Բարի օր Հարցազրույց Տնտեսություն 

Ծխախոտի ոլորտում կտրուկ քայլերը կարող են վատ ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության վրա. Հակոբ Ավագյան

analitik.am

Վերջին շրջանում բավականին բուռն քննարկվում է հակածխախոտային օրենքի նախագիծը, որով նախատեսվում են մի շարք արգելքներ և տուգանքներ ծխախոտի օգտագործման հետ կապված: ՀՀ Առողջապահության նախարարությունը մտադիր է կիրառել նախագիծը մայիսի 1-ից` ընդունումից անմիջապես հետո: Սակայն պետք է հաշվի առնել , որ օրենքի նախագիծն իր մեջ ներառում է որոշակի բացեր և դեռ չի մշակվել գործադիր իշխանության բոլոր ենթակառուցվածքներում: Հատկապես անհրաժեշտ են ՀՀ  Ֆինանսների  և  Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների ոլորտային ուսումնասիրությունները: Նշենք նաև, որ Հայաստանի 10 խոշոր հարկատուներից չորսը ծխախոտային բիզնեսով զբաղվող ընկերություններն են, որոնք միասին միայն 2018-ին ՀՀ պետական բյուջե  մուտքագրել են 55 միլիարդ ՀՀ դրամ: Ծխախոտի դեմ առողջապահական պայքարի հակառակ` տնտեսական ռիսկերի կողմի մասին Analitik.am-ը զրուցեց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նախարարի նախկին տեղակալ Հակոբ Ավագյանի հետ: Վերջինս դեմ չէ նախագծին, սակայն կարծում է, որ նման ծրագրեր իրականացնելիս անհրաժեշտ է տնտեսության վրա ազդեցության գնահատականը, կարևոր է Էկոնոմիայի և Ֆինանսների նախարարությունների կարծիքները: Հակոբ Ավագյանի խոսքով` ծխախոտի դեմ պետք է պայքարել, բայց խնդրի լուծումը պետք է լինի  փուլային:

« Ծխախոտ օգտագործողների թիվը մեր երկրում, ցավոք սրտի, բարձր մակարդակի է, բայց  դա մեկ օրում չի ձևավորվել: Հետևաբար` կտրուկ քայլերը ևս կարող են վատ ազդեցություն ունենալ մեր երկրի տնտեսության, նաև ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտների վրա՝ սկսած  ներմուծողներից, վաճառողներից, արտադրողներից, վերձացրած շղթայի բարձր աշխատողների կյանքով »,- նշում է Ավագյանը:

Նրա խոսքով` տնտեսական վատ ազդեցությունն առաջինը  կզգան հանրային սննդի սպասարկման  ոլորտի  գործարարները: Մինչդեռ  Հակոբ Ավագյանը կարծում է, որ խնդրին  հնարավոր կլինի ավելի տրամաբանական լուծում տալ, եթե սահմանափակվի սպասարկման սրահները. «Օրինակ` ցանկացած սպասարկման սրահ ունեցող սրճարանն  առաջին տարում ունենա առնվազն 20%  չծխողների առանձնացված սրահ, հաջորդ տարի լինի 50%, հետո ` 80% և այդպես մինչև 100%»: Նրա խոսքով` սա ավելի տրամաբանական մոտեցում է գործարարների համար, քանի որ հանրային սննդի օբյեկտներ կան, որտեղ ամբողջ բիզնես կոնցեպտը կառուցված է եղել ծխելու կամ ծխախոտի նման ապրանքներ սպառելու համար:  Իսկ ինչ վերաբերում է միջազգային փորձին, ապա Հակոբ Ավագյանը նշում է, որ դա նույնպես հարաբերական է և կան երկրեներ, որտեղ խնդիրը լուծվել է փուլային տարբերակով, բայց կան նաև երկրներ, որտեղ կտրուկ արգելքն է գործում:

«Մենք չպետք է համեմատենք 2019 թվականի Հայաստանը 2019 թվականի  Անգլիայի հետ: Մենք պետք է համեմատենք այն ժամանակաշրջանի հետ, երբ Անգլիան էր անցնում նույն ճանապարհը»,- նշեց  Ավագյանը:

Տնտեսագետը ևս մեկ անգամ շեշտում է` ծխախոտի դեմ պայքարի խիստ միջոցառումները պետք են, բայց այդ միջոցառումները պետք է լինեն  բոլոր կողմերից կշռադատված  և պետք է հաշվի առնել ազդեցությունները: Ինչ վերաբերում է բիզնեսի ավելացված հարկման, ապա խնդրի լուծմանը կարելի է հասնել փուլային  տարբերակով:

Իզաբել Սահակյան

Նույն շարքից