Մամուլի ակումբ 

«Բժիշկների չգիտակցված դերը հասարակության մեջ»

analitik.am

Հոկտեմբերի 4-ին  «Անալիտիկ» վերլուծական կենտրոնում տեղի ունեցավ քննարկում  «Բժիշկների չգիտակցված դերը հասարակության մեջ. ԶԼՄ-ների հետ համագործակցության բացերը և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը» թեմայով: «Անալիտիկ» վերլուծական կենտրոնը հանդես եկավ նախաձեռնությամբ, համաձայն որի` կարևորելով   բժշկի դերը հասարակության մեջ և առողջապահության ոլորտում գոյություն ունեցող օրենսդրական բացերը, և, չխախտելով ազատ խոսքի ու մամուլի ազատությունը, արգելել ԶԼՄ-ներին՝ զուտ բժիշկների մասով հոդվածների ու նյութերի հրապարակումը, քանի դեռ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով չի ապացուցվել բժշկի մեղքը որևէ դեպքի կապակցությամբ: «Թեման շատ արդիական  է և կարևոր, որովհետև անդրադառնում  է հասարակության այսպես ասած «գանձերին»,- իր բացման  խոսքում նշեց «Անալիտիկ» վերլուծական կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանը:

Ներկայացնելով նախաձեռնությունը՝ «Անալիտիկ» վերլուծական կենտրոնի առողջապահության ոլորտի վերլուծությունների պատասխանատու Մերի Կատվալյանը նշեց, որ հասարակության մեջ բժշկի դերի չգիտակցված լինելը բերում է բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում վստահության կորստի, որն ամենակարևոր պայմաններից մեկն է բուժօգնության մատուցման մեջ, իսկ դրանում մեծ դերակատարում ունեն նաև ԶԼՄ-ները, քանի որ  շատ հաճախ մենք ԶԼՄ-ներում ունենում ենք որևէ դեպքի կապակցությամբ բժշկի մեղավորությունը միանշանակ ապացուցող հոդվածներ դեռ դատաբժշկական փորձաքննության արդյունքները չհրապարակված:

Բժիշկ-արյունաբան Գևորգ Թամամյանը, դրական գնահատելով նախաձեռնությունը, նշեց, որ շատ հաճախ  խոսքի և մամուլի ազատությունը խաչվում է անձի մեկ այլ կարևոր իրավունքի՝ անմեղության կանխավարկածի հետ:

Բժիշկ-ուռուցքաբան, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դասախոս Դավիթ Զոհրաբյանը ավելացրեց, որ ոչ միայն բժշկի, այլ նաև բուժհաստատության անունը ԶԼՄ-ներում պետք է շոշափվի միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքներով բժշկի մեղքը ապացուցվելուց հետո, որովհետև որքան մեծանում է անդունդը հասարակության և բժշկի միջև, այնքան դա բացասաբար է անդրադառնում երկրում առողջապահության որակի բարելավման վրա:

Քննարկման մասնակիցները հատկապես կարևորեցին բժշկական սխալի հստակ սահմանումն ու տարանջատումը և այդ խնդրի  լուծման  հնարավոր ուղիների մշակումը՝ հաշվի առնելով միջազգային փորձը:

ԱԺ  «Առողջապահության, մոր և մանկան հարցերի հանձնաժողով»-ի փորձագետ Մարինա Նալբանդյանը խիստ կարևորեց այն հանգամանքը, որ եթե նույնիսկ բժշկական սխալ է տեղի ունենում, ապա դա պետք է քննվի միայն այն մարդկանց կողմից, ովքեր կոմպետենտ են այդ հարցում: Անդրադառնալով նախագծին՝ փորձագետը մտավախություն հայտնեց, որ օրենքի նախագիծը կարող է հանդիպել ԶԼՄ-ների դիմադրությանը,այդ պատճառով էլ պետք է ունենա լուրջ հիմնավորում և ուսումնասիրվի նաև այդ ոլորտում միջազգային փորձը:

Doctos.am և Med-practic.com կայքերի  ներկայացուցիչները, խիստ կարևորելով խնդիրը, ճիշտ համարեցին յուրաքանչյուր լրատվական կայքում առողջապահական, բժշկական հոդվածների  պատրաստմամբ ոլորտին տեղյակ և բժշկությանը մոտ կանգնած մարդիկ զբաղվեն,  որովհետև շատ հաճախ հրապարակված հոդվածները, պարունակում են չճշտված  և երբեմն  բացարձակ սխալ ինֆորմացիա: ԶԼՄ-ներից ներկայացված էին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը և  «Ազգ» օրաթերթը, ովքեր էլ ասացին, որ առողջապահությանը և բժշկությանը վերաբերող ցանկացած նյութ հրապարակելուց առաջ իրենց լրատվամիջոցները անպայմանորեն ճշտում են ինֆորմացիայի հավաստիությունը:

Ամփոփելով՝ «Անալիտիկ» վերլուծական կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանն ասաց. «Խնդրի կարևորությունը հաշվի առնելով՝ մեր կենտրոնը հետևողական կլինի որ  համապատասխան ոլորտների ներկայացուցիչների ներգրավմամբ քննարկումների արդյունքում ստեղծված օրենսդրական փոփոխության նախագիծը կամ ընդունվի, կամ էլ մերժման դեպքում՝ մերժման պատճառները հիմնավորվեն իրավասու ատյանների կողմից»:

analitik.am


Նույն շարքից