալությունից հետո քրդական ակտիվությունը կարծես անկում ապրեց, սակայն ամեն ինչ վերսկսվեց արդեն 2003 թվականին: Թերևս լուռ է միայն քրդերի իրանական հատվածը: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա այստեղ ևս կա քրդական գործոն»:

Լրագրողներից մեկի հարցին պատասխանելով բանախոսն անդրադարձավ մասնավորապես Թուրքիայում քրդական գործոնին. «Մինչև Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության ի հայտ գալը քրդական շարժումը համարվում էր հիմնականում ոչ լեգալ, իսկ լեգալները գործում էին տարբեր ուժերի կազմերում, սակայն այսօր քրդերը լուրջ հաջողությունների են հասել: Նրանք ստեղծել են մի կուսակցություն, որը քրդամետ է, բայց ոչ քրդական, որը նպատակ ունի միավորել թուրքական ողջ ընդդիմությունը՝ վերածվելով համաթուրքական ուժի, և հենց այդ է պատճառը, որ Էրդողանը զգուշանում է: Ինչ վերաբերում է PKK-ին, ապա այն նույնպես ակտիվացել է: Իհարկե նախկինում այս երկու ուժերն ավելի շատ էին համագործակցում միմյանց հետ, սակայն այսօր որոշակի տարաձայնություններ ունեն: Ամեն դեպքում, վերջին ընտրություններից հետո PKK-ն ուղղակի ստիպված է հաշվի նստել Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության, որը լուրջ հաջողություններ գրանցեց: Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա քրդական գործոնը տարածվելու միտում ունի»:

Քրդագետի խոսքերով, 2013-15 թվականներին Թուրքիայում իշխանությունների և քրդերի միջև հաստատված զինադադարը քրդական ուժերը կարողացան շատ գրագետ կերպով օգտագործել, լուրջ աշխատանք տարվեց և լուրջ ուժեր կուտակվեցին. «Այսօր խոսվում է 5 հազար զինված մարտիկի մասին, որոնցից 3000-ը Հյուսիսային Իրաքի տարածքում են: Բացի դրանից, ձևավորվել է նաև սիրիական թևը, որը ցանկության դեպքում կարող է օգնության հասնել: Ինչ վերաբերում է Իրաքի քրդերին, ապա առհասարակ 40 հազարանոց բանակի մասին է խոսվում, որը սակայն համագործակցում է թուրքական իշխանությունների հետ»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպիսի հարևան կունենա Հայաստանը, եթե ամեն դեպքում քրդական պետություն ստեղծվի, ինչի մասին խոսվում է, Պետրոսյանն ասաց, որ դա մեծապես կախված է նրանից, թե որտեղ է այդ պետությունը ստեղծվելու. «Իրականում, տարածաշրջանի բոլոր երկրներին էլ հետաքրքրում է, թե ինչ հարևան են ունենալու, եթե այդ պետությունը ստեղծվի: Այս պահին ենթադրվում է, որ Քուրդիստան ազգային պետությունը ստեղծվելու է Հյուսիսային Իրաքում: Եթե այդպես լինի, կարծում եմ այդ պետության ստեղծումը կբխի մեր շահերից: Կա իհարկե տեսակետ, որ նոր ստեղծվող պետությունները սահմանային խնդիրներ են ունենում հարևանների հետ, սակայն կան գործոններ, որոնք մեր օգտին են: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է հետևյալին՝ Հյուսիսային Իրաքում ստեղծվելիք պետությունը մագնիսի նման դեպի իրեն է ձգելու Թուրքիայի քրդերին, ինչի արդյունքում Բարզանիի ազդեցությունը Թուրքիայում մեծանալու է, իսկ դա թուրքական իշխանություններին չանհանգստացնել չի կարող: Այսինքն, որքան էլ հիմա լավ լինեն Թուրքիայի իշխանությունների և Իրաքի քրդերի հարաբերությունները, դրանք հետագայում կարող են կտրուկ վատանալ: Ես չեմ կարծում, թե մոտ ապագայում Թուրքիայում քրդական պետություն կստեղծվի, սակայն եթե դա տեղի ունենա, հարևանի փոփոխությունը Հայաստանի համար կլինի վատագույն տարբերակներից լավագույնը, քանի որ մեր երկիրն ավելի շատ գործելու հնարավորություն կունենա»:

Նույն շարքից