Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Ռուսաստանը զենք ու զինամթերք է մատակարարում Ադրբեջանին, բայց անհրաժեշտության դեպքում համապատասխան զենքով է ապահովում նաև Հայաստանին. Ս. Մինասյան

analitik.am

«Ռուսաստանը զենք ու զինամթերք է մատակարարում Ադրբեջանին, բայց անհրաժեշտության դեպքում համապատասխան զենքով է ապահովում նաև Հայաստանին, որը հնարավորություն է տալիս տարածաշրջանում բալանսը պահել:

 

Քաղաքականության մեջ հնարավոր է ամեն ինչ, սակայն չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմի սպառնալիք կա: Պարբերական որոշ ընդհարումներ ու երկկողմանի զոհեր կունենանք, բայց երևի թե դա այն գինն է, որը մենք Ադրբեջանի հետ միասին ստիպված ենք վճարել  լայնամասշտաբ պատերազմ չունենալու համար»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` ընդգծելով, որ Ռուսաստանին կարելի է մեղադրել ամեն ինչում, բայց ոչ պատերազմի վերսկսման ցանկության մեջ:

 

 «Պատերազմի վերսկսման պարագայում Ռուսաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել իր տնտեսական և էներգետիկ գործընկերների միջև: Արցախյան հակամարտության կարգավորումն այն եզակի հարցերից է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը կոնսենսուսային դիրքորոշում ունեն: Եթե այս համաշխարհային լարվածության մեջ փորձենք մի դրական բան գտնել, ապա դա այն է, որ այդ գործընթացներն ազդեցություն չունեցան Մինսկի խմբի դիրքորոշումների վրա: Հակամարտող կողմերը, պարզ է, որ զիջումների չեն գնալու, իսկ Մինսկի խումբն այն ֆորմատն է, որ գուցե փխրուն, բայց գոնե ինչ-որ չափով ապահովում է կայուն վիճակ»,-հավելեց բանախոսը:

 

Խոսելով Հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին` քաղաքագետը ասաց, որ այս պահին և ապագայում Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները լուրջ աղդեցություններ են ունենալու տարածաշրջանի վրա: «Մերձավոր Արևելքում` Սիրիա-Իրան-Իրաք, տեղի ունեցող իադարձությունները ևս մեզանից հեռու չեն. 20-30 տարվա այն իրավիճակը, որ կար ԱՄՆ-Իրան հարաբերություններում, վերջապես կարող է փոփոխություններ կրել, քանի որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ երկու երկրներն էլ հարաբերությունների կարգավորման ինչ-որ ուղիներ են փնտրում: Այն սանկցիաները, որ արևմտյան երկրները կիրառում են Իրանի հանդեպ, խիստ կմեղմվեն կամ ընդհանրապես կհանվեն, ինչը կարող է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական քարտեզի լուրջ փոփոխությունների հանգեցնել և դրա արդյունքում Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններն ավելի կզարգանան, և Հայաստանին ավելի հեշտ կլինի ԱՄՆ-ին բացատրել այդ ֆորմալ հարաբերությունները»:

 

 Բանախոսը նշեց, որ թեև Իրանը իսլամական հզոր պետություն է, բայց միշտ պրագմատիկ քաղաքականություն է վարել Արցախի հարցում: Այս պարագայում Իրանի դերակատարությունը կարող է ավելի մեծանալ»:

 

Բանախոսը անդրադառնալով ռուս լրագրող Կիսելյովի Հայաստան այցին և նրա հայտարարություններին, նշեց, որ ընդդիմադիր կողմը, որը Արևմուտքի կողմնակից է հայ-ռուսական  բարեկամական խորհրդարանական ակումբի հինգերորդ նիստի ժամանակ Կիսելյովի արած հայտարարությունը ավելի են սրում. «Պետք է խոստովանել, որ քանի դեռ Ռուսաստանը մնում է Հայաստանի միակ ռազմական դաշնակիցը, նաև իր շահերից ելնելով,  Հայստանին մեծ քանակությամբ զենք է տրամադրում, և երևի ռուս լրագրողի հայտարարությունը այն գինն է, որը որ Հայաստանը պետք է վճարի դրա դիմաց»: 

Նույն շարքից