Մամուլի ակումբ 

<>

analitik.am

Վերջին տարիներին հոգեկան առողջության խնդիրների տարածվածությունը հասել է ահազանգող չափերի։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը և, ցանկանալով բարձրացնել հասարակության իրազեկվածությունն այս երևույթի վերաբերյալ, նոյեմբերի 8-ին «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում վեր հանվեցին այս ոլորտում առկա խնդիրներն ու առաջարկվեցին համապատասխան լուծումներ: Այն հարցին, թե արդյոք Հայսատանում հոգեկան շեղումները, հոգեկան հիվանդություններն ավելի շատ դրսևորվում են երիտասարդների մոտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սթրես պլյուս» կենտրոնի ղեկավար, հոգեբույժ Սամվել Սուքիասյանն ասաց, որ բացի շիզոֆրենիայից, որն առաջանում է հիմնականում 15-20 տարեկանում և բացառությամբ ծերունական հիվանդությունների, հոգեկան շեղումներն առաջանում են սկսած պատանեկան շրջանից և ավելի վաղ հասակում: Հոգեկան շեղումները, հոգեկան անառողջությունը առաջանում է տարբեր պատճառներով, կապված մարդու արժեհամակարգի, սոցիալ-տնտեսական վիճակի և այլնի հետ: «Հոգեկան խանգարում» հասկացությունը միատարր երևույթ չէ, միայն սահմանային հոգեկան խանգարումներով տառապող հիվանդների քանակը 20 տոկոսից ավել է: Հայաստանում մենք ունենք բավականին մեծ թվով հոգեկան շեղումներով տառապող մարդիկ: Ցանկացած հասարակություն զարգանալու պոտենցիալ ունի միայն այն դեպքում, եթե հասարակությունը ունի ոսկե միջին, ինչը նշանակում է, որ հասարակությունը կարող է ապահովել կայունություն: Մեր պրոբլեմն այն է, որ մենք ոսկե միջին չունենք»: 
Հարցին, արդյո՞ք մեր հասարակությունը խուսափում է հոգեբանների խորհրդատվությունից՝ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վարուժան Մելքոնյանը պատասխանեց. «Դանդաղ է ձևավորվում հոգեբանի հետ աշխատելու կուլտուրան, տարեց տարի ավելի թեթև են նայում այս խնդրին և կգա ժամանակ, և նրանք կհպարտանան, որ դիմել են հոգեբանի»: Խոսելով երիտասարդ հոգեբաններին աշխատանքով ապահովելու մասին՝ Վարուժան Մելքոնյանն ավելացրեց, որ համապատասխան մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտը պետք է անցնի երկար ճանապարհ և ապա անցնի պրակտիկ աշխատանքի:
ՀՀ հոգեբույժների ասոցիացիայի նախագահ, ՀՀ Առողջապահության նախարարության «Հոգեբուժական կենտրոնի» ՓԲԻ-ի տնօրենի տեղակալ Արմեն Սողոյանի կարծիքով ՀՀ-ում հոգեբուժության ոլորտը կարգավորված չէ, և այդ պատճառով էլ մեր հասարակությունը խուսափում է հոգեբանի դիմել: Այսօր ցանկացած մեկը որոշում է, որ ինքը հոգեբան է և անցնում աշխատանքի: 
«Երկուսով» հոգեբանական մասնագիտական կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանի կարծիքով Հայաստանում սխալ, տգետ մոտեցում կա հասարակության մեջ, այդ իսկ պատճառով էլ մեր հասարակությունը խուսափում է հոգեբանների հետ շփումից, նրանց դիմելուց: Լուծման ճանապարհները տարբեր են հոգեկան առողջության ոլորտում: Եթե կան հոգեբանական շեղումներ կամ խանգարումներ, պետք է աշխատել դրանք վերացնելու ուղղությամբ, այլ ոչ թե ասել, թե չկան մասնագետներ: 
Հոգեբուժական բժշկական կենտրոնի Նորքի կլինիկայի հոգեբուժական բաժանմունքի վարիչ Արմեն Հակոբյանը նունպես այն կարծիքին է, որ մեր հասարակությունը պատրաստ չէ դիմել հոգեբաններին, քանի որ մենք չունենք այդ մշակույթը: «Պետք է նաև հասարակության մեջ ձևավորվի վստահություն հոգեբանների հանդեպ, դիմելիության մեջ ստիգման մեծ դեր ունի: Սակայն մենք ունենք խնդիր, քանի որ մեր հասարակությունը հիվանդ է, ապա այսօր մեր ազգը հոգեկան ու ֆիզիկական առողջացման կարիք ունի»: 
Ուրարտու համալսարանի դասախոս, հոգեբան Աննա Ղարիբյանը ասաց, որ ՀՀ-ում կա հոգեբանների նկատմամբ անվստահություն. սերունդների պայքար կա, քանի որ հասարակությունը երիտասարդ մասնագետի նկատմամբ անվստահություն ունի: Սակայն նոր միտքր, թարմ միտքը միշտ էլ անհրաժեշտ է, որն էլ պետք է լինի գիտական աշխատանքով հիմնավորված: 
Հոգեբան Ինգա Մուկուչյանն առաջարկեց մշակել հոգեբանների էթիկայի հայեցակարգ, քանի որ դրանով կարելի է կարգավորել հոգեբանների աշխատանքն ու դրանով իսկ հոգեբանների նկատմամբ վստահություն առաջացնել հասարակության մեջ: Դրան ի պատասխան Սողոյանը ասաց, որ էթիկայի կոդեքսը Հայաստանում չի գործի, քանի որ էթիկայի կոդեքսին հետևողը միշտ հետ է ընկնելու իր մրցակիցներից: Սողոյանն օրինակ բերեց այսօրվա հայաստանյան ԶԼՄ-ները, որոնք ամեն ինչ անում են՝ իրենց հեղինակությունը բարձրացնելու համար: Իսկ Սուքիասյանի կարծիքով հայը միֆով ապրող ժողովուրդ է, դրա համար էլ Հայաստանում ոչ մի էթիկա չի կարող գործել: Էթիկան շատ լավ է, բայց գրագետ, կիրթ մարդու համար, իսկ մեր հասարակությունը չի կարողանա գրագիտանալ, քանի որ արդեն իսկ լավ մշակված կրթական համակարգ չունենք: Նրա խոսքով՝ Հայաստանում հաց թխողը կոշիկ է սարքում, բժշկությամբ է զբաղվում. հիմնականում բոլորը զբաղվում են ոչ իրենց մասնագիտական գործով:

Նույն շարքից