Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ բարձր է գնահատում այն, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ադրբեջանի զինուժի կողմից ԼՂՀ ուղղաթիռի խոցումից հետո իր ուղղաթիռով մեկնեց Արցախ, ինչը, ըստ նրա, պատգամ էր Ադրբեջանի նախագահին։
«Մեր նախագահի ուղղաթիռով Արցախ գնալու քայլը` չափազանց խիզախ քայլ էր, ու պատգամ էր Ալիևին, որ մեր օդային տարածքը վերահսկելի է»- ասաց նա։
Ըստ Ռազմիկ Դավոյանի՝ Ադրբեջանը հատուկ մարտավարություն ունի. հենց հարաբերությունների մեղմացման նշույլ է երևում, նա, անպայման, իրավիճակը սրելու քայլեր է անում:
Նրա խոսքով, առանց այդ էլ «Ադրբեջանը միջազգային ասպարեզում վարկանիշ չունի, և իր այդ բորենու քաղաքականությամբ» այն ավելի է գցում:
«Ադրբեջանին թվում է, թե հատուկ ռազմավարությամբ իր օգուտն ունի, բայց դա այդպես չէ: Ամբողջ ուժը նավթադոլարների վրա է, իրենց կաշառքի ու կաշառակերության վրա է: Չեզոք գոտում հայկական ուղղաթիռը խփելու իրավունք նրանք չունեին»,- ասաց Ռազմիկ Դավոյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ Ադրբեջանը, իր նախագահով հանդերձ, այնքան անպարկեշտ է դարձել, որ «բանի տեղ չի դնում» միջազգային կառույցներին:
Ռազմիկ Դավոյանը նկատեց նաև, որ Հայաստանը շատ ուժեղ զինվորներ ունի, և կարող է իր «ռեմբոներին» ուղարկել՝ զոհված օդաչուների մարմինները բերելու, սակայն սպասում են միջազգային ատյանների գործողություններին:
«Հայկական անզեն ուղղաթիռը ոչնչացնելը նույն ձեռագիրն է, ինչ Ռամիլ Սաֆարովն է կացնահարում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Անզեն ուղղաթիռը գցելը հերոսություն չէ»,- ասաց Ռազմիկ Դավոյանը: