Հասարակություն Հարցազրույց 

Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ մեր հասարակությունը բացառապես բաղկացած է բռնաբարողներից և բռնաբարվածներից. Հոգեբան

analitik.am

Վերջերս համացանցում ակտիվ քննարկման առիթ դարձավ Լյուսի Քոչարյան անունով օգտատիրոջ հրապարակած անանուն նամակները՝ անչափահաս երեխաների սեռական բռնությունների հետ կապված:

Analitik.am-ն այս մասին խոսեց «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար Միհրդատ Մադաթյանի հետ, ով ասաց, որ դա բոլոր հասարակություններում առկա երևույթ է, բնականաբար՝ պախարակելի: Սակայն հոգեբանը սխալ է համարում այն, որ նամակներն անանուն են. «Հիմա պետք է ման գալ թե ում է սա ձեռնտու: Ասեմ ավելին, հրապարակած նամակների որոշ մասն այնքան էլ իրական չէին և գրեթե ունեին նույն բովանդակությունը: Այսինքն, կոնկրետ ինչ-որ բան բերելու միտում է նկատվում և դա դեռևս սկսվեց 3-ից 6 տարեկան երեխաների համար «Իմ մարմինն իմ անձնականն է» հիմար գրքի տպագրությունից»:

Պարոն Մադաթյանը նշեց, որ այն, ինչ հիմա արվում է ավելի շատ ունի ագիտացիոն բնույթ, քան որևէ մեկին օգնելու նպատակ. «Հայաստանում գործում են բազմաթիվ հոգեբանական կենտրոններ, որտեղ նման խնդիրներով դիմում են, եթե դրա անհրաժեշտությունը լինում է, որից հետո դիմում են ոստիկանություն, և այս հարցերը գրագետ ձևով լուծվում են:

Այստեղ խնդիրը նաև զոհի հոգեբանական վիճակն է, որովհետև նրանցից շատերը չեն ուզում բարձրաձայնել դա՝ դրա համար ունենալով պատճառներ: Բնականաբար ոչ ոքի համար հաճելի չէ այս պատմությունը դարձնել  հանրային սեփականություն:

Այս պահին պետք է հասկանալ նամակները հրապարակող աղջկա արարքը, որովհետև մարդն, ով անանունն նամակը տեղադրում է համացանցում, ունենում է շատ վատ տպավորություններ և որոշակի մերկության զգացողություն է»:

Հոգեբանը բացասական է գնահատում այն, որ հարցը դարձնում են հանրության սեփականությունը, այն էլ՝ այս ձևով. «Դա անընդունելի է և միանշանակ պետք է կանխվի: Կարծում եմ այդ երևույթով պետք է զբաղվեն արհեստավարժները և պետք է զբաղվեն ոչ թե այս ձևով, որն արվում է: Պետք չէ այս հասարակությունը դարձնել այդքան արատավոր, որովհետև, ի սկզբանե սոցցանցերում այս հեղեղին հետևելով, այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ մեր հասարակությունը բացառապես բաղկացած է բռնաբարողներից և բռնաբարվածներից»:

«Չգիտես ինչու այնպիսի հիմար կարծիք է ստեղծվել, որ սոցցանցը արտացոլում է մեր հասարակության պատկերը, բայց դա այդպես չէ: Ես չգիտեմ՝ ինչ միտումների ունի այս երևույթը, ինչին է նախապատրաստում, ինչին ենք մենք գնում և ինչու ենք որոշել, որ մեր հասարակությունը պետք է ներկայացնենք ամենավատ գույներով՝ կլինի դա սեռական փոքրամասությունների, թե երեխաների բռնության մասով:

Ինքս դեմ եմ կամայական բռնությանը՝  ֆիզիկական, թե հոգեբանական».- ասաց պարոն Մադաթանն ու հավելեց, որ Լյուսի Քոչարյանի կողմից հոգեբանական բռնություն է տեսնում հասարակության նկատմամբ, որվհետև սա ինչ-որ միտում ունեցող քարոզչություն է, միգուցե՝ դրսից ֆինանսավորված:

Հոգեբանի խոսքերով, այստեղ սեռականության քարոզ կա. «Հասարակության մեջ կան շերտեր, ովքեր, պարապ լինելու արդյունքում, փորձում են ապրել այդ թվացյալ բռնաբարվողի կյանքով: Հասարակության այն մասը, ովքեր սրտին մոտ են ընդունել հրապարակված նամակները, փորձելու են այդ մոդելը, որպես մետաֆոր մտովի պատկերացնել իրենց տանը և մտովի տեսնել իրենց ամուսնուն, եղբորը, պապիկին կամ մյուսին: Այստեղ ավելի արտահայտիչ սեռականության քարոզ է, քան բռնությունը կանխելու նպատակ: Պրիմիտիվ մասսան վախենալու է երեխային դուրս թողնել և փորձելու է պոտենցիալ բռնաբարող ման գալ հասարակության և մեր՝ բոլորի մեջ:

Թվում է, թե նամակները հրապարակելով դրական բան է արվում, բայց իրականում, շատ ավելի բացասական բան է արվում հասարակության համար: Այն ընտանիքը, որը պարզ էր ու նման խնդիր չուներ, նման բաների մասին չէր մտածում ու չէր էլ մտածելու, այդ քայլով բերում են այնպիսի դաշտ, որ՝ տես քո շուրջը նման կեղտ կա: Ու քանի, որ նամակներն անանուն են, այդ կեղտը ման են գալիս բոլորի մեջ, ու իրենց կյանքում եղած բացասական կերպարներին ինդենտիֆիկացնում են բռնաբարիչների հետ»:

Պարոն Մադաթյանի պնդմամբ, եթե մենք ունենք այս երևույթը, ապա Լյուսի Քոչարյանը պետք է դուրս չգար իրավապահ մարմինների մոտից, և եթե հրապարակած նամակները հասարակությանը ներկայացվել է անանուն, ապա այդ ամբողջ անունները նա պարտավոր էր իրավապահ մարմիններին հայտնելու, ինչից հետռո քրեական գործեր կհարուցվեին. «Սա պարտավոր էր անելու, որովհետև բազմաթիվ անգամներ տեղի են ունեցել հանցագործություններ, որոնց հետ կապված պետք է հարուցվեն քրեական գործեր: Այդ դեպքում, նամակները հրապարակած աղջկան իրավապահ մարմինները պետք է պահեն և այնքան քննեն, որ բոլոր նամակների օրիգինալ տարբերակները ներկայացնի և բոլոր մեղավորները պատժվեն: Եթե այս ամենը չի արվում, եթե միայն շոու է, որովհետև ես տեսնում եմ բացառապես շոուի մաս, ուրեմն այդ շոուն ունի նպատակներ և պատվիրատուներ:

Եթե դա գրանտներ են Սորոսից, որից ես  լավ չեմ հասկանում, միայն տեսնում եմ, որ այդ Սորոսի գրանտներով կազմակերպվեց 3-ից 6 տարեկանների գիրքը, որի հետ ինքս ծանոթ եմ, ու որը ոչ մի օգտավետություն, բացի վնասելուց չունի, որը բացառապես սեռականության քարոզ է և հաշվի առնված չէ տարիքային հոգեբանություն, մենտալիտետ, աշխարհայացք և լիքը այլ բաներ: Ես չգիտեմ այդ գիրքը որտեղից են վերցրել և ինչ նպատակով, միայն հեռահար նպատակում կարող եմ հասկանալ, որ կարող ենք մեծացնել մի սերունդ, ովքեր կլինեն սեռականացված և իրենց համար այդ սեռականը կլինի այնքան կարևոր ու արժևոր, որ սեռականի մեջ ուրույնությունը դրսևորելը կդառնա առաջնային»:

Հոգեբանը նշեց նաև, որ կարող է հարգել այն մարդուն, ով ունի սեռական այլ կողմնորոշում, բայց չի կարող հարգել նրան, ով դա քարոզում է. «Մենք դեմ չենք կանգնում այն երևույթին, որը կա ու եղել է դեռևս հին ժամանակներից, մենք դեմ ենք կանգնում նրան, որ դա քարոզվում է 3 տարեկանից սկսած խմբերից:

Ցավում եմ, որ հասարակության մեջ կա մի շերտ, որի համար հեռուստացույցով ասվածն ու սոցցանցերում տեղադրվածը բացարձակ ճշմարտություն է»:

 

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից