Մամուլի ակումբ 

Մարզերում խուլ երեխաների համար նախատեսված կրթահամալիրներ չկան. ոլորտի պատասխանատու

analitik.am

Լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցը տարեցտարի նոր հաջողություններ է գրանցում: Այն աշխատում է գիշերօթիկ ռեժիմով՝ քնելու տեղ և չորսանգամյա սնունդ ապահովվելով հեռավոր շրջաններից, Ջավախքից և Արցախից եկած երեխաներին: Analitik ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ավետիսյանը:

 

«Մեր կրթահամալիր երեխաներն ընդունվում են հինգ տարեկանից, ուր միջնակարգ կրթություն ստանալուն զուգահեռ սովորում են բազմաթիվ մասնագիտություններ՝ վարսահարդարում, կոշկագործություն, մատնահարդարում, կարուձև և այլն: Ասեմ ավելին. կրթահամալիրի՝ անցած տարվա շրջանավարտներից երեքն ընդունվել են բուհեր՝ Խ. Աբովյանի անան հայկական պետական մանկավարժական համալսարան և Գեղեցիկ արվեստների ակադեմիա: Պետք է , սակայն, նշել, որ երեխաներն ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հիմնականում հեռակա բաժիններ, քանի որ հատուկ թարգմանիչներ ընդունելության կենտրոնացված քննությունների ժամանակ չեն տրամադրվում»,- ասաց Աշոտ Ավետիսյանը՝ հավելելով, որ մարզերում խուլ երեխաների համար նախատեսված կրթահամալիրներ չկան, իսկ իրենց կրթահամալիրում սովորում է 133 երեխա:

 

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահը նշեց նաև, որ Հայաստանում լսողության խնդիրներ ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է հանրակրթական դպրոցներում կիրառվող դասագրքերով: Նրանց համար առանձին դասագրքեր դեռևս չեն տպագրվում:  «Կրթահամալիրից ներառական դպրոցներ ուղարկված մի քանի երեխաներ այնուամենայնիվ հետ են վերադարձել մեզ մոտ, քանի որ ծնողները պատմել են, որ իրենց երեխաները բավական «հետ են գնացել»: Միաժամանակ, ուզում եմ շեշտել, որ մենք մասնագետների պակաս չունենք, քանի որ 1997 թվականից Մանկավարժական համալսարանում բացված սուրդոմանկավարժության բաժինը տարեկան նվազագույնը 20 շրջանավարտ է տալիս»,- ասաց Աշոտ Ավետիսյանը՝ հավելելով, որ  կրթահամալիրում ուսուցումն անվճար է, սակայն բուհեր ընդունված երեխաները սովորում են վճարովի, որոշ դեպքերում՝ զեղչային հիմունքներով:

 

Ամփոփելով՝  ոլորտի ներկայացուցիչն ընդգծեց, որ լսողության խանգարումներ ունեցող երեխաները հասարակության լիարժեք անդամ զգալու խնդիր չունեն: 

Նույն շարքից