«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանին առաջարկեց «մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտին պարզաբանել անձնական տվյալներ չտրամադրելու պատճառները» սահմանման մեջ պարզաբանում բառը օրենքում հստակեցնել՝ այն սահմանելով «գրավոր պարզաբանում»:
Պատգամավորը օրինակ բերեց, երբ քաղաքացիները հեռախոսի համար են վերցնում, ապա ինչ-որ տվյալներ են լրացնում, դրանից հետո ստանում են հաղորդագրություններ՝ խանութների զեղչերի, կինոթատրոնի ֆիլմերի մասին, և այլ օրինակներ և նկատեց, որ ճիշտ կլինի, որն քաղաքացին ինքը կարողանա հստակեցնել՝ ցանկանո՞ւմ է նման հաղորդագրություններ ստանալ, թե ոչ:
«Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ո՞նց եք կարգավորելու այս ամենը, ինչպիսի՞ն է լինելու անձնական տվյալների պաշտպանությունը, որ տվյալները չգնան երրորդ սուբյեկտներին»,-հարցրեց Պողոսյանը:
Առաջարկը, ըստ փոխնախարարի, կքննարկեն. ինչ վերաբերվում է օրինակին, ապա փոխնախարարը շեշտեց, որ օրենքը հստակ է։ «Անձնական տվյալները կարող են օգտագործվել կոնկրետ հավաքագրված նպատակով՝ այսինքն, եթե ձեզ բջջային ծառայություններ մատուցելու համար են տվյալներ վերցրել, ապա հենց այդ ծառայություները մատուցելու համար կարող են տվյալները մշակվել»,-ասաց նա՝ հավելելով, որ նման դեպքերը ուսումնասիրման կարիք ունեն, քանի որ պետք է տեսնել հաղորդագրություն ուղարկելու ժամանակ անձնական տվյալ օգտագործվում է, թե ոչ:
Փոխնախարարը չբացառեց, որ օրենքի ընդունումից հետո բջջային օպերատորները որոշակիորեն կփոխեն իրենց վարքագիծը՝ տվյալների բազայի և իրենց կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված: