2003 թվականին Երևանի Հանրապետության հրապարակում, շինաշխատանքների ընթացքում բացվեց հին քաղաքի ավերակներ։ Մասնագետները որոշ ժամանակ աշխատեցին, սակայն ինչպես այն բացվել էր, այնպես էլ փակվեց: Դրանից հետո մամուլում իրարամերժ տեղեկություններ էին պտտվում, թե հին քաղաք էր՝ ներկայացված էր Ուրարտական պետության ճարտարապետություն, որը 17-րդ դարի երկրաշարժից մասամբ փլուզվել էր և այլն:
Նախօրեին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում Հանրապետության հրապարակի ստորգետնյա շենքի վերաբերյալ գրառում էր կատարել. «Սա կարող է իրականություն դառնալ շուտով։ Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ: Առայժմ այսքանը»,-գրել էր նա:
Արդյո՞ք հնարավոր է բացել ստորգետնյա քաղաքը և ի վերջո ինչ շինություններ են թաքնված Հանրապետության հրապարակի տակ Analitik.am-ի հետ զրույցում պարզաբանեց ճարտարապետ Լևոն Վարդանյանը։
Նա նշեց, որ Հանրապետության հրապարակի ստորգետնյա հատվածում հայտնաբերված հին շինությունները 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբից մնացած շենք-շինությունների մառաններն են․ «Այդ շենքերի վերաբերյալ հին քաղաք հասկացություն չկա: Երբ Խորհրդային շրջանում կառուցեցին Հանրապետության հրապարակը, Աստաֆյան փողոցը, որ գալիս էր վերևից, փողոցի կողքերի շենքերի մառանները մնացին հողի տակ: Ի՞նչ եք կարծում՝ ճիշտ է արդյո՞ք այդպիսի ամպագոռգոռ հայտարարություն անել՝ այդ մառանների անունը դնելով ստորգետնյա քաղաք»,- հարց է տալիս ճարտարապետը:
Վարդանյանն անհավանական է համարում բացել այդ մառանները և ներկայացնել որպես մշակութային արժեք. «Թե՛ քաղաքաշինորեն, թե՛ պատմականորեն այդ մառանների բացումն ինձ համար անհասկանալի է: Շենքերը չկան, մնացել են մառանները, բացե՞նք»,-ասաց ճարտարապետը՝ նշելով, որ չի հասկանում մառանների շուրջ ստեղծված աղմուկը։
Ըստ նրա, որոշ մարդիկ չգիտեն ինչով զբաղվել, դրա համար զբաղված են նման հարցերով: Բացի այդ, միջնադարյան կառույցներ կան, որոնք հիմա էլ քանդվում են բոլորի աչքի առջև և տերություն անող չկա, զբաղված են ինչ-որ մառանների խնդրով:
Դիտարկմանը, թե նախօրեին Հանրապետության հրապարակի ստորգետնյա շենքերի վերաբացման հարցը շրջանառության մեջ է դրել ԿԳՄՍ նախարարը, ճարտարապետն ասաց. «Հիմարություն է դուրս տվել: Արայիկ Հարությունյանը մասնագետների հետ թող մի հատ խոսեր՝ հետո իրենից դուրս նման բաներ դուրս տար: Հրապարակի հին քաղաքից ձեռ քաշեք»,-առաջարկեց Վարդանյանը:
Գոհար Ստեփանյան