Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջել է աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կարգավորել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական, համայնքային հիմնարկների և կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով ընդգծեց, որ օրենքի նախագծում մի շարք վիճահարույց դրույթներ կան, որոնք մանրամասն վերլուծելու կարիք ունեն: «Ես առաջարկում եմ 20 րոպե ընդմիջում վերցնել, որպեսզի պատգամավորները հնարավորություն ունենան վերջնական հետևություններ անել»,- նշեց Բիշարյանը:
Նախագծով սահմանվում է նաև, որ պետական եւ ծառայողական, բանկային, նոտարական, փաստաբանական ապահովագրական գաղտնիք համարվող, ազգային անվտանգությանը կամ պաշտպանությանը առնչվող գործողությունների ժամանակ օգտագործվող, ինչպես նաեւ փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում եւ դատավարություններում օգտագործվող անձնական տվյալների հետ կապված առանձնահատկությունները կարգավորվում են այլ օրենքներով:
Նախագծով սահմանվում է անձնական տվյալներ մշակողի պարտականությունների մի ամբողջ ցանկ, որոնցով վերջինս պարտավորվում է, ի թիվս այլ պահանջների, ապահովել նաեւ տվյալների որակին, հավաքվող կամ փոխանցվող տվյալների անվտանգությանը առնչվող պահանջներ եւ այլն: