Բարի օր Հարցազրույց Քաղաքականություն 

Երևանը վերևից ներքև, աջից ձախ՝ ամբողջապես կորած է աղբի մեջ. Նաիրա Զոհրաբյանը մի շարք հետաքրքիր հարցերի մասին

analitik.am

2018 թվականի ապրիլ ամսի Հայաստանում տեղի ունեցած հայտնի դեպքերից անցել է մեկ տարի,  այս ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների, սպասելիքների և արդյունքների մասին Analitik.am-ը զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

Տիկին Զոհրաբյան, ինչպե՞ս եք գնահատում նոր իշխանության քաղաքականությունը, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել։

Գիտեք, ասել, որ մեր երկրում բան չի փոխվել, դա ազնիվ չի լինի, պետական մակարդակով  կոռուպցիայի ողնաշարը որոշակի կոտրվել է, և ես չեմ պատկերացնում, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակ մեղադրանք առաջադրվեր իրենց վերահսկողական ծառայության պետին, նրանք ամեն ինչ կանեին այդ հանցագործներին թաքցնելու համար, սա փաստ է, որը պետք է արձանագրել։ Այլ հարց է, թե արդյոք սա բավարար է արձանագրելու համար, որ երկրում համակարգային փոփոխություններ են կատարվել, ես կարծում եմ, որ ոչ։

Ժողովրդի կյանքում ի՞նչ է փոխվել։

Եկեք դուրս գանք փողոց, և եթե ժողովրդի մեծամասնությունը կասի, որ այս մեկ տարվա ընթացքում  իր կյանքում դրական տեղաշարժ տեսել է, իր կենցաղում  որակական փոփոխություն եղել է, ես կհամաձայնեմ, որ մենք շատ դրական արդյունքների ենք հասել, այո, եղել է քաղաքական հեղափոխություն, սակայն դա մնալու է արձանագրված փաստ պատմության մեջ, եթե հնարավոր չլինի իրականացնել տնտեսական հեղափոխություն։ Հիմա, եթե բնակչության կենսամակարդակը չի բարձրացել, եթե աղքատությունը շարունակվում է մնալ նույնը, գործազրկությունը չի նվազել, աշխատատեղեր չկան՝ այսինքն այն գլոբալ  համակարգային սոցիալիական խնդիրների փաթեթը, որ 20 տարի է, ինչ հետապնդում է Հայաստանին, չի փոխվել, ապա այսօր որևէ դրական արդյունքների մասին խոսել հնարավոր չէ։

Բիզնես ոլորտի մասին ի՞նչ կասեք: Նախկին իշխանություններին հաճախ էին մեղադրում, որ, այսպես ասած, բիզնեսներ են խլում, ինչը, սակայն մինչ օրս ապացուցված չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, որ իրենք չեն եկել իշխանության, որ ինչ-որ մեկի բիզնեսը խլեն։ Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ Ցեմենտ»-ի հետ տեղի ունեցած դեպքերը՝ Դուք այստեղ բիզնեսի նկատմամբ ոտնձգության որևէ միտում տեսնու՞մ եք ։

«Արարատ Ցեմենտ»-ի հետ կապված մեր դիրքորոշումը հստակ է։ Այստեղ պարոն Ծառուկյանի խնդիրը չէ, այլ գործարանի աշխատակիցների խնդիրն է, կլինկերի աշխատանքների համար հարկավոր է միայն 200 աշխատող, իսկ այն 1000 աշխատողը կզրկվեն աշխատանքից, այստեղ պետության պարտավորությունն է։

Վերջերս ստուգումներ եղան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում, դրան հաջորդեց ստուգումները պարոն Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում, ի՞նչ եք կարծում, ինչի՞ հետևանք կարող էին լինել այդ ստուգումները։

Ստուգումները եղել են միշտ, Գագիկ Ծառուկյանը եղել է բոլոր իշխանությունների թիրախում։ Ես չեմ հիշում որևէ խոշոր սեփականատեր Հայաստանի պատմության մեջ, ում այնքան հետևողականորեն ու անընդհատ ստուգած լինեն, որքան «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ձեռնարկությունները։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված Գագիկ Ծառուկյանի իշխանությունների թիրախում լինելը։

Ես չեմ կարող բացատրել, թե ինչով է պայմանավորված, կարծում եմ՝ պայմանավորված է պարոն Ծառուկյանի քաղաքական կշռով։

Եվ վերջում՝ տիկին Զոհրաբյան, վերջերս ներկա եղաք Երևանի ավագանու նիստին, ինչպե՞ս կգնահատեք այն։

Ինձ հետաքրքում էր օրակարգի վերջին հարցը, որը չգիտես ինչու դրել էին վերջում, խոսքն աղբահանության հարցի մասին է, որովհետև Երևանը հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, վերևից ներքև, աջից ձախ, ձախից աջ ամբողջապես կորած է աղբի մեջ, և մենք հիշում ենք, որ Հայկ Մարությանը քարոզարշավի ժամանակ գեղեցիկ սլայդերով ցուցադրում էր, թե ինչպիսի մաքուր և կանաչ քաղաք ենք ունենալու։

Եթե այդ հարցը չկարգավորվի, ապա վստահ եմ, որ եղանակի տաքանալուն զուգահեռ համաճարակների շատ մեծ վտանգ կա ։

Արտյոմ Առաքելյան

Նույն շարքից