Հայաստան 

Հայաստանը և Կիպրոսը Թուրքիայի կոկորդին երկու «ոսկորներ» են, որոնց համագործակցությանը փորձելու է խոչընդոտել. թուրքագետ

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը գտնում է, որ Կիպրոսի հետ Հայաստանի հարաբերությունները կրկնակի հարված են Թուրքիայի համար, քանի որ Թուրքիան ինչպես ունի Կիպրոսի հարց, այնպես էլ՝ հայկական հարց:

«Այսինքն Թուրքիայի կոկորդին երկու «ոսկորներ» կան, որոնց համագործակցությունը, ըստ իրենց տրամաբանության, պետք է լինի ոչ թուրքանպաստ։ Հետևաբար` Թուրքիան էլ փորձելու է խոչընդոտել, վնասել հայ-կիպրոսական հարաբերություններին»-ասաց նա` անդրադառնալով ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի Յանակիս Օմիրու հայտարարությանը` ըստ որի` չնայած Անկարայի առաջացրած բարդություններին՝ Կիպրոսը և Հայաստանը պետք է ակտիվացնեն երկկողմ հարաբերությունները:

Գևորգ Պետրոսյանը գտնում է, որ Թուրքիային ձեռնտու չէ Կիպրոսի զարգացումը` թե՛ միջազգային հարաբերությունների տեսանկյունից, թե՛ տնտեսական առումով:

«Ամեն դեպքում, կարծում եմ, որ Կիպրոսի հետ հարաբերությունները խորացնելու ներուժ կա` ինչպես միջազգային ասպարեզում` այնպես էլ երկկողմ հարաբերություններում: Ի վերջո՝ Կիպրոսը ԵՄ անդամ է, և այդ տեսանկյունից Հայաստանի հետ կարևոր է ԵՄ անդամ պետության հետ հարաբերությունները զարգացնել, և պարտադիր չէ, որ դա ուղղված լինի հենց Թուրքիայի դեմ»,-ասաց նա:

 

Թուրքագետը գտնում է, որ կարող ենք ուսումնասիրել Կիպրոսի փորձը, թե այնտեղ ինչպես են անհատների մակարդակով Թուրքիայից բավական կլորիկ գումարներ ստանում` այդ երկրի գործած անօրինականությունների համար:

«Կիպրոսի հույն բնակիչները, որոնք տուժել են Թուրքիայի ներխուժումից, բավական հաջող դատական հայցեր են ներկայացնում մարդու իրավունքների եվրոպական դատարան և հաճախ շահում են»,-ասաց նա:

Նույն շարքից