«12-ամյա պարտադիր կրթության նպատակը, ըստ օրենքի նախագծի հիմնավորման, մինչև 18 տարեկան բոլոր երիտասարդներին միջնակարգ կրթությամբ ապահովելն է, որով կապահովվի նաև շրջանավարտների մասնագիտական ընտրության հարցը»,-այս մասին այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:
«Պետք է յուրաքանչյուր դպրոցական մտածի իր ապագա մասնագիտական ընտրության մասին, և նրանց ծնողներն էլ հասկանան ու քիչ խառնվեն երեխայի մասնագիտական ընտրության հարցին, քանի որ այսօր շուկան է թելադրում մասնագիտության ընտրությունը: Եվ կյանքը ցույց է տալիս, որ այդ իներցիան պետք է կոտրել: Այսինքն՝ 12- ամյա կրթության կարևոր խնդիրն այն է, որպեսզի դպրոցում երեխային մասնագիտական կողմնորոշման ճիշտ ուղղություն տրվի: Այսօր Տավուշի մարզը առաջին մարզն է, որ չորս տարի է համընդհանուր ներառական կրթություն է իրականցնում: Իմ ուսումնասիրությունը Տավուշում ցույց է տալիս, որ շատ քիչ դպրոցների շրջանավարտներ են համապատասխան կադրերն ապահովում»:
Բանախոսը շեշտեց, որ այսօր դպրոցի տնօրեններն ում ասես աշխատանքի են ընդունում և այդ «ուսուցիչները» դպրոցում կրթությունը ճիշտ չեն կարողանում իրականացնել. «Հուսամ՝ տասներկու ամյա կրթությունը ինչ-որ հարցեր կլուծի, չնայած որ, մեր երկրում ամենալավ գաղափարն էլ է փչանում, ցավոք: Նախագծի հիմնավորումներից մեկն այն է, որպեսզի տասներկու ամյա կրթությունն իրապես իր նպատակին ծառայի, և մենք պետք է հետևենք բոլոր կարգերին, որոնք ընդունվել են կառավարության կողմից»:
Խոսելով ավագ դպրոցի համակարգի ստեղծման ծրագրի մասին, Բախշյանը նշեց. « Շատ լավ ծրագիր էր, որն երկու հազար ութ թվականին էր ընդունվել, սակայն այսօր չեմ տեսնում մի դպրոց, որ ուսուցումը ճիշտ կազմակերպի: Հարկավոր են դպրոցներում ունենալ ճիշտ մասնագետներ, ովքեր ճիշտ կկազմակերպեն դպրոցում կրթությունը: Այս կրթությունը, ցավոք սրտի, չի տարածվում, քանի որ ինտուիցիայով ով ինչպես կարող է իրականացնում է այս կրթությունը: Պետությունը չի տալիս մեխանիզմը, թե ինչպես պետք է իրականացնել այդ կրթությունը»:
Կրթության նախարարաությունը որպես պատասխանատու, պետք է Կրթության ազգային ինստիտուտից պահանջի մասնագիտական ճիշտ կողմնորոշման մասին ճիշտ մեխանիզմ մշակի: Երեխան պետք է ինքն իրեն ճանաչելով մեծանա, և դա պետք է անի կրթությունը՝ սկսած մանկապարտեզից»:
Անահիտ Բախշյանը նաև նշեց, որ տասնութ տարեկանը լրացած բոլոր պատանիները պետք է ծառայեն, այնուհետև սովորեն ԲՈՒՀ-ում. «Առաջին հիմնավորումն այն է, որ մագիստրատուրայից ասպիրանտուրա գնացողների հինականան մասը տղաներն են, սա տգեղ ու անազնիվ երևույթ է: Ամեն գնով տղան գնում է ասպիրանտուրա, որպեսզի բանակից խուսափի և այսպիսով՝ հարվածում մեր երկրի անվտանգությունը»: