Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

ՀՀ առողջապահության ոլորտում նախ 3 հարց պետք է լուծվի, որպեսզի դրական փոփոխություն լինի. Բագրատ Լալայան

analitik.am

Վերջին շրջանում բավականին բուռն քննարկվում է  հակածխախոտային օրենքի նախագիծը, որով նախատեսվում են մի շարք արգելքներ և խիստ տուգանքներ ծխախոտի օգտագործման հետ կապված: Նշենք, որ այս նախագիծը ներկայացված ձևով ընդունվելու դեպքում  կարող է հանգեցնել մի շարք տնտեսական, սոցիալական և այլ ռիկսների, որոնց մասին բազմիցս բարձրաձայնում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:  Analitik.am-ն այս օրենքի անցկացման դեպքում  հնարավոր թերությունների և ռիսկերի մասին ուսումնասիրությանն ուղղված հետաքննության  շրջանակներում   զրուցել է《Վիկտորիա Քոնսալթինգ》 ընկերության  հիմնադիր և տնօրեն, բժիշկ Բագրատ Լալայանի հետ։

Պարոն Լալայան, ՀՀ առողջապահության նախարարությունը  մտադիր է մայիսի 1-ից կիրառել հակածխախոտային նոր  օրենքը, եթե այն ընդունվի։ Հետևու՞մ եք իրադարձությունների զարգացմանը։ Ի՞նչ կարծիք ունեք հակածխախոտային օրենքի նախագծի մասին։

Հակածխախոտային ծրագրի իրականացումը, թեև արդի քննարկվող խնդիրներից մեկն է, ինչպես նաև  այդքան բուռն քննարկումներին թե՛ հանրության և թե՛ Առողջապահության նախարարության կողմից, ծրագրի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ Ես չեմ ծխում, ոչ մեկին էլ դա խորհուրդ չեմ տալիս և դեմ եմ ընդհանրապես ծխելուն։ Ծխելու ընթացքում տվյալ անձը ոչ միայն իր առողջությանն է վնասում, այլև իր շրջապատում գտնվող անձանց։ Երեխաների ներկայությամբ ծխելը լի է վտանգավոր հետևանքներով, սակայն ավելի վտանգավոր է, երբ անձի մոտ նկատվում է պասիվ ծխելու սովորություն, դա ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան ակտիվ ծխելը։ Հակածխախոտային  ծրագիրն իրականացնելու գործում մեծ է նաև մարդկանց մոտիվացիան առկա խնդրին, պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ հասկանան և սեփական կամքով դուրս գան դրսում ծխելու կամ ընդհանրապես հրաժարվեն ծխելուց: Դրա համար կան բազմաթիվ մեթոդներ՝ օրինակ, տալ պարգևավճարներ այն աշխատողներին, ովքեր չեն ծխում, ինչպես արվում է Եվրոպական որոշ երկրներում։ Դա բավականին ժամանակ պահանջող գործընթաց է և այդ գործընթացին իր ակտիվ մասնակցությունը պետք է ունենա ոչ միայն հանրությունը, այլև ծխախոտ արտադրող և ներմուծող ընկերությունները։

Ողջունում եմ Առողջապահության նախարարության կողմից  ներկայացված առողջ ապրելակերպի գաղափարափոսությունը, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ եմ համարում մարդկանց մոտիվացնել այդ խնդրի լուծման համար,  ինչի համար պետք է հետաքրքություն առաջացնել սպորտով զբաղվելու, ինչպես նաև ֆիթնես ակումբ հաճախելու նկատմամբ։ Առողջ ապրելակերպով զբաղվելու հարցում մեծ դեր է կատարում  նաև մարդու զբաղվածության աստիճանը, եթե մարդը հոգս է անում, թե ինչպես պետք է հայթայթել ապրուստի միջոցներ, ապա նա չի կարող զբաղվել առողջ ապրելակերպով։ Միայն հիվանդանոցներում առողջ ապրելակերպի պիտակներ փակցնելը բավարար չէ առողջ ապրելակերպի անցնելու համար։ Եթե խոսում ենք ծրագրի մասին, ապա կցանկանայի, որ ներկայացվեին նաև տվյալ ծրագրում առկա խնդիրների լուծման մեխանիզմները, այլ ոչ թե դա միայն գովազդել։

Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի ծրագիր, որտեղ տեղ կգտնեն առկա բոլոր խնդիրները, դրանց լուծման տարբերակները և այդ ծրագրի իրականացման տարբեր ժամանակահատվածում կատարել համեմատություն նախորդ և ներկա իրավիճակի միջև, հասկանալու համար թե արդյո՞ք մեր կողմից իրականացվող գործողությունները համապատասխանում են մեր առջև դրված խնդրի լուծմանը, թե՝ ոչ։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ առկա խնդրին տրվող լուծումները իրենց մեջ որևէ պատժիչ գործողությունների ուղղված չլինեն։ Կցանկանայի, որ մեր պետությունը նման հարցերին ավելի գլոբալ ուշադրություն դարձներ։

Առողջապահության տեսանկյունից մարդու՝ ծխելուց կտրուկ հրաժարվելն  ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

Հանրության մեջ տարածված է այն գաղափարը, որ ծխելուց հրաժարվելու դեպքում նկատվում է գիրություն, ատամների հետ կապված առողջական խնդիրներ, սակայն ես դեմ եմ այդ մտքին, քանի որ առողջապական ոլորտում ապացուցված է, որ ինչքան շուտ մարդը հրաժարվի ծխելուց, այնքան նրա կյանքի տևողությունը կերկարի։ Դա ավելի շատ հոգեբանական հարց է։ Կան նաև դեղամիջոցներ, որոնք օգնում են հաղթահարել ծխելու ցանկությունը։ Ցավոք սրտի, ծխող մարդկանց մեծ մասն իրենց համար սովորություն են դարձրել սուրճ խմելու հետ համատեղ ծխելը, կոֆեինի և նիկոտինի համատեղ օգտագործումն ավելի մեծ վտանգավորություն է ներկայացնում։ Ծխելուց հրաժարվելու հարցում կարևոր է, որ մարդը հասկանա, թե ինչի համար է հրաժարվում, և այն լինի մարդու ազատ կամքով։

Ի՞նչ եք կարծում, առողջապահության ոլորտում, առհասարակ, ծխախոտի դեմ պայքա՞րն է առաջնային խնդիր, թե՞ այլ ավելի լուրջ խնդիրներ կան: Ըստ Ձեզ,  ի՞նչ լուրջ խնդիրներ կան և ինչպե՞ս եք տեսնում այդ խնդիրների լուծումը։

Որպեսզի հասնենք նման գաղափարախոսության, պետք է առողջապահության համակարգում կատարել 3 փոփոխություն .

Առաջինը՝ առողջապահական խնդիրների լուծման պայմանները բոլորի համար պետք է լինի մատչելի, որոշ դեղորայքներ անապահովների համար լինեն անվճար,

Երկրորդը՝ պետք է լինի բավականին բարձր որակ, և ներկա բուժուսումնական հաստատություններն ապահովեն այդ որակը։ Մասնագիտական վերապատրաստումներ անցնեն օտարերկրյա պետություններում։

Երրորդը՝ պետք է բարձրացվեն բժիշկների աշխատավարձները, նրանք լինեն երկրի ամենահարուստ մարդիկ։ Եթե տվյալ հարցը կարգավորում չստանա, ապա հայ երիտասարդ մասնագետները կձգտեն իրենց աշխատանքային կարիերիան փնտրել դրսում, արդյունքում մենք կկորցնենք լավ մասնագետների, և երկրում կշարունակվի կոռուպցիան։

Միայն այս երեք խնդիրների լուծումն է իր մեջ պարունակում դրական փոփոխությունների նախադրյալներ ՀՀ առողջապահության համակարգում։

Հարցազրույցն անցկացրեց Իզաբել Սահակյանը

 

 

Նույն շարքից