Իրավական 

32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում  ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է  դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 1987թ. ծնված քաղաքացուն: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, 2019 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:24-ին, մուտք  գործելով Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող դեղատներից մեկը, գումար հափշտակելու դիտավորությամբ, հարձակում է գործել նշված դեղատան աշխատակցի նկատմամբ՝ ի ցույց  դնելով նախապես վերցված դանակը, վաճառասեղանից ներս անցնելու սպառնալիքով, պահանջել և ստացել է դրամարկղում առկա գումարները՝ պատճառելով զգալի չափերի վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից