Գլխավոր Հասարակություն 

Արդյո՞ք Հրայր Թովմասյանին սպառնացող ոստիկանն այնպիսի տվյալներ գիտի, որը քննության համար կարող է հետաքրքիր լինել. Փաստաբան

analitik.am

ՀՀ ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Ոստիկանության փոխանցմամբ, գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը ֆիքսել ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մեկ այլ օգտատիրոջ՝ ոստիկանության ծառայող Վազգեն Սիմոնյանի գրառումը: Գրառման մեջ ոստիկանն անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել ՍԴ նախագահի հասցեին, նրան սպառնացել՝ ասելով, որ հաջորդն ինքն է լինելու, նկատի ունենալով ԱԱԾ նախկին ղեկավար Գերոգի Կուտոյանի մահը:

Analitik.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ ամեն դեպքում պետք է քրեաիրավական գնահատական տրվի՝ եթե սպառնալիք կամ խոչընդոտ կա դատավարի  հանդեպ, դա քրեորեն պատժելի արարք է, պետք է ավելի լուրջ քննություն իրականացվի:

Ըստ փաստաբանի, ՀՔԾ-ն պետք է գնահատական տա արարքին և այնքան էլ ճիշտ չի նույն մարմնի աշխատողին նույն մարմնի կողմից գնահատական տալը:

«Չնայած վերջերս այս երևույթը մեզ մոտ տարածված է: Ոստիկանի դեմ հանցագործության մասին հաղորդում են տալիս, Հատուկ քննչական ծառայությունն ուղարկում է Ոստիկանություն, որպեսզի հաղորդումը քննարկման առարկա դառնա»,-ասաց նա և հավելեց, որ այդ դեպքում մեղմ են վերաբերում, քանի որ ղեկավարությունից կախվածության մեջ են լինում:

«Իմ կարծիքով, պետք է քրեական գործ հարուցվեր, պարզվեր հանգամանքները, հետո ասվեր, որ չի եղել սպառնալիք, և գործի հարուցումը մերժվեր, սակայն դա պետք է լինի քրեական գործի շրջանակներում»,-ասաց Հայրապետյանը:

Իսկ թե ինչ գնահատական է տալիս փաստաբանը ՍԴ նախագահի դեմ Ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանի գրառմանն, ասաց, որ ոստիկանի  արարքը, գոնե առերևույթ համապատասխանում է սպառնալիքի  հանցակազմին և հետևաբար պետք է նյութեր նախապատրաստվի ՀՔԾ-ում և քրեական գործ հարուցվի, ընթանա մանրակրկիտ քննություն և հետո որոշում կայացվի:

«Պետք է ճշտվի նաև, հնարավո՞ր է Վազգեն Սիմոնյանն այնպիսի տվյալներ գիտի, որ քննության համար էլ հետաքրքիր է: Ոստիկանը գիտի՞, թե ինչի համար է նման հայտարարություն արել»,-ասաց փաստաբանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից