Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

ԼԳԲՏ համայնքի անդամներն առանց թույլտվության նույնիսկ քարոզչություն են իրականացնում դպրոցներում.

analitik.am

Ապրիլի 8-ին ԱԺ  տարածքում բողոքի ակցիա էր ընթանում ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի հետ կապված։ Ակցիային իր մասնակցությունն ունեցավ նաև Հայ առաքելական եկեղեցու հոգևորական Տեր Ղազարը, ով արդեն այսօր՝ ապրիլի 10-ին, Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվեց փիլոնազուրկ մինչև Ավագ Շաբաթ։

Analitik.am-ը զրուցեց Հայ առաքելական եկեղեցու  հոգևորական Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ՝ հասկանալու համար  եկեղեցու դիրքորոշումը տրանսգենդեր անձանց մասով:

Տեր Եսայի, Հայ Առաքելական եկեղեցին սեռական այլ կողմնորոշում ունեցող, սեռափոխված անձանց հանդեպ ի՞նչ դիրքորոշում ունի:

Եկեղեցու դիրքորոշումը հստակ է և դարերի ընթացում այն չի փոփոխվել, ինչպես այսօր որոշ մարդիկ փորձում են խեղաթյուրել պատմական իրողություններն ու փաստերը։ Իրականում, եկեղեցին միշտ հայտարարել է հետևյալ մոտեցումը․«Մենք մերժում ենք մեղքը, ընդունում ենք մեղավորին»։

Եկեղեցին հենց մեղավորի տեղն է, մեղքերից ազատվելու և հոգին ու սիրտը մաքրելու, սակայն ինչ վերաբերում է այդ երևույթին, եկեղեցին միանշանակ մերժում է, սակայն, առավել  մտահոգում է այդ երևույթի քարոզչության հանգամանքը, որի հետևանքով հնարավոր է, որ այդ երևույթը հասարակության համար սովորական մի բան դառնա և դա արատավոր երևույթ է։

Ցավոք սրտի, էլի կլինեն նման անակնկալներ, մենք էլի կտեսնենք, սակայն այս անգամ արդեն ուրիշ ամբիոններից։Այս փաստն առիթ հանդիսացավ մտորելու, թե ու՞ր ենք մենք գնում, ի՞նչն ենք կարևորում։

Հայ ժողովրդի եկեղեցու պատմության մեջ Առաքելական եկեղեցին ինչպե՞ս Է վերաբերվել այդ երևույթին և ի՞նչ միջոցներով է պայքարել դրա դեմ:

Եթե նայենք «Կանոնագիրք Հայոց»-ը, նման երևույթների նկատմամբ եկեղեցին հստակ և շատ խիստ դիրքորոշում է ունեցել՝ ընդունելով ծանր պատիժ սահմանող որոշումներ։Այդ որոշումները ներկա հասարակության համար կարող է թվալ շատ խիստ և անմարդկային, սակայն այդ ամենը պետք է դիտարկել եկեղեցու պատմական կոնտեքստի մեջ։ Այդ պատիժների խիստ լինելը պայմանավորված է այդ երևույթի տեսակով, որը խիստ անբնական է։

Տեր Եսայի, ըստ Ձեզ, ինչու՞ այդ որոշումները ներկայումս չեն կիրառվում:

Եկեղեցու ընդունած այդ որոշումներն, իրականում, նորմալ է, սակայն եվրոպական քարոզչությունը կոչված է բթացնելու այդ զգոնությունը, բարոկայանության չափանիշները և բարոյական արժեքները հայ հասարակության կյանքում։ Այդ ամենի նպատակն այն է, որ մարդուն դարձնի այնպիսի մի բան, որ մարդը կարողանա ընդունել այն «արժեքները», որոնք իրենք են ուզում։

Վերջին շրջանում ԼԳԲՏ համայնքի անդամներն ավելի բացահայտ են սկսել գործել՝ եվրոպական այդ արժեքների քարոզչությանը զուգընթաց և այդ ամենը սպառնալիք է հայ ժողովրդի նոր սերնդին, նրանց արժեհամակարգերին և սկզբունքներին։

ԼԳԲՏ համայնքի անդամներն այնքան երաշխավորվածություն և համարձակություն ունեն, որ նույնիսկ քարոզչություն են իրականացնում դպրոցներում ու այն էլ՝ առանց թույլտվության։

Մենք՝ հայերս, ի՞նչ միջոցներով պետք է դիմակայենք եվրոպական համարվող այդ մարտահրավերներին:

Հայերն աշխարհի լիբերալ և ժողովրդավար այն եզակի պետություններից մեկն են, որ գիտեն, թե ինչպես վարվել և հայերին, ըստ Եվրոպայի, որպես հետամնաց երկիր, պետք չէ սովորեցնել, թե ինչպես պետք է վարվել այդ մոլորված մարդկանց հետ։

Եթե այդ համայնքից որևէ անդամ դառնա իր ճանապարհից և զղջա, ապա եկեղեցին պատրաստ է ընդունել նրան։

Իսկ Աստվածաշունչն ինչպե՞ս է վերաբերվում այդ երևույթին:

Այսօր ամբողջ աշխարհում մարդը քարոզվում է որպես բարձրագույն արժեք և հենց այդ նույն մարդու համար Հիսուս Քրիստոսն իր կյանքը տվեց, բայց երբ մարդը ցանկանում է «սրբագրել» Աստծո նախապես սահմանածը՝ համարելով, որ Աստված «սխալվել» է, որ իրեն տղամարդ է ստեղծել և շտկել այդ «սխալը», իրականում, դա սոդոմական մեղքի արդարացումն ու պրոպագանդումն է մեր հասարակության մեջ։

Պետք չէ այս ամենին շատ ուշադրություն տալ, քանի որ հայ ազգը շատ ավանդական և ազգային ու բարոյական արժեհամակարգ ունեցող ազգ է։ Հայ ժողովուրդն ընտանիքի սրբության առումով շատ խիստ և հստակ դիրքորոշում ունի։

Արտյոմ Առաքելյան 

Նույն շարքից