Հայաստան 

ՌԴ միգրացիոն ծառայությունը 374 հայերի թույլատրել է կրկին մուտք գործել Ռուսաստան

Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունների համագործակցության արդյունքում 374 հայ միգրանտի համար վերացվել է ՌԴ տարածք մուտք գործելու արգելքը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանն այդ տարի դյուրացրեց իր ընթացակարգերը և հնարավորություն տվեց ՀՀ քաղաքացիներին Միգրացիոն ծառայության անհատական գրությունների հիման վրա արգելանքի որոշումը վերանայել և հնարավորության դեպքում` վերացնել մուտքի արգելքը:

«Մինչ օրս մեզ է դիմել 2 հազար 923 անձ, որոնցից 2023-ի գործերն ուղարկվել են ՌԴ միգրացիոն ծառայություն: Այդ անձանցից 1771-ի դեպքում արդեն ստացել ենք պատասխաններ: Արդյունքում 374 դիմումի պարագայում պատասխանը եղել է դրական, և այդ անձինք հնարավորություն են ստացել կրկին մուտք գործել ՌԴ տարածք: Դա կազմում է դիմումների  21-22 տոկոսը, որը զգալի թիվ է»,-  ասաց Եգանյանը:


Նա ընդգծեց, որ այս մեխանիզմը վերաբերում է միայն անկանոն, անլեգալ միգրացիային: «Նման դեպքերում անձը հիմնականում խախտում է տվյալ պետության միգրացիոն օրենսդրությունը կամ վարչական իրավակարգավորումների պահանջները: Երկրից նրան չեն արտաքսում, սակայն տվյալ երկրի տարածքից դուրս գալուց հետո անձի հետագա մուտքն արգելվում է մինչև 5 տարի ժամկետով»,- ասաց Եգանյանը:

Նույն շարքից