Տնտեսություն 

Դրական եզրակացություն՝ հարկային բարեփոխումներին

analitik.am

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ մայիսի 24-ին հրավիրած արտահերթ նիստում շարունակել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է բանկերի (նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, որոնք ներգրավում են ավանդներ) գործունեության համար՝ տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 7000-ապատիկի չափով: Բանկի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 350-ապատիկի չափով:

Նախատեսվում է առաջիկայում կես տոկոսով նվազեցնել տրամադրվող վարկերի տոկոսադրույքը:

Շուրջ 15 տարի գրավատնային ոլորտն օրենսդրական որևէ փոփոխության չի ենթարկվել: Առաջարկվում է գործող տարեկան բազային 60 հազար դրամ տուրքի փոխարեն սահմանել 6 մլն դրամ, փոխանակման կետերի համար տարեկան բազային տուրքը՝ 3 մլն դրամ:

Քննարկման ընթացքում պատգամավորներն հիմնականում անդրադառնալով այս խնդրին՝ նշել են, որ բազային տուրքի չափերը բարձր են, ինչը չի նպաստի գրավատնային ոլորտի զարգացմանը, կփակվեն փոխանակման շատ կետեր: ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նկատել է, որ փոխանակման կետերի տարեկան տուրքը 50 հազարից 3 մլն սահմանելը ոչ իրատեսական է: ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հավաստմամբ՝ հարցը խնդրահարույց է. նա առաջարկել է նախագիծը հանել փաթեթից և համակողմանի քննարկման արդյունքում գտնել փոխհամաձայնեցված լուծում:

Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ փաթեթի հեղինակը կառավարությունն է և փոփոխություններ կատարելու իրավասությունը պատկանում է գործադրին:

Խնդրին անդրադարձ կլինի օրենքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը նշել է, որ հարկային օրենսգրքի բարեփոխումները համահունչ են տնտեսական հեղափոխության գաղափարախոսությանը և միտված են տնտեսության ու գործարար միջավայրի, միկրոձեռնարկատիրության, ՓՄՁ-ների զարգացմանը:

Պատգամավորները ներկայացրել են գրավոր ու բանավոր առաջարկություններ, որոնք առնչվել են ակցիզային հարկատեսակին, եկամտահարկի համահարթեցմանը, գինիներն ու թունդ ալկոհոլային խմիչքների հարկաչափերը նվազեցնելուն և բազմաբնույթ այլ խնդիրների:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական փաթեթին՝ ՀՀ ԱԺ երկրորդ նստաշրջանի և առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Նույն շարքից