Իրավական 

Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկի-բազմամետաղային հանքավայրը տարիներ շարունակ շահագործվել է՝ առանց հողատարածքի նպատակային նշանակությունը դրան համապատասխանեցնելու. քրեական գործ է հարուցվել

analitik.am

ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ Լոռու մարզում գտնվող ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման պայմանների, ընդերքօգտագործման նպատակով հողատարածքների իրացման օրինականությունը: Այս մասին հայտնումեն Գլխավոր դատախազությունից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանքավայրի շահագործման նպատակով «Ս...» ՓԲ ընկերությանը տրված լեռնահատկացման ակտով 2015թ.-ից, մինչև 01.03.2049թ. գործողության ժամկետով, տրամադրվել է 278,6հա լեռնահատկացման տարածք:

ՀՀ վարչապետի աշխատակազմի հանձնարարականի հիման վրա 2019թ. ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից Ստեփանավան համայնքի հողամասերի հաշվառման և գնահատման տվյալների ուսումանսիրությամբ պարզվել է, որ համայնքում վերը նշված ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է 89,9 հա մակերեսով հողամասեր, որից 76,4հա՝ գյուղատնտեսական նշանակության և միայն 13,5հա՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության:

Ընդ որում, պարզվել է, որ ՓԲԸ-ն ընդերքօգտագործման նպատակով օգտագործում է շուրջ 128 հա հողատարածք, որից միայն 77.6 հեկտարն է կազմում իր սեփականությունը: Մնացած մասով ապօրինի օգտագործվում է համայնքային (41.6հա) և քաղաքացիների (8.74հա) սեփականության հողամասերից: Դա այն դեպքում, երբ ըներությունն իր սեփականությունը չհանդիսացող հողատարածքները կարող էր օգտագործել միայն սեփականատիրոջ համաձայնությամբ կամ հողատարածքի օգտագործման պայմանագրով:

Ավեին. ՀՀ ընդերքի մասին և ՀՀ հողային օրենսգրքերով սահմանված պահանջներից ելնելով՝ ընկերությունը չէր կարող իրեն սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերն օգտագործել ընդերքօգտագործման նպատակով՝ առանց դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու, ինչը չի իրականացվել: Արդյունքում ընկերության կողմից համայնքային բյուջե չի վճարվել սեփականության իրավունքով իրեն պատկանող 76,4հա ընդհանուր մակերեսով հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների՝ փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է շուրջ 299մլն դրամ:

Բացի այդ, ընդերքօգտագործման նպատակով օգտագործվող հողատարածքների նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոխադրվելու դեպքում դրանց վարձավճարները 2016-2018թթ. համար կարող էին կազմել մոտ 7.8մլն դրամ, իսկ հողի հարկը՝ մոտ 2.6մլն. դրամ։

Ըստ հողային, տեղական ինքնակառավարման օրենսդրությունների, այդ ժամանակ գործող ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի պահանջների՝ համայնքների հողերի օգտագործման, հողամասերի տրամադրման, վարձավճարների և հարկերի գանձման, հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության լիազորությունները կրել են մարզպետները և համայնքների ղեկավարները։

Այպիսով, ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված նյութերի ուսումնասիրությամբ առերևույթ տվյալներ են ստացվել 2015-2019թթ. ՀՀ Լոռու մազպետարանի և Ստեփանավան համայնքի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց վերապահված՝ վերահսկողության պարտականությունը չկատարելով ՓԲԸ-ին պատկանող 76,4հա մակերեսով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար միջոցներ չձեռնարկելու, ընկերության կողմից ապօրինի հողօգտագործումը կանխելու, հողային օրենսդրության պահանջների կատարումն ապահովելու և դրա հետևանքով համայնքի բյուջե կադաստրային արժեքների տարբերությունը, վարձավճարները և հողի հարկերը կազմող ընդհանուր առմամբ շուրջ 309.4մլն դրամի գումարները չվճարելու, ինչպես նաև ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողների կողմից վստահությունը չարաշահելու եղանակով համայնքին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու վերաբերյալ։

Նշված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից