Հայաստանի իշխանությունները երկխոսության կողմնակից են, և ցանկացած խնդիր պետք է լուծվի երկխոսության արդյունքում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ոչ իշխանական ուժերի վերաբերյալ քննարկումներ սկսելու ՀՀ վարչապետի առաջարկը եռյակի կողմից մերժելու հանգամանքին:«Երկխոսությունը, սակայն, չի ենթադրում, որ միանգամից բոլոր կողմերը պետք է ունենան մեկ միասնական դիրքորոշում։ Դա չի լինի ժողովրդավարական։ Բայց, միևնույն ժամանակ, երկխոսության մերժումը փակուղի տանող ճանապարհ է։ Եվ այն կողմը, որը մերժում է երկխոսությունը, ինքը փաստացի մարգինալանում է, իսկ մարգինալացված ուժերը գնում են դեպի ոչնչացում»,- ասաց Շարմազանովը:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ իշխանությունն ընդամենը ցանկանում է ժամանակ ձգել ու իմիտիացիա ստեղծել, Շարմազանովն ընդգծեց, որ ժամանակը ցույց կտա, թե ով է իրականում ցանկանում ժամանակ ձգել, իմիտացիա անել, և ով է իսկապես ցանկանում խնդիրներ լուծել: «Գոնե վերջին տարիները ցույց են տվել, թե ով է ուզում ժամանակ ձգել, ով է վճռական պահին պարտվում, իսկ ով է միշտ ձգտում երկխոսության, և ով է առանց վերմակը իր վրա ձգելու ցանկանում տարբեր քաղաքական ուժերի հետ նստել ու բանակցել»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովի խոսքով՝ առաջին անգամ չէ, որ ՀՀԿ-ն և հանրապետության Նախագահը կոչ են անում նստել և բանակցել, բայց ուլտիմատումներով երկխոսություն չի լինում: «Եթե մենք չենք հանդուրժում նախապայմաններn արտաքին քաղաքականության ոլորտում, կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, մենք պետք է գիտակցենք, որ նախապայմանները անթույլատրելի են նաև ներքաղաքական բանակցություններում։ 21-րդ դարը ժողովրդավարության դար է, ուլտիմատումի դար չէ, շանտաժի դար չէ»,-ասաց նա:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար հարկավոր է նստել և քննարկել: