Հասարակություն Տեսանյութեր 

Մինչև հուլիսի 1-ը հարցը պետք է լուծվի. Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչ է առաջարկում սպանդանոցների հարցը լուծելու համար

analitik.am

Այսօր՝ հունվարի 22-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով սպանդանոցների հետ կապված խնդրի մասին, հայտարարեց, որ միանշանակ անցում պետք է կատարվի սպանդանոցային համակարգին. «Դա բացի առողջապահական խնդիրներից, երկրի ստանդարտների, վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում, ունեն արդարցի փաստարկներ, այո: Այդ փաստարկներից ամենակարևորն այն է, որ մենք չունենք սպանդանոցների բավարար քանակ»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում սպանդանոցների բավարար քանակ չկա, քանի որ որոշումն անընդհատ հետաձգվում է. «Մարդիկ փող են դնում, ներդրում անում, սակայն մտածում են, որ կառավարությունը կարող է չեղյալ համարել սպանդանոցների մասին կարգավորումը»:

Փաշինյանի խոսքերով, կառավարությունն առաջարկում է հետևյալը. «Մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորում անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմանները:

Բացի դրանից, կառավարությունը կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ, հասցեական կֆինանսավորի այն նախագծերը, ովքեր այդ հասանելիության խնդիրը կլուծեն: Եթե մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է մինչև հուլիսի 1-ը միասին աշխատելը և պրոցեսը մինչև վերջ տանելը՝ պայմանով, որ թեմային այլևս չենք անդրադառնալու… Հիմա կան շարժական, փոքր սպանդանոցներ: Կառավարությունը պատրաստ է այլ առաջարկներ ևս լսել, կայացնել որոշումներ»:

Փաշինյանն ասաց, որ մինչև հուլիսի 1-ը պետք է հարցը փակվի, թեմային այլևս անդրադարձ չի լինելու, անցում է կատարվելու սպանդանոցային համակարգին. «Եթե մեր բողոքող քաղաքացիների համար առաջարկություններն ընդունելի են, միասին կաշխատենք»:

Այսպիսով, կառավարությունն առաջարկում է տյունինգ անել սուբսիդավորվող վարկերն ու լիզինգային ծրագրերը, մինչև հուլիսի 1-ը հարցը թողել այսօրվա վիճակում, բացառությամբ՝ Երևանում գործող սուպերմարկետների և հանրային սննդի ցանցի, պայմանին, որ հուլիսի 2-ից այս թեմային անդրադարձ չի լինելու:

Փաշինյանի խոսքերով, եթե քաղաքացիների համար ընդունելի են առաջարկները, միասին կաշխատեն, իսկ եթե ընդունելի չեն, կարգավորումները, որոնք այսօր կան, որոնք գործում են, կշարունակի գործել: Այսինքն, մորթը կիրականացվի սպանդանոցներում:

Նույն շարքից