Իրավական 

Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստն այսօր ավարտվեց

analitik.am

Դատախազները ներկայացրեցին իրենց վերաքննիչ բողոքն ամբողջությամբ, իսկ ես հասցրեցի իմ բողոքը ներկայացնել 40 տոկոսի չափով: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի, ինչպես նաև մեղադրող կողմի ներկայացրած բողոքները:

Ալումյանը նշեց, որ դատախազությունը, համաձայն լինելով առաջին ատյանի դատարանի որոշման եզրափակիչ մասի հետ, պահանջել է, որպեսզի պատճառաբանական մասի որոշ հատվածներ Վերաքննիչը վերանայի. «Մասնավորապես այդ մասում գրված է՝ բացակայում է հիմնավոր  կասկած առ այն, որ պարոն Քոչարյանը կատարել է 311 հոդվածով նախատեսված արարք, այսինքն՝ կաշառք: Առաջին ատյանը գրել էր նաև, որ բացակայում են հիմքեր, որոնք թույլ կտան ենթադրել, որ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է թաքնվել քննությունից: Դատախազությունը վիճարկում է այս երկու դրույթները, ինչի իրավունք չունի՝ համաձայն լինելով որոշման եզրափակիչ մասի հետ»:

Դատական նիստը կշարունակվի վաղը, մեկնարկը՝ ժամը 12:00-ին:

Այսօր դատական նիստին մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը, ով այսօր ելույթ չի ունեցել, սակայն վաղը կարող է ելույթ ունենալ, եթե ավելացնելու բան ունենա:

Նույն շարքից