«Հայաստանում պլաստիկ վիրաբուժության պահանջարկը տարեցտարի մեծանում է»,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:
«Այս մասնագիտությունը բավականին երիտասարդ է: Դրա հաջողությունը կապված է նոր եղանակների, տեխնոլոգիաների ներդրման հետ: Մասնագիտությունը զարգանում է շատ արագ, մենք աշխատում ենք Հայաստան բերել միայն որակյալ տեխնոլոգիաներ: Այժմ շատ կասկածելի ու վնասակար մեթոդներ կան, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում, և մենք պայքարում ենք դրանց դեմ, որպեսզի դրանք Հայաստան չներթափանցեն»,-հավելեց նա:
Բանախոսը տեղեկացրեց, որ Հայաստանում իրականացվող պլաստիկ վիրահատությունների շրջանում առաջին հորիզանականում է քթի վիրահատությունը. «Դիմում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ, բայց սովորաբար կանայք ավելի շատ են դիմում: Բարձր տարիքային խմբերում տարիքային փոփոխության պատճառով առաջացած խնդիրները շտկելու համար են դիմում: Վիրահատությունների արժեքները տարբեր են լինում՝ կախված այն բանից, թե որ կլինիկայում է վիրահատությունը կատարվում: Օրինակ՝ քթի վիրահատության արժեքը մոտավորապես 350-650.000 դրամ է լինում, կրծքագեղձինը ավելի թանկ, քանի որ միայն մեկ զույգ իմպլանտներն արժեն մոտավորապես 1000 եվրո: Սրան գումարած բժշկական մյու բոլոր ծախսերը, հատուկ կորսետները և այլն: Հայաստանում տարեկան իրականացվում է մոտավորապես միջին հաշվով 10.000 պլաստիկ վիրահատություն»:
Հարցին՝ Հայսատանի պլաստիկ վիրաբույժները տարածաշրջանում արդյոք առաջատար դիրքերում են, Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր բժիշկները սիրում են սովորել, նորություններ ներդնել, կիրառել դրանք իրենց պրակտիկայում և կարող եմ ասել, որ տարածաշրջանում մենք առաջին հորիզոնականներում ենք»:
Բժիշկի խոսքով՝ այլ երկրներից նույնպես պլաստիկ վիրաբուժության հարցով դիմող հաճախորդներ են լինում, հիմնականում՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ռուսաստանից, քանի որ Հայաստանում պլաստիկ վիրահատության արժեքը և որակը շատ հարմար են. «Պլաստիկ վիրահատույունը այն ոլորտն է, որտեղ ցուցումները միշտ պետք է ճիշտ գնահատվեն, որի արդյունքում որ արվում է վիրահատությունը: Վիրահատությունից առաջ հաճախորդներին ու բժիշկներին միշտ խորհուրդ է տրվում չգերագնահատել տրված ցուցումները, չշրջանցել դրված օրենքները, որպեսզի հտվիրահատական բարդություններ չառաջանան: Կարող են լինել հետվիրահատական սպեցիֆիկ՝ հոդերի ասիմետրիա, հետվիրահատական խնդիրներ և այլն և ոչ սպեցիֆիկ խնդիրներ՝ ալերգիա և այլն»:
Հարցին՝ արդյոք հաճախ են արձանագրվում հետվիրահատական բարդություններ, և արդյոք մահացության դեպքեր լինում են, բանախոսը պատասխանեց. «Հետվիրահատական բարդություններ եղել են, սակայն մահացության դեպք վերջին տարիներին չի եղել»:
Լրագրողի այն հարցին՝ արդյոք սիլիկոնը կարող է դառնալ քաղցկեղի պատճառ, բժիշկը պատասխանեց. «Սիլիկոնը նոր հիվանդության առաջացման պատճառ չի կարող լինել, այդ արդեն ապացուցված է և դրա ճշմարտացիության վերաբերյալ որևիցե կասկած չի կարղ լինել»:
Բանախոսը նաև նշեց, որ Հայաստանում երիտասարդները հետաքրքրված են պլաստիկ վիրահատությամբ և այդ մասնագիտությամբ դիմողները բավականին շատ են: