Հասարակություն Մամուլի ակումբ 

Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ պահվածք. Նարեկ Գալստյան

analitik.am

«1994 թվականին ստորագրված հրադադարի մասին փաստաթուղթը ցույց տվեց, որ այն ընդամենը փաստաթուղթ է, իսկ իրականում, քանի դեռ հաշտության պայմանագիր չկա, այն ուղղակի շունչ առնելու միջոց է»,-այսօր՝ ապրիլի 9-ին, «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը՝ ցավով վստահություն հայտնելով, որ այս անգամ ևս հրադադարի ռեժիմը կխախտվի, ինչն արդեն իսկ տեղի է ունենում և հավելելով, որ հակամարտության կարգավորումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կողմերից մեկը արմատական կերպով փոխի դիրքորոշումը, իսկ դրան սպասել պետք չէ:

Քաղաքագետի խոսքերով կողմերը փորձում են առավելություններ ձեռք բերել, որոնք կկարողանան օգտագործել բանակցային գործընթացում. «Ադրբեջանն այսօր, ինչպես 1994 թվականին էր, իրեն պարտված չի զգում, քանի որ պարտություն կլիներ, եթե լիներ հաշտության պայմանագիր: Իսկ հրադադարի դեպքում կողմերն ուղղակի պայմանավորվում են չկրակել իրար վրա:

Ցավոք պետք է ընդունենք, որ Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ պահվածքն ինչպես սահմանին, այնպես էլ՝ միջազգային հարթակներում: Ադրբեջանն այն ժամանակ էլ, այսօր էլ փորձում է իր հասարակության մոտ ձևավորել հաղթանակի պատրանք: Տարօրիինակ է, բայց ադրբեջանական իշխանություններին հաջողվում է դա անել: Հենց դա է պատճառը, որ Բաքուն պատրաստվում է շարունակել իր քաղաքականությունը»: Ինչ վերաբերում է բանակցային գործընացից ակնկալիքներին, ապա Գալստյանի կարծիքով ինչ-որ դրական տեղաշարժի կարելի է սպասել միայն այն դեպքում, եթե Ստեփանակերտը վերադառնա բանակցային գործընթաց, ինչին հայկական կողմը փորձում է հասնել վերջին տարիներին, սակայն դեռ չի ստացվում:

Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում Կազանի 2011 թվականի փաստաթուղթը, որի մասին հավանաբար խոսեց ՌԴ ԱԳ նախարարը՝ հայտարարելով, թե հաշտության պայմանագիրը գրեթե պատրաստ է, ապա բանախոսն ասաց, որ հիմնական փաստաթուղթը մադրիդյան սկզբունքներն են, իսկ դրան հաջորդածներն ուղղված են դրանց իրագործմանը. «Լավրովը նաև հայտարարեց, որ առաջարկներ են ներկայացվելու կապված հրադադարի ռեժիմի պահպանման հետ, որից հետո սկսեցին խաղաղապահների մասին խոսակցությունները: Մեզ համար կարևոր է, որ հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չլինեն, իսկ եթե լինում են, ապա պետք է անցկացնել հետաքննություն և պատժել մեղավորներին: Ես իրականում չգիտեմ Կազանի փաստաթղթի մասին է խոսքը, թե՝ ոչ , ամեն դեպքում կարծում եմ, որ գործողություններն ուղղված են ոչ թե հակամարտության կարգավորմանը, այլ՝ դրա սառեցմանը:

Քաղաքագետը խոսեց նաև այն պնդումների մասին, թե Հայաստանին սեփական միջուկային զենք է պետք՝ նշելով, որ այն զսպող մեխանիզմ է հիմնականում. «Մենք միացել են բազմաթիվ պայմանագրերի, որոնք թույ չեն տալիս նման զենք ունենալ: Չեմ կարծում թե այսօր այդ ուղղությամբ պետք է մտածել, քանի որ կան ավելի հասանելի լուծումներ»:

Նույն շարքից