Հայաստան 

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատում Դավիթ Սանասարյանի քայլը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատում «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, Երևանի ավագանու Բարև Երևան խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանի քայլը, ով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև հացադուլ է սկսել՝միջազգային հանրությունից  պահանջելով քայլեր ձեռնարկել խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահը նշեց, որ դա հայ քաղաքացու  հայրենասիրական, զգացմունքային, էմոցիոնալ պոռթկում էր:  «Գնահատում եմ Դավիթի խիզախությունը, դա ևս մեկ անգամ քայլ է, որպեսզի հավելյալ ուշադրություն դարձվի խնդրի վրա»,-  նշեց Շարմազանովը:


 Շարմազանովի խոսքով` ցանկացած ուժ տարբեր կերպ է արտահայտում իր բողոքը.

«Մի քաղաքական ուժը դա անում է հացադուլի միջոցով, մյուսը քննադատում է ու մեսիջներ ուղարկում միջազգային հանրությանը, մեր և Արցախի պաշտպանության ուժերը այլ ճանապարհով կցանկանան լուծել այդ խնդիրը, ճանապարհները տարբեր են, մեզ համար կարևոր է, որ նպատակը լինի հստակ, և կարողանանք լուծել այն խնդիրը, որը հստակ է: Այն, որ ողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի բռնակալական ղեկավարության վրա, սա փաստ է, այստեղ երկու կարծիք չի կարող լինել»,-ասաց նա:

Շարմազանովը ընդգծեց՝ եկել է պահը, որ միջազգային հանրությունը սահմանափակվի ոչ թե ընդհանուր գնահատականներով, այլ հստակ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա: «Որովհետև,  եթե Ադրբեջանն արհամարհում է բոլոր նորմերը, ապա նման բան եղել է մի 70-80 տարի առաջ. 1933թ. էլ ծնեցին Հիտլերին, հետո հասկացանք, թե նա ինչ պատուհաս դարձավ ամբողջ աշխարհի վրա, հիմա չեմ բացառում, որ նման մի պատուհաս այս աշխարհի համար լինի Ադբեջանն իր ղեկավարությամբ»,-նշեց ԱԺ փոխնախագահը:

Հարցին, եթե հացադուլը լայնամասշտաբ լինի, արդյոք Եվրոպայի համար ավելի տեսանելի չի լինի, Շարմազանովն արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ Եվրոպայի համար անտեսանելի է այն տեսաժապավենը, որ օրը ցերեկով որևէ վտանգ չներկայացնող ուղղաթիռը հետևից խոցում են: Մենք չենք ապրում 20-րդ դարում, սա 21-րդ դարն է, որը համացանցի դար է, ցանկացած  եվրոպացի պաշտոնյա պետք է ծանոթ լինի, եթե ծանոթ չէ, դա իր խնդիրն է»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Նույն շարքից