Հասարակություն 

Իրենք իրենց տաք աշխատասենյակներում նստած միս են ուտում, իսկ մենք պայքարում ենք, որ վաճաված մսի գումարով գոնե մակարոն ուտենք. ակցիայի մասնակից

analitik.am

ՀՀ անասնապահներն ու մսավաճառները շարունակում են բողոքել սպանդանոցներին վերաբերող որոշման դեմ։ Հայաստանի տարբեր մարզերում բնակիչները կաթվածահար են անում երթևեկությունը:

Այսօր Analitik.am-ի հետ կապ հաստատեցին Անի խոշորացված համայնքի Լանջիկ տարածաշջանի բնակիչներից և հայտնեցին, որ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը: Նրանք ասացին, որ ճանապարհը չի բացվելու այնքան ժամանակ, քանի դեռ սպանդանոցների վերաբերյալ որշումը գրած տղան չգնա իրենց հետ հանդիպման. «Այս նախագծով կառավարությունն ասում է «դուք աշխատեք գյուղացիներ ջան, գումարները տվեք մեզ, իսկ դրանք մենք մեզ պարգևավճարներ կբաժանենք»: Մենք չենք հասկանում ինչ են ուզում մեզանից, փոխանակ իրանք օգնեն, որ ժողովրդի կյանքը լավանա, ամեն ինչ անում են, որ չուզենանք Հայաստանում մնալ»:

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքերով, կառավարությունն ամեն ինչ անում է, որ ժողովրդի ձեռքին գումար չմնա. «Սպանդանոցներ ոչ բոլոր մարզերում կան, դրանք մսի պակաս ունեն, և առանց համապատասխան պայմաններ ստեղծելու, իշխանություններն օրենք են ընդունել։ Նենց տպավորություն է, որ վարչապետն ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքացիների ձեռքին գումար չմնա: Մենակ որոշում կայացնելով հո չի, բա դրանից առաջ ինչի՞ որևէ պետական պաշտոնյա չի այցելել գյուղեր՝ գյուղացու կարծիքը խնդրի վերաբերյալ հասկանալու համար։ Թե ամեն ինչ անում են, որ իրենց համար լավ լինի, մենք էլ հեչ էլի»:

Ակցիայի մասնակիցներն ասացին՝ եթե ներկա իշխանությունը շարունակի նման ոճով պաշտոնավարել, իրենք կհեռանան Հայաստանից. «Կառավարությունն իր այս որոշմամբ ստիպում է, որ այլևս անասուն չպահենք, թողնենք արտագաղթենք, որովհետև մենք հազիվ ապրելու գումար ենք վաստակում, դա էլ են ուզում կտրել: Այդ նախագիծն ընդունողները երևի իրենց տաք աշխատասենյակներում նստած միս են ուտում, իսկ մենք պայքարում ենք, որ վաճառված մսի գումարով գոնե մակարոն ուտենք: Այս ի՞նչ եք անում մեր գլխին դուք»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից