Այսօր «Անալիտիկ» կենտրոնի հյուրն էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) իրավաբան Գևորգ Հայրապետյանը:
Խոսելով վերջին 4 ամիսներին ԻԱԿ-ի «Սև ցուցակի» տվյալների մասին, թե ո՞ր քաղաքական գործիչներն ու մարմիններն են հայտնվել այդ ցուցակում և ի՞նչ բողոքներ է ստացել կենտրոնը լրատվամիջոցներից, ասաց. «Անցած տարվանից սկսած ներառում ենք այն տեղեկություն տնօրինողներին, որոնք անհիմն մերժում են պատասխանները, տեղեկատվության ժամկետները խախտում են, կամ անպատասխան են թողնում: Այս եռամսյակում «Սև ցուցակում» են հայտնվել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մեր ուղարկած հարցին պատասխանել է երկու ամիս ութ օր ուշացումով և Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ով տասնհինգ օր անց է պատասխանել: Եթե որևէ պաշտոնյա հայտնվում է մեկ անգամ սև ցուցակում, ապա հիմնականում երկրորդ անգամ չի հայտնվում: Պաշտոնյաների 48 տոկոսը լիարժեք է պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին, անհիմն պատասխանել է 11 տոկոսը, անհիմն մերժել է երկու տոկոսը, լուռ մերժել է 19 տոկոսը, թերի պատասխանել է 3 տոկոսը, իսկ 16 տոկոսը ոչ լիարժեք և ուշացած է պատասխանել:
«Սև ցուցակում» հայտնված մնացած մարմինները հիմնականում համալսարաններ են, որոնք անպատասխան են թողել մեր հարցումը:
Օրինակ՝ ՀՊՏՀ-ից 1990 և 1991 թվականների շրջանավարտների ցանկն էինք ուզել, նրանք մեզ պատասխանել էին, որ չեն կարող տեղեկատվություն տրամադրել, քանի որ անհայտ է արդյոք ֆիզիկական անձ է ուզում այդ տեղեկատվությունը, թե քաղաքացի: Այնուհետև ԲՈՒՀ-ին ընդառաջ մեկ քայլ էլ արեցինք, գրությամբ ԲՈՒՀ-ին դիմեցին, ասացինք, որ ուզում ենք տեղում ծանոթանալ, սակայն բանավոր մերժում ստացանք, ասացին, որ նպատակահարմար չեն գտնում և աշխատող չկա, որ արխիվ մտնի մեզ հետ»:
«2014թ.-ի ապրիլի 3-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան` խնդրելով տեղեկություններ համալսարանի դասախոսական կազմի վերաբերյալ: Համալսարանն ԻԱԿ-ի հարցմանը 10.06.2014թ.-ին պատասխանել է, այն բանից հետո, երբ ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու և տեղեկությունը չտրամադրելու համար հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ համալսարանի: Այս պատասխանն ԻԱԿ-ը հավասարեցնում է լուռ մերժման՝ հաշվի առնելով միայն դատարան դիմելուց հետո հարցմանը պատասխանելու փաստը, ուստի Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորը չի ներառվում տեղեկություն ստանալու ժամկետներն էականորեն խախտած պաշտոնյաների ցուցակում»,- ասաց նա:
Գևորգ Հայրապետյանը հայտնեց, որ «սև ցուցակում» հայտնվել են նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան, Երևանի «Մեսրոպ Մաշտոցի անվան» համալսարանի ռեկտոր Զավեն Սարգսյանը, «Գալիք» համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հենրիկ Սարգսյանը, որոնք ևս ԻԱԿ-ի հարցմանը չեն պատասխանել: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը ևս հայտնվել է «սև ցուցակում»՝ այս դեպքում անհիմն պատասխան տրամադրելու պատճառով:
Բանախոսը նաև նշեց, որ լրատվամիջոցները տեղեկություն տնօրինող չեն և չեն կարող օրենքի շրջանակների մեջ մտցնել:
Նա նաև նշեց, որ Էլեկտրոնային հարցումների պատասխանների համար միասնական ընթացակարգ գոյություն չունի և այստեղ նույնպես կան բազում խնդիրներ: