Բարի օր Հարցազրույց Տնտեսություն 

Զարմացած եմ, որ ֆինանսների նախարարության գործառույթներով զբաղվում են այլ մարմիններ. Փայլակ Թադևոսյանը՝ շաքարի հարկման առաջարկի մասին

analitik.am

Մարտի 5-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր շաքարի հարկման նորարարական մեխանիզմ ներդնելու մասին: Գրառման մեջ նշված էր, որ  Առողջապահության նախարարությունն առաջարկել է շաքարի հարկը տարածել բոլոր գազավորված և բնական  ըմպելիքների վրա, որոնք 100 գ հյութի մեջ պարունակում են 5 գ շաքար: Գրառման մեջ Արսեն Թորոսյանը շեշտում է.

«Ինձ համար հասկանալի չէ, շաքար չպարունակող հյութերի հարկման իմաստը, որովհետև տրամաբանությունը ամբողջությամբ կորում է։ Եթե կա շաքար չպարունակող նյութ, օրինակ ասպարտամ պարունակող հյութ, որն ունի 0 կալորիականություն, այն առողջության համար վնասակար է մոտավորապես այնքան, որքան վնասակար է սովորական գազավորված հանքային ջուրը, որը սակայն ակցիզային այս հարկով չի հարկվելու։ Ասպարտամը դա նյութ է, որը հյութին տալիս է քաղցր համ, բայց աղիներից չի ներծծվում և անվնաս է օրգանիզմի համար»:

Այս հայտարարության հետ կապված Analitik.am-ը զրուցեց «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Փայլակ Թադևոսյանի հետ: Վերջինս զարմացած է, որ ֆինանսների նախարարության գործառույթներով սկսել են զբաղվել այլ մարմիններ. «Այնպիսի տենդենց եմ նկատում, որ մեր երկրի ամենակարևոր հարցը հարկային բեռի բարձրացումն է, եթե վնասակարությամբ պայմանավորված ինչ-որ ապրանքների հարկային բեռ պետք է բարձրացնենք, որ ապրանքը թանկանա, միգուցե քննարկման առարկա դարձնենք հենց բոլոր վնասակար ապրանքները»:

Ըստ Թադևոսյանի, Կառավարությունը հարկային օրենսդրության փոփոխության հայեցակարգ պետք է ունենա, այսինքն` նոր կառավարությունը պետք է հայտարարի իր տնտեսական քաղաքականությունը, որի գործիքակազմը կլինի նաև հարկային օրենսդրությունը։ Այնտեղ պետք է տեղ գտնեն այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է հարկային օրենսդրությունը։

«Եթե լինում է որոշում, որ պետք է սահմանվի շաքարի հարկ, ինչու՞ ենք շաքար պարունակող հյութերը հարկում այն դեպքում, երբ շաքարի արտադրություն և ներմուծում ունենք, միգուցե ճիշտ կլիներ հարկեինք հենց շաքարի իրացումը։ Նախևառաջ, պետք է հանրությանը ներկայացնել թե վտանգավորությունն ինչում է կայանում, որ դրանից դրդված հարկ է սահմանվում։ Եթե վնասակար համարելով 5 կամ 10 տոկոս հարկում ենք, արդյո՞ք դրանով վնասկարությունը վերացվում է»,- նշում է Փ. Թադևոսյանը:

Նրա խոսքով, պետք է կատարել ուսումնասիրություններ, թե որքանո՞վ է այն ազդելու սպառման ծավալների,  գնի վրա, ինչպես նաև ուսումնասիրել միջազգային փորձը։ Մասնագետի կարծիքով` վնասակար ապրանքների հարկային բեռն ակցիզային հարկով ավելացնելու համար հարկավոր է ունենալ հստակ շարադրված մոտեցում, օրինակ՝ Կառավարությունը նախատեսում է առաջիկայում չխրախուսել կամ ավելացնել հարկային պարտավորությունը բոլոր այն ապրանքների համար, որոնք ունեն վնասակար ազդեցություն։

Մասնագետի խոսքով, պետք է լինի սկզբունք, որն ավելի հեշտ կդարձնի հասկանալ, թե ինչ նպատակով է սա արվում. «Հակառակ դեպքում մարդիկ միմյանցից անկախ տեղեկություն են ստանում ինչ-որ նյութի վնասակարության մասին, հրապարակում այն և սկսվում է փոփոխություններ կատարվել տվյալ ապրանքների օգտագործման սահմանափակման վերաբերյալ»,- նշում է Փայլակ Թադևոսյանը:

Ըստ մասնագետի, վերջին տասնամյակում հարկային փոփոխություններն  անփույթ են արվում`առանց պատշաճ հիմնավորման։ Նրա խոսքով` պետք է սկզբունք լինի շարադրված գործողությունների հերթականություն, որի մեջ պետք է ներառված լինեն մոտակա 3 կամ 5 տարվա ծրագրերը. «Պետք է ունենանք հաշվարկներ, թե հյութերի արտադրության վրա ի՞նչ ազդեցություն կունենա, ուսումնասիրել բոլոր հնարավոր ուղղակի և անուղղակի հետևանքները և դրա մասին գնահատական կազմել:Եթե այդ ամբողջը մենք չունենանք, կստացվի, որ մենք ուղղակի հարկ հավաքեցինք, ոչ մի այլ գործողություն չարեցինք՝ այսինքն նպատակին չծառայեց։ Իսկ ինչի՞ հիման վրա է նշվում վնասակարությունը և ի՞նչ հիմքով է որոշվում վնասակարության համար ինչքան հարկ պետք է սահմանել, ի՞նչ հաշվարկներ կան և ի՞նչքան է թույլատրելի սահմանը, որ մարդիկ տեղյակ լինելով չօգտվեն դրանից»:

Փայլակ Թադևոսյանի խոսքով,եթե օրինակ է բերվում Եվրոպան, ապա պետք է նայել սպառման դինամիկան. «Տվյալ մեխանիզմը կիրառող երկրներն ունեն համապասխան զարգացվածության աստիճան և հարկումն արվում է դրա հիման վրա և հաշվի է առնվում վճարունակության աստիճանը:   Պետք է այս ամենը հաշվի առնել և նոր ընդունել որոշումներ»:

Նշենք, որ բնական շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել ավելորդ քաշի ձեռքբերմանը, վնասակար է շաքարային դիաբետի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում, սակայն հայտնի չէ, թե առողջական ինչ վնասների կարող է հանգեցնել բնական շաքարին փոխարինող ասպարտամ նյութը:

Արտյոմ Առաքելյան 

Նույն շարքից