Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Կարող ենք գնդակահարել ծխողներին և վերջ, եթե որոշել ենք ամեն գնով պայքարել ծխելու դեմ. Գևորգ Գրիգորյան

analitik.am

Հակածխախոտային օրենքի նախագծի, դրա ընդունման դեպքում հնարավոր ռիսկերի և մի շարք այլ հարցերի շուրջ Analitik.am-ը  զրուցեց բժիշկ-ուրոլոգ, Հայկական Առողջապահական Ազգային Խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանի հետ:

Պարոն Գրիգորյան, ՀՀ Առողջապահության նախարարության կողմից առաջարկած հակածխախոտային օրենքի նախագիծը վերջին շրջանում բավականին բուռն  քննարկվում է: Ի՞նչ կարծիք ունեք նախագծի մասին :

Դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսին, երբ այդ հակածխախոտային օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել, ես իմ տեսակետը բազմիցս արտահայտել եմ և ֆեյսբուքյան իմ էջում գրառումներ կատարել: Գրառումներս ուղղված էին ոչ թե օրենքի բովանդակությանը, այլ` օրենքի ընդունման կարգին, որովհետև նման բան լսված չէր, որ դրվի նախագիծ և կողմ-դեմ քվեարկության կոճակները հանված լինեն: Այսինքն` դա մեր կառավարության բռնած ուղեգծի և մեր ժողովրդին խոստացած ժողովրդավարության կոպիտ և բիրտ խախտում էր: Հաջորդ կետը, որին ես անդրադարձա, այն է, որ կա ինչ-որ միտումնավոր գործընթաց, որովհետև X հեռուստաընկերությամբ  հաղորդումների շարք կար, որտեղ խոսվեց ոչ թե ծխախոտի վնասի մասին, այլ` էլեկտրոնային ծխախոտի  և ծխախոտի փոխարինիչների վնասի մասին: Մինչդեռ` բազմաթիվ հետազոտություններ կան, որ էլեկտրոնային ծխախոտը երկրորդային ծուխ չի առաջացնում և ավելի քիչ վնաս է պատճառում, քան հասարակ ծխախոտը: Այդ մասին գրառմանը հաջորդեց ուղղորդված քննադատություն: Իսկ նոր օրենքի նախագիծը բովանդակային ուսումնասիրելուց հետո կան շատ անհամաձայնություններ: Բազմիցս նշել եմ, որ ծխախոտի դեմ պայքարել պետք է և անհրաժեշտ է: Դա վնասակար և մահաբեր սովորություն է, որով մենք արհեստականորեն կրճատում ենք մեր կյանքը, սակայն, հակածխախոտային պայքարը պետք է իրականացնենք ոչ թե տնտեսավարող սուբյեկտներին  և տնտեսությանը վնասելով, այլ` ավելի  խելամիտ ձևով:  Դրա համար նախարարի թիմը բավարար չէ և ավելի լայն հանրային քննարկման կարիք կա, որովհետև իրենց թիմը ստեղծեց օրենքի նախագիծ, որում ձևակերպումների հստակեցում չկա:

Շատ է խոսվում այն մասին, որ ճիշտ չէ այս պահին ընդունել հակածխախոտային օրենքի նախագիծն այս տեսքով, ի՞նչ եք կարծում այս մասին:

Մենք ունենք կարևոր խնդիր, որն Արցախի հարցն է, և շատերը պատերազմ են կանխատեսում: Գտնում եմ, որ այս պահին մենք չենք կարող արգելել ծխախոտը և  տնտեսությանը նման վնաս հասցնել: Այս ամենն անտեսել չի կարելի:  Այսինքն` Առողջապահության նախարարությունը չի կարող այս նեղ դրության մեջ վերցնել և տնտեսությանը հարվածել, որովհետև այդ գումարները կենտրոնացվում են, և մենք բանակ ենք պահում: Առողջապահությունը ոլորտ է, որը գտնվում է շատ տարբեր գործոնների կիզակետում: Սա սոցիալական ոլորտ է, որը պետք է ճիշտ ղեկավարել և զարգացնել: Չի կարող կառավարությունում աշխատող մարդուն չհետաքրքրել տնտեսական աճը, արտաքին և ներքին քաղաքականությունը և այդ գործոններով պայմանավորված իրավիճակը: Եթե մենք որոշում ենք ծխելու դեմ պայքարել ամեն գնով, կարող ենք գնդակահարել ծխողներին և վերջ:

Պարոն Գրիգորյան, իսկ ծխախոտն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ: Որքանո՞վ են ճշմարիտ այն փաստարկները, որ ծխախոտը կարող  է դառնալ մահվան պատճառ: 

Օրենքի նախագծում կետ կա, որ ծխով պայմանավորված մահացության ցուցանիշները պետք է ցուցադրվի, բայց ես երբևէ մահվան վկայական չեմ տեսել, որում նշված է, որ մահվան պատճառը ծխախոտի ծուխն է: Այո, ծխախոտը կարճեցնում է կյանքն, այն հանդիսանում է շատ վտանգավոր  հիվանդությունների ռիսկի գործոն և դա անհերքելի փաստ է : Սակայն, ինչպե ՞ս կարող ենք ապացուցել, որ շինարարությունում աշխատող մարդը թոքերի քաղցկեղ ունի ծխելու պատճառով, այլ ոչ թե շինարարական փոշու պատճառով: Ինչպե՞ս կարող ենք ապացուցել, որ հենց ծխելն է հիմնական ռիսկի գործոնը եղել, որ այդ հիվանդությունը զարգանա: Դա անապացուցելի փաստ է: Մենք ունենք շատ գործոններ շրջակա միջավայրում, որոնք  կրկին բացասական ազդեցություն ունեն մեր առողջության վրա, բայց այդ ազդեցությունների դեմ պայքար չի մղվում: Օրինակ` լսե՞լ եք, որ նախարարն ասի, որ շինարարական փոշու դեմ պայքարենք, մենք ունենք մեքենաներ, որոնք սև ծուխ են արտադրում, բայց դրա մասին բոլորը լռում են:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անընդհատ մեջբերում է միջազգային փորձը, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն երկրներում, որտեղ կիրառվել է ծխախոտի արգելքի կտրուկ մեխանիզմը, որոշ ժամանակ անց  սկսվել է մարիխուանայի օրինականացմանն ուղղված գործընթաց:  Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին: Արդյո՞ք մարիխուանայի օրինականացումն ավելի վտանգավոր չէ հասարակության առողջության համար:  

Մարիխուանայի օրինականացմանը ես  դեմ եմ: Մարիխուանան բուժման կոնտեքստում կարելի է դիտարկել միայն կոնկրետ դեղատներում վաճառքի համար: Իսկ օրինականացնել մարիխուանայի ազատ վաճառքը, նշանակում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր լսել են մարիխուանայի օգտագործման մասին, սկսելու են փորձել դա: Այսինքն` մենք կվերացնենք ծխախոտը և կբերենք մարիխուանան: Դա կարող է օգտագործվել միայն հետազոտական և բուժական նպատակներով: Ցանկացած տեսակի թմրանյութի օրինականացումը և լայն շրջանակներում կիրառումը խելամիտ չէ: Մարիխուանան որպես քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն չեմ հանդիպել, բայց ծխախոտը` հանդիպել եմ: Այսինքն`վնասակարության աստիճանի մասին դժվարանում եմ խոսել, որովհետև յուրաքանչյուրն ունի վնասի իր սպեկտորը:

Իզաբել Սահակյան

Նույն շարքից