«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Հարցազրույց 

Հարցազրույց Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի հետ

analitik.am

Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն քաղաքապետ» կատեգորիայում


Քվեարկել այստեղ


Ինչպե՞ս եք գնահատում 2013թ.-ին ՀՀ ՏԻՄ գործունեությունը. նշեք բացթողումներն ու առավելությունները:


-2013 թվականը տեղական ինքնակառավարման մարմինների համար բավականին դժվարին տարի էր`տեղական բյուջեների մուտքերի հավաքագրման և նախատեսված ծրագրերի կատարման առումով: Այնուհանդերձ Աբովյանում արվել է հնարավորինս առավելագույնը, որպեսզի համայնքային ենթակայության ինը մանկապարտեզները, երաժշտական, գեղարվեստի, սպորտի, շախմատի դպրոցներն ու Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնն աշխատեն բնականոն և ժամանակին ու ամբողջ ծավալով կատարվի աղբահանությունը, բարեկարգվեն փողոցները: Տեղական ինքնակառավարման մարմինների համար գլխավոր խնդիրը միշտ էլ անհրաժեշտ միջոցների սղությունն է:


Ինչպե՞ս եք գնահատում ավագանու ինստիտուտի գործունեությունը, արդյոք հասարակությունն ակտիվորեն մասնակցում է համայնքի կառավարմանը, եթե ոչ, ապա ինչու՞:


-Ավագանու ինստիտուտը տեղական ինքնակառավարման կարևորագույն բաղկացուցիչն է, թե որքանով է նրա գործունեությունը տեսանելի և արդյունավետ, կապված է բազում հանգամանքներից և մասնավորապես ժողովրդի վստահությունը ստացած անդամների անձնական և հասարակական որակներից: Մեր հանրապետությունում կան համայնքներ, որտեղ այդ ինստիտուտը կայացել է, սակայն ընդհանուր առմամբ դեռ կան խնդիրներ: Հասարակության առումով մեր կողմից բոլոր պայմանները ստեղծվել են և հիմա վստահաբար կարելի է ասել, եթե քո համայնքի բնակիչն իրեն հուզող խնդրի, առաջարկի դեպքում անմիջապես դիմում է քաղաքապետարան, իսկ մյուս կողմից կա արձագանք և պատրաստակամություն, ուրեմն կարելի է ասել հասարակությունն ակտիվորեն մասնակցում է համայնքի կառավարմանը, բացի այդ այսօր հասարակությանը համայնքի կառավարմանը մասնակից դարձնելու համար կատարվել է կարևոր քայլ: Խոսքը վերաբերում է հանրային լսումներին, որն այս պահին իրականցավում է 2014թ. բյուջեի նախագծի շուրջ: Աբովյանում ավագունու ինստիտուտը կարելի է ասել կայացած է, քանի որ ավագանու անդամների մի մասը նաև համատիրության նախագահներ են, այսինքն բնակիչների հետ ունեն ամենօրյա շփումներ:


Բնակչության կենսամակարդակն աճե՞լ է, թե նվազել Ձեր համայնքում 2013թ.-ին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել արտագաղթը կանխելու ուղղությամբ:


-Բնակչության կենսամակարդակը համապատասխանում է հանրապետության բնակչության կենսամակարդակին, իհարկե որոշակի առանձնահատկություններով պայմանավորված կան տարբերություններ, մասնավորապես մայրաքաղաքին մոտ լինելը, շուրջ 234 արտադրական ձեռնարկությունների առկայությունը առավել բարենպաստ է անրադարձել մեր համայնքի վրա: Բայց այնպես չէ որ մենք գոհ ենք: Այսօր էլ կարևորում ենք բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքները: Բոլոր ջանքերը գործադրվում են նոր աշխատատեղեր ստեղծելու, բնակիչների զբաղվածության խնդիրը լուծելու համար, համոզված լինելով, որ այս միջոցով հնարավոր է կանխել արտագաղթը: Մեր համայնքում էլ արտագաղթ կա, սակայն նույն չափով էլ կան այլ համայնքներից եկածներ:


Ի՞նչ կմաղթեք գալիք տարում Հայաստանին և հայությանը:


-Խաղաղություն Հայաստանին, բարեկեցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Մենք բոլորս, եթե կրենք այն պատասխանատվությունը, որ ստանձնել ենք, հավատացեք, մե՛ր հայրենիքը, մե՛ր համայնքը, մե՛ր տունը կլինի շատ ավելի լուսավոր և բարեկարգ: Ես հավատում եմ, որ Հայաստանը դեռ ապրելու է իր լավագույն ժամանակները և մեր հաղթանակած ժողովուրդն արժանի է լավագույնին:

Նույն շարքից