«Ռուսաստան-Վրաստան-Աբխազիա–Հայաստան երկաթգիծը երկու գերտերությունների՝ Իրանի և Ռուսաստանի համար ռազմավարական ճանապարհ է հանդիսանում»-, այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
«Աբխազիա–Հայաստան երկաթգծի վերագործարկումը Ռուսաստանի և Իրանի կողմից ճնշում բանեցնելու դեպքում օրերի հարց է, Ռուսաստանին հարկավոր է Պարսկաստանի հետ ուղիղ ցամաքային կապ՝ Հայաստանի տարածքով: Այս երկաթգծի բացումը օրերի հարց է, Հայաստանից Ռուսաստան ապրանքաշրջանառությունը երկաթգծով այնքան էլ մեծ չէ: Ռուսաստանին ու Իրանին հարկավոր է հստակ աշխատող երկաթգիծ , որով հնարավոր կլինի կարճ ժամանակահատվածում զրահատեխնիկա տեղափոխել»:
Խոսելով տարածաշրջանում Վրաստանի ունեցած դերի ու նշանակության մասին, բանախոսը նշեց. «Վրաստանը տարածաշրջանում մնացել է մենակ, քանի որ Ադրբեջանն այնքան էլ վստահելի գործընկեր չէ նրա համար: Թբիլիսիում վերջերս տեղի ունեցած կենցաղային հողի վրա տեղի ունեցած վրաց-ադրբեջանական բախումները ցույց են տալիս, որ Վրաստանը չի կարող ապավինել Ադրբեջանին: Վաղ թե ուշ Վրաստանում գազի հարցի խնդիր կառաջանա, իսկ մեր տարածաշրջանում գազի մատակարարման գլխավոր մատակարարները պարզ է թե ովքեր են»:
Խոսելով Ռուսասատնի ու Իրանի համար Ադրբեջանի ունեցած նշանակության մասին, բանախոսը նշեց. «Ռուսների ու իրանցիների համար ադրբեջանցիների գինը արդեն սահամնված է, և որոշ հայերի տարածած այն հայտարարությունները, թե իբր Ադրբեջանը Ռուսաստանի համար ավելի մեծ դեր ու կարևորություն ունի, քան Հայաստանը, ուղղակի ապատեղեկատվություն է: Այժմ Ադրբեջանը մնացել է Իրանի և Ռուսաստանի արանքում և չգիտի՝ ինչպես վարվել»:
Բանախոսը նշեց, որ Ադրբեջանում այժմ բնակվում է Հայաստանի բնակչությունից երկու անգամ ավելի բնակչություն, որը չքավոր է, իսկ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները ավելի շատ են, քան Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիները:
Բանախոսի խոսքով՝ այժմ մեծ տերությունները խոշոր պատերազմի են պատրաստվում: Պարսկաստանն ու Ռուսաստանը այսօր փորձում են համարյա բոլոր հարցերում ճնշել Թուրքիային, օրինակ՝ սիրիական, քրդական, ավղանական, կովկասյան, իրաքյան հարցերում երկու գերտերությունները համակարծիք են և դեմ են Թուրքիային: