Գլխավոր Հայաստան Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Որպեսզի Հայաստանի հետ հաշվի նստեն, մենք պետք է ուժեղ երկիր կառուցենք. Նարեկ Գալստյան

analitik.am

Այսօր՝ ապրիլի 9-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Նարեկ Գալստյանը, խոսելով այն մասին, թե ինչը դրդեց Ադրբեջանին գնալ սահմանին իրավիճակի այս աստիճանի սրացմանը, ասաց, որ պատճառները գրեթե նույնն են, ինչ եղել է մինչ այս իրականացված դիվերսիաների ժամանակ:

Նրա խոսքերով, այն ինչ արվեց Ադրբեջանի կողմից, արվեց ինչպես արտաքին, այնպես էլ ներքին լսարանի համար. «Ներքին լսարանի մասով պետք է ասել հետևյալը՝ Ալիևը լավ է տեսնում, որ հասարակության շրջանում սոցիալ-տնտեսական և քաղաքական շատ լուրջ դժգոհություններ կան կուտակված, և մարդկանց ուշադրությունը պետք է պարբերաբար շեղել՝ այդ թվում նաև սահմանին իրավիճակը լարելով: Բացի դրանից, ադրբեջանական իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ թեկուզ ուժով էլ լինի Ղարաբաղը վերադարձնելու են, հետևաբար պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի հասարակության շրջանում տարակուսանք չառաջանա, թե ինչու ոչինչ չի արվում»:

Արտաքին լսարանի մասով քաղաքագետն ասաց, թե Ադրբեջանը ոչ մեկ անգամ է ասել, որ չի համակերպվում իրողության հետ. «Ակնհայտ է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն անցանկալի հարթակ է Բաքվի համար, դրա համար նրանք փորձում են հարցը տեղափոխել այլ հարթակներ: Բացի դրանից Ադրբեջանի համար անընդունելի են այն առաջարկները, որոնք արվում են բանակցությունների ժամանակ»:

Անդրադառնալով Ռուսաստանի գործողությունների տրամաբանությանը՝ քաղաքագետը նախ նշեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ պետությունը գերտերությունից վերածվեց տարածաշրջանային գերտերության, իսկ այսօր, երբ որոշակի հաջողություններ է գրանցել, փորձում է անել հակառակը. «Ռուսաստանը փորձում է աշխարհակարգ փոփոխել, հետևաբար, շատ հաճախ անում է քայլեր, որոնք մեր պատկերացմամբ դաշնակիցը չպետք է անի: Հայաստանն ու Ռուսաստանը ֆորմալ առումով դաշնակիցներ են, սակայն իրականության մեջ մենք ուղղակի գործընկերներ ենք, ինչի մասին գիտենք, բայց բարձրաձայնում ենք միայն ճգնաժամային իրավիճակներում: Ռուսաստանի գործողությունները բխում են միայն սեփական շահերից»: Ինչ վերաբերում է արևմտյան երկրներին, ապա Գալստյանի խոսքերով, ի տարբերություն ՀԱՊԿ-ում մեր գերծընկերներ Ռուսաստանի և Բելոռուսի, այդ երկրները միացել են փաստաթղթին և զենք չեն վաճառում ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, սակայն ակտվորեն մասնակցում են Ադրբեջանի հարստացմանը՝ գնելով այդ երկրի նավթը և այլն, իսկ ստացված գումարները Բաքուն արդեն օգտագործում է Ռուսաստանից զենք գնելու համար:

«Մենք լավ գիտենք, որ միջազգային հարաբերություններում բարեկամ, դաշնակից չունենք, հետևաբար լավ պետք է հասկանանք, որ խնդրի կարգավորմամբ առաջին հերթին պետք է զբաղվի Հայաստանը: Ռուսաստանին հակամարտությունները անհրաժեշտ են կողմերի՝ այս դեպքում Երևան և Բաքվի վրա իր ազդեցությունը պահպանելու համար: Մենք գիտենք նաև, որ Ռուսաստանը չի էլ պատրաստվում դադարեցնել Ադրբեջանին զենք վաճառելը: Այս պարագայում լավագույնը, ինչը մենք կարող ենք անել, ամենաբարձր մակարդակով մեր դժգոհությունը արտահայտելն է: Բացի դրանից, պետք է հասնել նրան, որ Ռուսաստանը գոնե որոշ տեսակի զինատեսակներ չվաճառի Ադրբեջանին: Մյուս կողմից, Հայաստանին անհրաժեշտ է գտնել ուղիներ ժամանակակից զինտեխնիկա ձեռք բերելու համար, դրա համար գումար կա, սակայն այդ գումարը ոչ ճիշտ տեղում է և ոչ ճիշտ մարդանց մոտ: Իսկ Ռուսաստանի հետ պետք է շարունակել ֆորմալ առումով դաշնակիցներ մնալ, սակայն մեր վերաբերմունքը պետք է փոփոխություններ կրի: Պետք է նաև շարքային քաղաքացին հասկանա, որ մեր դաշնակիցը հենց մենք ենք: Իրականում, մենք Ռուսաստանի հետ հարաբերություններում արմատական փոփոխությունների չենք կարող գնալ, քանի որ մեր տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերը գտնվում են ռուսական կապիտալի հսկողության տակ: Որպեսզի Հայաստանի հետ հաշվի նստեն, մենք պետք է ուժեղ երկիր կառուցենք, միայն ուժեղների հետ են հաշվի նստում»:

Նույն շարքից