Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Մակունցը հիասթափեցրեց Մարուքյանին, Լենա Նազարյանը դեմ գնաց Իմ քայլի որոշմանը, Իմ քայլը տապալեց ԼՀԿ-ի նախաձեռնությունը. Սա խայտառակություն է

analitik.am

Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ Իմ քայլը խմբակցությունը տապալեց ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելը:

Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղեկացրել էր, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:

Խորհրդարանը քննարկել էր քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը:

Հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը նշել էր, որ հանձնաժողովը գործելու է 6 ամիս ժամկետով: Նա առաջարկել է քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 11:

Դեռ երեկ Իմ քայլը հայտարարել էր, որ կողմ չի քվեարկելու հանձնաժողովի ստեղծվելուն:

Այսօր քվեարկությունից առաջ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմեց Իմ քայլին՝ հույս հայտնելով, որ երեկվա որոշումը վերաիմաստավորած կլինեն և չեն տապալի հանձնաժողովի ստեղծումը. «Եթե տապալեք, դա վատ նախադեպ է ստեղծելու խորհրդարանական Հայաստան ունենալու մեր բռնած ճանապարհին: Ես երեկ տեղեկացրել եմ որ այն լուրջ քաղաքական ետընթաց կարող է արձանագրել մեր ժողովրդավարության իմաստով»:

ԲՀԿ-ականներն իրենց հերթին հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու հանձնաժողովի ստեղծմանը:

Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր հերթն հայտարարեց, որ վատ նախադեպ կլինի, եթե իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովն իրականացնի գործառույթներ, որոնք իր լիազորությունների մեջ չի մտնում և պարունակում է հակասահմանադրական տարրեր. «Մենք ունենք իրավական կազուսային իրավիճակ, երբ մի կողմից իրավունքի ուժով կարող է ստեղծվել ԱԺ քննիչ հանձնաժողով, իսկ մյուսի կողմից ՏԻՄ-ին տրված լիազորությունները թույլ չեն տալիս ԱԺ-ին դա անել: Դա կարող է անել Երևան քաղաքի ավագանին: Մենք առաջարկում ենք քննությունն անցկացնել ավագանու միջոցով»:

Մակունցը հիշեցրեց նաև ավագանու Իմ քայլը խմբակցության հայտարարության մասին՝ տեղեկացնելով, որ Իմ քայլը չի մասնակցելու քվեարկությանը:

Իմ քայլը քվեարկությանը չմասնակցեց՝ բացառությամբ Լենա Նազարյանի, ով դեմ քվեարկեց: Հանձնաժողովի ստեղծումը տապալվեց, կողմ քվեարկեց 39 պատգամավոր, դեմ՝ 2:

Քվեարկությունից հետո Մարուքյանը հայտարարեց, որ այս քվեարկությամբ մեծամասնությունը ցույց տվեց, որ քաղաքական կամք չունի Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար. «Հարցը խորհրդարանում է եղել և Երևանի ավագանին չի որոշում խորհրդարանի լիազորությունների սահմանադրական կամ հակասահմանադրական լինելը:

Տիկին Մակունց, եթե կարծում եք, որ Երևանի ավագանին է դա որոշում, ես ուղղակի հիասթափված եմ: Ես ուզում եմ ասել, որ սա վատ նախադեպ է, նման նախադեպ չի եղել նույնիսկ նախկին խորհրդարանում, երբ ընդդիմության սահմանադրական լիազորությունները նման ձևով, նման ճանապարհով տապալվեն:

Սա քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու:

Այսօր հեղափոխությունից հետո առաջին անգամ սահմանադրական մակարդակում նման ետընթաց է արձանագրվում, ինչով դուք ցույց եք տալիս, որ վախենում եք ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը՝ ստեղծվելիք հանձնաժողովում ունենալով մեծամասնություն: Սա խայտառակություն է»։

Նույն շարքից