Մամուլի ակումբ 

«Եվրամիություն թե Եվրազես. հասարակական կարծիք»

analitik.am

«Եվրոպան ինքը չի ցանկանա Հայաստանին իր ձեռքից բաց թողնել»,- այսօր «Անալիտիկ» ակումբում Մաքսային միություն մտնելու հետ կապված այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Սուրեն Գեւորգյանը: Aravot.am-ի հարցին՝ ո՞րն է Եվրոպայի շահը ՀՀ-ից, որ չի ուզում ձեռքից բաց թողնել՝ նա պատասխանեց. «Որոշակի աշխարհաքաղաքական շատ լուրջ շահ է: Նման դեպքում սա ասիական երկրների մեջ մի կաթիլ է, որը քրիստոնեական երկիր է»: Նա վստահեցրեց, որ այն տրամադրությունները, թե այս կամ այն միություն մտնելու դեպքում կախվածության մեջ ես ընկնելու՝ կեղծ են. «Սովետական միությունը չի, որ կախվածության մեջ ես մտնում: Նույն ԵՄ-ն տնտեսական ազատ հարաբերություններ հաստատելու նպատակ ունի»: Հարցին՝ Դուք բացառո՞ւմ եք, որ Հայաստանը համագործակցի ե՛ւ ԵՄ-ի, ե՛ւ Մաքսային միության հետ՝ նա պատասխանեց. «Միանշանակ չեմ կարող ասել: Ասոցացում կլինի, թե ինչ տեքստով՝ ես չեմ կարող ասել, բայց որոշակի գործընթաց կլինի»: Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր Աշոտ Ծորմուտյանի դիտարկմամբ՝ «Մեզ համար այնքան էլ վատ որոշում չէ ՄՄ մտնելը: Տնտեսական միավորներ են դրանք: Շատ խորը վերլուծության պետք է ենթարկել, որպեսզի գնահատել, թե որն է ավելի արդյունավետ: Չենք կարող հստակ ասել՝ Եվրասիական միություն, թե՞ ՄՄ»: «Եվրազիական ինտեգրացիա» հ/կ ղեկավար Բաբկեն Հարությունյանի խոսքերով՝ «Եկեք չմոռանանք, որ ՀՀ-ն ռազմավարական դաշնակիցն է ՌԴ-ի հետ, ռուս զինվորն է կանգնած ՀՀ սահմաններին: Չմոռանանք, որ ավելի քան 2.5 մլն հայեր ապրում են ՌԴ-ում, գնում են այնտեղ աշխատանքի, Հայաստանը ՌԴ-ից արտոնյալ գնով զենք է գնում, որը տրված չէ մեր թշնամի Ադրբեջանին»: Բաբկեն Հարությունյանը գտնում է, որ եվրոպական քաղաքակրթական որակները երկակի կարելի է համարել. «Այնտեղ մարդը դառնում է 18 տարեկան, նոր որոշում, թե ինչ սեռի է պատկանում: Մեզ ոչ ոք չի խանգարում Եվրասիական միության հետ համագործակցելով՝ ավելի ժողովրդավար պետություն ունենալ»: Երիտասարդական խորհրդարանի անդամ Սուրեն Վարեսյանի կարծիքով, քանի որ պատերազմական երկիր ենք, ռազմական շահերը պետք է կարեւորեինք եւ այսպես թե այնպես պետք է բռնեինք ՌԴ-ի կողմը. «Ավելի լավ է ոչ բուն ռազմական գործողությունների ժամանակ մեր երկրի տնտեսությունը տուժի՝ ՄՄ-ին անդամակցելով: Մենք երաշխիքներ Եվրոպայից չէինք ունենալու՝ Արցախի անվտանգությունն ապահովելու համար: Եթե բռնեինք Եվրոպայի կողմը, ստիպված էինք լինելու զուտ հայկական միջոցներով մարտնչել Ադրբեջանի դեմ»: Երիտասարդական խորհրդարանի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Հովհաննիսյանն էլ ասաց, որ «Ոչ թե ռուս զինվորն է կանգնած ՀՀ սահմանին, այլ՝ հայ զինվորը: Ո՞նց կարելի է կուրորեն ընտրել մի միությանն անդամակցելու հարցը: Դա մեզ համար դեռ չկտրած ձմերուկ է: ԵՄ-ն էլ սխալ ուներ, նայում է Հայաստանին՝ տարածաշրջանային տեսանկյունից: Եվրոպայում էլ կաշառակերություն կա, վերցնենք Հունգարիայի օրինակը՝ Սաֆարովի հարցում»: Երիտխորհրդարանի անդամ Հայկ Կոջոյանի գնահատմամբ՝ եթե գնում ես խանութ հաց առնելու, պետք է իմանաս ինչ տիպի հացեր կան, առաջարկին տիրապետես, ըստ այդմ կատարես քո ընտրությունը. «Մենք բնականաբար ՌԴ-ի հետ պետք է կառուցենք լուրջ ռազմավարական դաշինք: Երբ մենք գերարժեւորում ենք ՌԴ-ի դերը, եկեք չմոռանանք, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում՝ ե՛ւ իր ռազմավարական գործընկերոջը, ե՛ւ իր ռազմավարական գործընկերոջ թշնամուն: Այնպես որ, այդ երկակի ստանդարտները ՌԴ-ն էլ է իրականացնում, ոչ միայն Եվրոպան»: Բաբկեն Հարությունյանը նաեւ նշեց, որ երբ քաղաքական էլիտան՝ Շավարշ Քոչարյանը, Տիգրան Սարգսյանը պնդում էին, որ մեր ուղղությունը դեպի ԵՄ է, դա քաղաքական տրյուկ էր. «Այդ 4 տարվա բանակցություններ կոչված շոուի արդյունքում Հայաստանը կարողացավ մի քանի միլիարդ դոլարի վարկ բերել»: 

Նույն շարքից