Գլխավոր Հասարակություն 

Ռեկտորը չի պատրաստվում հանդիպել ուսանողների հետ. Ասել է, որ ժամանակ չունի

analitik.am

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը մերժել է ուսանողների հետ հանդիպման խնդրանքը: Նա ասել է, որ ուսանողները կարող են նամակ ուղղել ու ստանալ պատասխան, իսկ հանդիպման համար ժամանակ չկա:

Ուսանողները չեն պատրաստվում երկրորդ անգամ նամակով դիմել, քանի որ առաջին նամակի պատասխանը լղոզված է եղել, իսկ այսօր կայանալիք հնարավոր հանդիպմանը պետք է քննարկվեին նաև տրված պատասխանները:

Ակցիայի մասնակից ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանի խոսքերով, ռեկտորի մերժումը շատ խորքային խնդիրների մասին է խոսում. «Պարոն Սիմոնյանի հրաժարականից հետո, իմ անձնական կարծիքով, որոշակի միջամտության և հովանավորչության արդյունքում ռեկտորի ԺՊ նշանակվեց հարգված գիտնական ու փորձառու մարդ՝ պարոն Գևորգյանը, ում անձի մասին որևէ վատ բան ասել չի կարելի: Նա արդեն մի քանի ամիս պաշտոնավարում է, սակայն դեռևս մրցույթ չկա ռեկտորի պաշտոնի համար: Մրցույթ չկա, քանի որ որոշ մարդիկ հարմար թեկնածու են փնտրում: Ես չեմ ուզում անհատականացնել, ինչ-որ կառույցի կպնել: Ռեկտորի ԺՊ-ն բազմաթիվ խնդիրների է բախվել, որոնք չգիտես թե ինչու չի լուծում»:

Գալստյանը նշեց, որ այս վիճակն արդեն տևում է երկու տարի. «Երկու տարի ԵՊՀ-ի դեմ արշավ է իրականացվում»:

Ակցիային մասնակիցներ կան Աստվածաբանության, Արևելագիտության ֆակուլտետներից. «Մենք ակցիան փոքր մասշտաբներով ենք անում, որպեսզի ակադեմիական միջավայրին վնաս չտանք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ ուսանողները հանդիպում են պահանջում ռեկտորի հետ և պաստրաստվում են նստացույց անել այդ նպատակի համար: Նստացույցը կլինի մինչև աշխատանքային օրվա ավարտը:

Նշենք, որ աթոռներն ուսանողներին տրամադրել են անվտանգության աշխատակիցները, որպեսզի նրանք չնստեն սառը հատակին:

Նույն շարքից