Բարի օր Հայաստան Հարցազրույց Քաղաքականություն 

Մոտ ապագայում մեզ չի հաջողվի Արցախը բերել՝ որպես բանակցությունների ամբողջական կողմ. Սուրեն Սարգսյան

analitik.am

 

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամենատարօրինակ ու սխալ մեկնաբանությունը, որ արվում Արցախի հարցի շուրջ բանակցությունների մասին այն է, որ ասում են, թե  սա բանակցային ձևաչափի փոփոխության առաջարկ է արվել հայկական կողմից:

«Միայն  Ալիևը չի ասում, Հայաստանում էլ կան մարդիկ, որ ասում են, և ես ուզում եմ որ հստակ արձանագրեք՝ դա բանակցային փոփոխման առաջարկ չէ, դա բանակցային ֆորմատի վերականգման առաջարկ է և որպեսզի  իմ ասածը մերկապարանոց չհնչի, ես ուզում եմ ձեզ մի երկու փաստ ներկայացնել՝ առաջին, երբ Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թվականին, հրավիրյալների թվում, պոտենցիալ մասնակիցների թվում, Եվրոպայում անվտանգության և խաղաղության հանձնաժողովի ընդունած փաստաթուղթը, որը հետագայում վերանվանվեց ԵԱՀԿ, այնտեղ հստակ ընդծված է եղել, որ Լեռնային Ղարաբաղի և ընտրված, և այլ ներկայացուցիչներ հրավիրվելու են համաժողովին՝ որպես շահագրգիռ կողմեր, սա ընդհանրապես բանակցային գործընթացի սաղմնային վիճակն էր։ Հաջորդը՝ 1994 թվականի մայիսին հրադադարի պայմանագիրը կնքել է 3 կողմ՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարար Մամեդյովի, ՀՀ Պաշտպանության նախարար  Սարգսյանի և ԼՂՀ բանակի հրամանատար Բաբայանի կողմից, շատ հստակ գրված է, տեքստն իմ ձեռքի տակ է, որ ստորագրում են հակամարտող կողմերը։ Երբ որ ես, վարչապետ ընտրվելուց հետո, մի հարցազրույցում կամ ելույթում ասել եմ, որ հակամարտության կողմերը Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանն են, հանրապետակաները մի  այնպիսի աղմուկ էին բարձրացրել, իրենք ասում էին, թե ո՞նց է Հայաստանը հակամարտության կողմ, մինչդեռ փաստաթուղթը, որտեղ հստակ նշված է՝ Հայաստանը հակամարտության կողմ,  ստորագրել է իրենց կուսակցության ղեկավարը։ Հաջորդը՝ 1994 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունվեց ԵԱՀԽ Բուդապեշտի հռչակագիրը, որի երկրորդ գլխի ենթաբաժիններից մեկը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այդ պարբերությունում ասվում է, որ մասնակցող պետությունները ողջունում են հակամարտող կողմերի կողմից հրադարարի մասին համաձայնագիրն՝ այսինքն այս փաստաթուղթը ընդունել է իր գործողությունների հիմք, որտեղ Հայաստանը նշված է հակամարտության կողմ։ Հաջորդը՝ ԵԱՀԿ գործող նախագահ պարոն Լազլո Օվաչի ամփոփումը, այդ փաստաթուղթը ԵԱՀԿ ավագ խորհրդի 1995 թվականի մարտի 31-ի Պրահայում կայացած հանդիպման արդյունքների գործող նախագահի ամփոփումն էր և այդ պարբերության մեջ ասվում է հետևյալը. «ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատել է հակամարտության կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ նախորդ որոշումներն՝ այն է հակամարտության կողմ հանդիսացող երկու պետությունների և հակամարտության այլ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունը բանակցային ողջ գործընթացքում և Մինսկի համաժողովում։ Այսինքն՝ այս է բանակցային ֆորմատը, որը միջազգայնորեն համաձայնեցվել և ճանաչվել է, իսկ նրանք, ովքեր ասում են, որ իմ ասածը նշանակում է բանակցային ֆորմատի փոփոխություն, լավ տեղեկացված չեն բանակցային ֆորմատի մասին։ Այս փուլում կարծում եմ, որ այսքանը բավարար է, որովհետև էլի բաներ կա ասելու սրա մասին՝ ի՞նչպես եղավ, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս եկավ, ո՞վ արեց դա։ Դե բոլորս էլ դա գիտենք, չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկանում ենք, թե ում մասին է »։

Analitik.am-ը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված մեկնաբանություն ստանալու համար զրուցեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ, ով ասաց, որ ներկայիս իշխանությունները բազմիցս խոսել են այն մասին, որ չեն փոխելու արտաքին քաղաքականությունը, նշեց նաև, որ ասել են, որ Արցախյան բանակցությունների տեսանկյունից իրենց սկզբունքային դիրքորոշումները նույնն են. «Հիմա ընդամենը 1 լրացուցիչ քայլ է արվել՝ դա փորձն է Արցախը բերել որպես բանակցությունների ամբողջական կողմ, բայց դա դեռևս մեզ չի հաջողվում և կարծում եմ, որ մոտ ապագայում էլ չի հաջողվելու»:

Քաղաքագետի խոսքերով բարդությունը կայանում է նրանում, որ Ադրբեջանը չի կարող գալ, նստել և բանակցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ. «Այս առումով, իհարկե բանակցային գործընթացում դեռևս որևէ փոփոխություններ չեն եղել, Հայաստանի ու Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն էլ մնում է նույնը»: Ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանը նշեց նաև, որ 90-ականներին Ղարաբաղը բանակցությունների կողմ է եղել և դուրս է թողնվել բանակցություններից՝ իր խոսքերով բոլորին հայտնի մարդու կողմից: Հարցին, արդյո՞ք ՀՀ-ում եղել են ուժեր, որոնք կարող էին այնպես անել, որ Ղարաբաղը դուրս մնա բանակցությունների կողմ լինելուց, պարոն Սարգսյանը պատասխանեց, որ սա բավականին հեշտ թեմա է քաղաքական քննարկումների տեսանկյունից, որպեսզի հասկանանք, թե ինչպես է եղել, որ Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից. «Որպես բանակցային գործընթացի կողմ, պետք է անաչառ ուսումնասիրենք այդ ժամանակահատվածը, ուսումնասիրենք ոչ միայն մեր դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ, այլ նաև Ադրբեջանի քաղաքական քայլերի հերթականությունը, որոնք բերել են նաև այն իրավիճակին, որը հիմա կա և իմ կողմից նշած այդ բոլոր հանգամանքների բերումով Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից»:

Քաղաքագետը նշեց նաև, որ զերծ կմնա մեղադրանքներ ներկայացնել կոնկրետ իշխանավորներին կամ անձանց, ովքեր մեղավոր են եղել բանակցային գործընթացից Արցախի դուրս մղման ճանապարհին և որոնց մասին խոսել է Փաշինյանը. «Կարող եմ ասել, որ Արցախի վերադարձը բանակցային սեղանին, եթե հաջողվի ՀՀ որևէ իշխանության, ապա դա բավականին լուրջ ձեռքբերում կլինի և լրջագույն դիվանագիտական հաղթանակ կարող ենք ունենալ»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից