Սեպտեմբերի 15-ին խաչվերացի տոնն է, իսկ հաջորդ օրը մեռելոց: Հանգուցյալների հիշատակի օրը կամ մեռելոցը հաջորդում է Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներին. Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Հիսուս Քրիստոսի Հարություն կամ Մեծ Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սուրբ Աստվածածնի և Խաչվերաց։
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձին և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը:
ՀՀ կառավարության որոշմամբ առաջին անգամ Մեռելոցը հայտարարվել է ոչ աշխատանքային օր 2008 թ-ի հուլիսի 26-ին Առաքելական եկեղեցու առաջարկով։ Այնուհետև ՀՀ նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի ղեկավարման տարիներին մեռելոցները հայտարարվում էին ոչ աշխատանքային օրեր։
Սեպտեմբերի 15-ին Խաչվերացն է, սակայն կառավարությունը հաջորդ երկուշաբթի օրվա հետ կապված որևէ որոշում չի կայացրել, այսինքն՝ աշխատանքային է:
Եկեղեցին նշում է, որ կիրակի օրն ուրախության տոն է՝ հորդորում է այդ օրը գերզեմանատուն չգնալ, իսկ երկուշաբթի՝ Մեռելոցին, արդեն պետք է այցելել ննջեցյալներին:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս.Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը Analitik.am-ի հետ զրույցում նշել է, որ երկուշաբթի օրը Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է, որից հետո 12-12:20-ին կարող են այցելել ննջեցյալներին:
Հարցին, թե երբ է ճիշտ այցելելը, կիրակի, թե երկուշաբթի, Տեր Շահե քահանան պատասխանել է, որ բուն տոնը սեպտեմբերի 15-ին է, պետք է այցելել ննջեցյալներին Մեռելոցին:
«Խորհրդային միության փլուզումից հետո մի քայլ կատարվեց եկեղեցու հանդեպ, դա մեռելոցների օրերը ոչ աշխատանքային հայտարարելն էր, փոխարենն աշխատում էին շաբաթ օրերին: Դա մարդասիրական քայլ էր, սակայն դա էլ դարձավ քաղաքականութուն, սկսեցին արգելել ինչ-ինչ նկատառումներով: Ես դատավոր չեմ, այնուամենայնիվ ընդառաջ չգնացին ժողովրդին, եկեղեցուն, հենց իրենց ննջեցյալների հիշատակին՝ այդ որոշումները ընդունելով»,- մտահոգ հայտնեց Տեր Շահե քահանան:
Նա նաև հիշեցրեց, թե որտեղ է բոլորիս վերջին ապավինության վայրը և խորհուրդ տվեց մտածել այդ մասին:
«Քաղաքական ուժերը գալիս են ու գնում են»,- ասաց նա, հիշելով, թե հռոմեական կայսրությունից հետո երկիրը քանի կուսակցություն, տիրակալներ ու բռնակալներ է տեսել՝ հազարավորներ, սակայն պահպանել է պետք ազգային ինքնությունը, գոյը:
«Մենք գոյատևում ենք՝ ապավինելով մեր սրբութուններին»,-ասաց տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Գոհար Ստեփանյան