Իրավական 

Մեղադրանք է առաջադրվել 9 անձի

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 9 անձի: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ կազմակերպված խմբի անդամները «Հարավ Կովկասյան երկաթուղուն» և «Երևանի ՋԷԿ»-ին պատկանող տրանսֆորմատորներից պղնձյա փաթույթները գողանալու և իրացնելու շուրջ համաձայնությունը ձեռք են բերել նախապես, ծրագրել ու մշակել են հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել դերաբաշխում:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կազմակերպված խումբը, որի թվով ինն անդամները ճանաչել են միմյանց և գտնվել կայուն կապի մեջ, գողությունները կատարել է 2019թ. հունվարից մինչև ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում:

Քննության տվյալներով՝ խմբի անդամները, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նյութական արժեք ներկայացնող պղնձյա փաթույթներ հափշտակելու, դրանք մետաղի ընդունման որևէ կետում վաճառելու և շահույթ ստանալու նպատակով, կայուն կապի մեջ գտնվելով, նախօրոք կատարված դերաբաշխմամբ, 2019 թվականի հունվար ամսին խմբով ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում գտնվող` «Արաքս» քարշային էլեկտրական ենթակայանի տարածք, որտեղ չգործող տրանսֆորմատորի միջից կտրելու եղանակով մասնատել են պղնձյա փաթույթները, լցրել պարկերի մեջ ու դրանք տեղափոխելով Երևան՝ հանձնել են մետաղների ընդունման կետում, որի դիմաց ստացած շահույթը բաժանել են խմբի կազմում գործող անձանց մեջ` «Հարավ Կովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառելով խոշոր չափերի` 2.850.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, 2019 թվականի փետրվարից մինչև 2019 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում տեղադրված տեսախցիկի միջոցով վերահսկելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող տարածքը, խմբի անդամներն ստացել են տեղեկատվություն եղանակային պայմանների վերաբերյալ և բարենպաստ, անվտանգ պահին, շուրջ 13 անգամ 2-3 օրը մեկ հաճախականությամբ, խմբի անդամներից 8-ը մուտք են գործել նշված տարածք, իսկ մեկը դրսում՝ մեքենայի մեջ, հսկել է տարծքը:

Քննության տվյալներով՝ զոդման միջոցով բացելով տրանսֆորմատորը՝ խմբի անդամները, միմյանց գործողությունները փոխլրացնելով, նախօրոք ընտրված տեխնիկական միջոցների գործադրմամբ, կտրել են դրա մեջ առկա պղնձյա փաթույթները, լցրել պարկերի մեջ, տեղափոխել տարածքից դուրս և իրենց կողմից տրանսպորտային միջոցներով տեղափոխել Երևան և գողոնն իրացրել քաղաքի տարբեր հասցեներում գործող գունավոր մետաղների ընդունման կետերում:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով՝ յուրաքանչյուր անգամ մասնատել և դուրս են բերել մոտ 1 տոննա պղնձյա փաթույթներ՝ «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 21.490.349.41 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համակցությամբ՝ խմբի 9 անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին և 2-րդ կետերով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Որոշում է կայացվել՝ սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից