Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-17:00-ն Երևանում արդեն 5-րդ անգամ անցկացվեց «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը՝ Կիրովի անվան մանկական այգում:
Analitik.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանի, փառատոնի հիմնադիր, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանի հետ, ովքեր ներկայացրեցին փառատոնի կարևորությունը, նպատակը, հետագա հեռանկարները:
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը կարևորեց Երևանի միջոցառումային օրացույցում փառատոնի առկայությունը՝ ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանն ի սկզբանե մշտապես աջակցել է փառատոնի կայացմանը:
«Ուրախ ենք, որ «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը վերջին 5 տարիներին իր հաստատուն տեղն է զբաղեցրել Երևանի միջոցառումային օրացույցում՝ տարեցտարի ընդլայնելով իր աշխարհագրությունը: Երևանի համար տարին հոբելյանական է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս և հատկապես ողջունում նրանց, ովքեր ժամանել են հատուկ Բերքի փառատոնին մասնակցելու համար: Այս փառատոնը լավ հարթակ է, որպեսզի հայ գյուղացիները, ֆերմերները ներկայացնեն իրենց արտադրանքը թե՛ մայրաքաղաքի հյուրերին և թե՛ բնակիչներին»:
«Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանն էլ շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին՝ մշտապես ցուցաբերվող աջակցության և արդյունավետ համագործակցության համար՝ նշելով. «Փառատոնի հիմնական նպատակն է աջակցել գյուղական համայնքների զարգացմանը: Այս տարի ավելի լայն է ներկայացվելու օրգանական սնունդը, շուրջ 45 ֆերմերային խմբեր ներկայացնելու են օրգանական գյուղատնտեսության արտադրանք, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Ավստրիական զարգացման գործակալության «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնությանը»: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի շրջանակում կորոշվեն Լավագույն ֆերմերային, կանանց, ձեռներեց, երիտասարդական և օրգանական արտադրող խմբերը»:
Analitik.am-ը զրուցեց նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի հետ, ով հավաստիացրեց, որ մասնակցելով այս փառատոնին տեսնում է, որ ֆերմերների մասնակցությունն ակտիվանում է. «Ես ինքս 5 տարի մասնակցելով այս փառատոնին, տարեցտարի տեսնում եմ, որ ֆերմերների մասնակցությունն ակտիվանում է, իսկ դա նշանակում է նաև փորձի փոխանակում, զարգացման հեռանկարներ»:
Մանրամասն՝ տեսանյութում.