Հասարակություն Հարցազրույց Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս հաղթահարել տագնապը, խաղամոլությունը և հոգեբանական այլ խնդիրներ. Պարզաբանում է Ա. Բեգոյանը

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է հոգեբան և հոգեթերապևտ, «Հիլֆմանն» հոգեբանական ծառայության գլխավոր մասնագետ Արման Բեգոյանը։

Նախ մի փոքր ներկայացրեք, թե ո՞րն էր հիմնական պատճառը, որ հենց  այս մասնագիտությունն ընտրեցիք:

Մասնագիտության ընտրության վրա ազդել են միանգամից մի քանի գործոններ՝ դրանցից մեկն է փոքր տարիքում բավականին երկար ժամանակ ունեցածս տագնապային խնդիրները։ Այդ մասին  խոսում եմ, երբ օրինակ եմ բերում կամ երբ ուզում եմ ինչ-որ դեպք ներկայացնել։ Մյուս գործոնը՝ փոքր հասակից իմ կողմից մարդկանց աշխարհընկալումը հասկանալու փորձերն էին և սա այն փուլում, երբ ես վերջնականորեն հասկանում և գիտակցում էի իմ առանձին անհատ լինելը։ Կարևոր գործոններից մեկն էլ այն էր, որ դպրոցական տարիներին ու նաև բանակում ծառայելու տարիներին շատ էի կարդում և վերլուծում։ Շատ ժամանակ ունեի, որը մեծ հաճույքով տրամադրում էի կարդալուն ու այդ ժամանակ շատ հարցեր կային, որոնք ես տալիս էի ինձ ու պատասխաններ փնտրում։ Ճիշտ է դրանք ավելի շատ փիլիսոփայության բնույթի հարցեր էին,բայց ժամանակի ընթացքում դրանք ինչ-որ ձևով կողմնորոշեցին ինձ և բերեցին հասցրեցին դեպի հոգեբանություն։

Հեղինակ և համահեղինակ եք 5 գրքի և 50-ից ավել հոդվածի։ Մի փոքր պատմեք, թե ինչպե՞ս առաջացավ գիրք հրատարակելու վերաբերյալ միտքը, և ի՞նչ կարող է տալ այն ընթերցողին։

Ասեմ, որ ի սկզբանե միտք չեմ ունեցել գիրք գրել, ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել։ Սրանից մի քանի տարի առաջ, երբ ավելի շատ մարդիկ սկսեցին դիմել ինձ տագնապի ու տագնապային խանգարումների հարցով, ես որոշեցի այդ ամենի վերաբերյալ տեսաշար անել։ Եվ եկավ մի պահ, երբ սկսեցի բոլոր այդ նյութերը՝ սկսած տեսաշարի բովանդակությունից մինչև լրացուցիչ նյութերը, ինչպես նաև տագնապի և տագնապային խանգարումների վերաբերյալ իմ կողմից տպագրված գիտական հոդվածներն ի մի բերել և ներառել մի գրքի մեջ, որը նախատեսված կլիներ այն մարդկանց համար, ովքեր չգիտեն տագնապի մասին, բայց փորձում են ինքնուրույն հաղթահարել այն։ Ինչի՞ հենց տագնապի մասին, որովհետև շատ մարդիկ ունեն այս խնդրից, բայց գրեթե բոլորին թվում է, որ իրենք միակն են։ Այս պահին շատ քչերն են տեղեկացված այդ մասին և հենց դրա համար որոշեցի «#Տագնապ_հաջող» գիրքը գրել։ Նշեմ նաև, որ հայերեն լեզվով այսպիսի ինքնօգնության գրքեր չկային, հատկապես տագնապի և խաղամոլության թեմաներով։ Ես առաջնորդվեցի նաև այս գաղափարով, որ այսպիսի գրքերը շատ պահանջված են և շատ մարդկանց պետք կլինի։

Առանձնացնենք «Խաղամոլություն. ինչպես հաղթահարել» գիրքը։ Ի՞նչ բովանդակություն ունի այն և ինչպիսի՞ մեթոդներ եք առաջարկում գրքում։ Արդյո՞ք գրքի շնորհիվ հնարավոր է ազատվել խաղամոլությունից։

Ինչպես ասացի, այս գրքերն ինքնօգնության ձեռնարկներ են՝ այսինքն գիրքն ամբողջովին այնպես է նախատեսված, որ մարդն ինքնուրույն կարողանա աշխատել։ Նշեմ  նաև, որ այս գրքով մարդկանց կարող են օգնել թե՛ մասնագետները, թե՛ ընտանիքի անդամները։ Գրքի բովանդակությունը հիմնված է «Ախտաբանական խաղամոլություն. հոգեթերապևտի ուղեցույցի» և այցելուի համար նախատեսված «Ախտաբանական խաղամոլություն. աշխատանքային տետր»-ի վրա, սա իհարկե ստացվել է տարիների ընթացքում լրացումների շնորհիվ։ Ինքնին, խաղամոլությանը վերաբերող բոլոր նշված գրքերը հիմնվում են խաղամոլության հաղթահարման կոգնիտիվ վարքաբանական թերապիայի ծրագրի վրա։ 2011թ.-ին, ուսումնասիրելով ամերիկյան ծրագրերը, համապատասխան մեթոդներն ու տեխնիկաները, մենք այն տեղայնացրեցինք։ Իսկ 2011-2013-ին մենք անցկացրեցինք կլինիկական հետազոտություններ և այնուհետև հրատարակեցինք այդ հետազոտությունների արդյունքները։ Եվ հենց «Խաղամոլություն.ինչպե՞ս հաղթահարել» գիրքը հիմնվում է մեր վերջին 7 տարիների աշխատանքի և փորձի վրա։ Իսկ թե արդյոք գրքի շնորհիվ հնարավոր է ազատվել խաղամոլությունից, ապա կարող եմ ասել, որ գրքից օգտվելն ինքնին նախապայման է խաղամոլության հաղթահարման համար, որովհետև թերապիաների ընթացքում ես ու իմ թիմն այցելուների հետ աշխատում ենք նույն այդ գրքով։ Իհարկե, մասնագետի հետ աշխատելն ավելի արդյունավետ է, բայց գրքով ճիշտ աշխատելը տեսականորեն կարող է նույնքան արդյունավետ լինել։

Հայտնի է, որ սահմանամերձ համայնքների սոցիալ-հոգեբանական զարգացմանը նպաստող կամավորական նախաձեռնություն եք իրականացրել։ Ո՞րն էր այդ նախաձեռնության նպատակը։

Նախաձեռնությունն իրականացվել է 2015-2017-ին իմ և «Սահման» ՀԿ-ի կողմից։ Նախաձեռնության նպատակն այն էր, որպեսզի սահամանամերձ շրջաններում ապրող մարդիկ, այդ տարածաշրջանում ապրող երեխաները հնարավորինս կառուցողական ձևով սովորեն հարմարվել իրականությանը, որում ապրում են, սովորեն հարմարվել այդ կիսապատերազմական վիճակին, ինչպես, օրինակ, դա արվում է Իսրայելում։ Իսկ նախաձեռնության շարունակական լինելու մասով, մենք շատ ենք ցանկանում, ուղղակի, ցավոք, երկու տարիների ընթացքում միակ մասնագետը, մասնագիտական աշխատանքի միակ կատարողը ես եմ եղել։ Շատ ընկերներ, կոլեգաներ ունեմ, ովքեր մեծ ցանկություն էին հայտնել և հիմա էլ հայտնում են աջակցելու, միանալու, բայց շատ գործոններ կան, որոնք դրան խոչընդոտում են։ Նախ այն, որ նախաձեռնությունը կամավորական է, և ոչ բոլորն են պատրաստ միշտ օգնել՝ ոմանց համար դա վտանգավոր է թվում, որովհետև անմիջապես սահմանին է, ոմանց էլ ընտանեկան վիճակը թույլ չի տալիս գալ։ Իհարկե, որպես մասնագետ մեկ երկու անգամ գալ մասնակցել ցանկացողներ շատ են եղել ու հնարավորություն ևս, բայց, ցավոք, աշխատանքն այնպիսին է, որ դա բավարար չի ու պետք է որոշակի հաճախականություն։

Ըստ Ձեզ, վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում մարդկանց հոգեբանական հավասարակշռությունը տատանվե՞լ է։

Հայաստանում շատ բաներ շատ արագ տեղի ունեցան, որոնք բնականաբար պետք է իրենց արտացոլումը գտնեին նաև մարդկանց հոգեկանում, հուզական վիճակում։ Որպես մասնագիտական գիտելիքներ կրող մարդ՝ մարդ, ով դրանց շրջանակներում կարողանում է դատողություններ անել, կարող եմ ասել, որ մարդկանց հավասարակշռությունը տատանվել է, հաշվի առնելով այսքան փոփոխությունները, որոնք բավականին արագ, կարճ ժամանակահատվածում տեղի ունեցան և դեռ տեղի են ունենում։ Եվ հիմա մենք, կարծես, ինչ-որ տրանզիտային փուլում ենք և երկար ժամանակ նույնատիպ ապրելու, նույնատիպ սպասելիքներից, ակնկալիքներից կամ դրանց բացակայությունից անցանք նոր ու դրական սպասելիքներով լի փուլի։ Հիմա սա լավ է, թե վատ, ժամանակը ցույց կտա, բայց որ սա օրինաչափ է փոփոխվող իրողություններին, դա միանշանակ։

Իսկ ո՞րն է հոգեբանական բռնությունը: Շատերը, կարծես, չեն ընդունում բռնության այս տեսակը:

Կա հստակ սահմանում, որ հոգեբանական բռնությունը մեկ անձի կողմից ուրիշ մարդու նկատմամբ որոշակի վարքի կամ վարքատեսակի դրսևորումն է, որը կարող է բերել հոգետրավմայի, ներառյալ տագնապի, խրոնիկ դեպրեսիայի, հետտրավմատիկ սթրեսային խանգարման։ Իսկ թե ինչու հոգեբանական բռնությունը մեզ մոտ չի ընդունվում որպես բռնություն, դա երևի թե կենցաղի առանձնահատկություններից է։ Նաև պետք է հաշվի առնել, որ մեր առօրեական շփման մեջ՝ թեկուզ ընտանիքում, թեկուզ ոչ կոնֆլիկտային իրավիճակում, շատ վարքային և խոսքային սովորություններ կան, արտահայտություններ, որոնք իրենք իրենցով բռնության էլեմենտներ ունեն։ Թեկուզ, երբ մենք կատակով մեկս մյուսին մի բան ենք ասում, դրանք կարող են վիրավորական լինել, դրանք կարող են ստերիոտիպային լինել՝ քաշի, տարիքի, սեռի և այլ բաներով պայմանավորված։ Երևի հենց դրա համար շատերը դա որպես բռնություն չեն ընդունում, որովհետև դա ինչ-որ չափով իրենց առօերայի մի մասն է։

Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ունեն հոգեբանական լուրջ խնդիրներ, սակայն չեն դիմում մասնագետի օգնության։

Եթե խոսքը գնում է լուրջ խնդիրների մասին, ապա միանշանակ պետք է դիմել մասնագետի օգնությանը և նույնիսկ ոչ լուրջ խնդիրների դեպքում, որովհետև առավել լուրջ խնդիրների դեպքում առանց մասնագետի օգնության այդ խնդիրը հաղթահարել չի լինի։ Երբեմն մարդկանց թվում է, որ իրենք հաղթահարել են խնդիրը, այնինչ իրականում խնդիրը ոչ թե հաղթահարվել է, այլ վերաճել մեկ այլ՝ ավելի ուրիշ տեսակի խնդրի կամ նույնիսկ փոխել է իր դրսևորման ձևը։

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից