Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Ամեն տարի գարնանը օձերը ակտիվանում են: Շատացել են արդյո՞ք խայթոցների դեպքերն այս տարի: Ի՞նչ անել, երբ օձը խայթել է» թեմայով ասուլիսի հյուրն էր ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
Հյուրն անդրադառնալով թեմային, նախ խոսեց վիճակագրությունից և նշեց, որ որ այս տարվա ընթացքում Հանրապետությունում օձի խայթոցի դեռ 12 դեպք է գրանցվել, որը նախորդ տարիների համեմատությամբ ցածր ցուցանիշ է: Մասնագետի բնորոշմամաբ՝ դա պայմանավորված է ոչ միայն օձերի համար եղանակային ոչ նպաստավոր պայմաններով պայմանավորված նրանց նվազմամբ, այլ նաև մարդկանց գիտակցության բարձրացմամբ՝ առավել զգույշ են լինում, խուսափում են առաջինը օձին հարվածելուց:
Խոսելով օձի խայթոցի դեպքում առաջին օգնության մասին, մասնագետը նշեց. «Օձի խայթոցի դեպքում առաջին օգնության համար պետք է զոհին պառկեցնել հորիզոնական դիրքով, որից հետո արտածծել թույնը, անշարժացնել վերջույթը և հիվանդին շատ արագ հասցնել բնակավայրին ամենամոտ գտնվող բուժկետ: Հանրապետությունում օձի խայթոցի դեմ բուժումը կատարվում է պետպատվերի շրջանակներում՝ բնակչության համար անվճար»:
ՀՀ ԱՆ գլխավոր թունաբանը հայտնեց, որ հանրապետության բոլոր բուժհիմնարկները ապահովված են անհրաժեշտ քանակով հակաթույնով:
Նա ևս մեկ անգամ հորդորեց օձի խայթոցի դեպքում անհապաղ դիմել հիվանդանոց, քանի որ խայթոցի կլինիկան ժամանակի ընթացքում ավելանում է և, թույնը արյան մեջ մնալով՝ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ կյանքի համար. «Չի կարելի կտրվածք անել կամ կապել օձի կծած տեղը»:
Խոսելով ՀՀ-ում ամենաթունավոր օձերի մասին բանախոսը նշեց, որ մեր Հայաստանում ամենաթունավոր օձերն են հայկական իժն ու գյուրզան, որոնց թույնը միանգամից է ազդում: Նա նաև նշեց, որ օձերը ավելի շատ տարածված են Արմավիրի ու Արարատի մարզերում: «Առավելապես տարածված են Արարատյան դաշտում, չնայած հանդիպում են նաև Սպիտակի շրջանում: Երևան քաղաքում հաճախ հանդիպում են Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում»:
Նախորդ տարիների վիճակագրության մասին նա նշեց, որ օձի խայթոցի ամենաշատ դեպքերը եղել են 2011թ.-ին՝ միայն «Արմենիա» ՀԲԿ-ի սուր թունավորման բաժանմունքում 43 դեպք է եղել: 2013թ.-ին Հանրապետության ամբողջ տարածքում եղել է 83 դեպք, իսկ «Արմենիա» ՀԲԿ-ի սուր թունավորման բաժանմունքում՝ 34 դեպք: «Այս տարի դեռ մի դեպք ենք ունեցել մեզ մոտ»:
Բանախոսն անդրադարձավ նաև կարիճների ու մորմերի խայթոցներին ու նշեց, որ մեզ մոտ տարածվա են սև կարիճներից խայթոցի դեպքերը, որոնց դեպքում ևս շատ արագ պետք է դիմել բժշկի, իսկ մորմերի խայթոցի դեպքում անհրաժեշտ է սառը թրջոցներ դնել, տալ ցավազրկող և նորից դիմել բժշկի: