Քաղաքականություն 

Այն, ինչ տեղի ունեցավ տարեսկզբին, առավել ցայտուն արտահայտվեց, քանի որ վտանգները շատ ավելի սրված էին․ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները ԱԺ պատգամավորների հարցերին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում․

Տարոն Սիմոնյան. Հարցս վերաբերում է արտաքին քաղաքականությանը:

Մեր նախորդ բոլոր  կառավարություններն արտաքին քաղաքականությունում դրսևորել են պահպանողականություն, և Ձեր կառավարության առջև խնդիր է դրված ավելի նախաձեռնող լինել: Դեպի ծով ելք չունեցող պետությունները միջազգային իրավունքի շրջանակներում ունեն արտոնություններ, և միջազգային իրավունքը պետություններին, որոնք աշխարհագրորեն գտնվում են ծովի և դեպի ծով ելք չունեցող պետությունների միջև, պարտավորեցնում է, որ առնվազն չխոչընդոտեն այդ պետություններին դեպի ծով մուտք ունենալու հարցում:

Սա վերաբերում է նաև Թուրքիայի Հանրապետությանը, և առնվազն երկու միջազգային կազմակերպությունների շրջանակներում Թուրքիան պարտավորություն ունի չխոչընդոտել Հայաստանին:

Դրանք են՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը. թեև Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Թուրքիան վերապահում ունի, բայց դա չի վերաբերում իմ նշած խոչընդոտին: Այս շրջանակներում արդյո՞ք մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը փորձելու է ապագայում ավելի նախաձեռնողական լինել և օգտագործել միջազգային իրավունքով ընձեռված հնարավորությունները և գործիքակազմը՝ մեր հարևաններին պարտադրելու հարգել  միջազգային իրավունքը:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն հարցի համար։ Չափազանց սուր հարց է մեր արտաքին քաղաքական օրակարգում։ ՄԱԿ-ի շրջանակներում գոյություն ունի դեպի ծով ելք չունեցող երկրների հատուկ խումբ, որի կազմում են ավելի քան 30 երկրներ։ Մենք այդ շրջանակներում ևս աշխատում և համագործակցում ենք նման երկրների հետ։

Ձեր բարձրացրած հարցն ավելի լայն կոնտեքստում է․ այն վերաբերում է Հայաստան- Թուրքիա հարաբերություններին, և այսօր այդ հարաբերությունների բացակայությունն ավելի լայն իմաստով մարտահրավեր է Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության համար. մենք դա դիտարկում ենք այդ համատեքստում։

Մենք այս հարցը դիտարկում ենք որպես մեր ազգային անվտանգության ամենասուր մարտահրավերներից մեկը: Թուրքիայի գործոնը՝ որպես վտանգ պարունակող գործոն, ավելի հնչելի և տեսանելի է մեր արտաքին քաղաքականության մեջ։

Իրավական դաշտում ավելի կոնկրետ գործողությունների առումով պետք է ասեմ, որ մեզ անհրաժեշտ է ավելի մանրակրկիտ հաշվարկ՝ ինչպես ենք մենք այս գործընթացը շարունակում իրավական դաշտում։ Շնորհակալություն։

Տարոն Սիմոնյան. Շնորհակալություն պատասխանի համար:

Միջազգային իրավունքով զբաղվող մեր մասնագետները սրանից էլ հինգ-տասը տարի առաջ բավականին խորը հետազոտություններ ունեն արված այդ բնագավառում, և գոնե գիտության ասպարեզում կան ռեալ գործիքակազմեր, որոնք կարող են օգտագործվել արտաքին քաղաքական գերատեսչության կողմից:

Եվ ես կարծում եմ նաև, որ միգուցե ժամանակն է, որ արտաքին գերատեսչությունում փոխնախարարներից մեկը լինի միջազգային իրավունքի մասնագետ, որպեսզի մենք կարողանանք արտաքին գործերի նախարարությունում այդ թևն ուժեղացնել և օգտագործել միջազգային իրավունքի տված բոլոր հնարավորությունները:

Զոհրաբ Մնացականյան. Ես ուրախությամբ ընդունում եմ Ձեր առաջարկը՝ շարունակելով գնահատել հարցի իրավական հատվածը: Բնականաբար, բոլորս հասկանում ենք, որ իրավական հատվածն անհրաժեշտ է նաև համադրել քաղաքական հատվածի հետ, և համապատասխան հաշվարկ կատարել՝ հստակ գործողություններ իրականացնելու համար: Բայց, բոլոր դեպքերում, ես ընդունում եմ Ձեր առաջարկը և ուրախ կլինեմ համագործակցել այդ առումով:

Սոս Ավետիսյան․ Սպասվում է Ձեր հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ, և ես ցանկանում էի հասկանալ արդյո՞ք քննարկվելու են այդ հումանիտար ծրագրերը, որովհետև դրա մասին որոշակի ընկալում կար այլ գործընկերների կողմից, և առհասարակ, Ադրբեջանում սպասվող քաղաքական փոփոխությունների ֆոնին կխնդրեի ներկայացնել բանակցությունների մեր ռազմավարությունը, որքանով որ դա հնարավոր է:

Զոհրաբ Մնացականյան․ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան: Սկսեմ երկրորդ հարցից։ Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ և մենք բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում։

Այդ առումով, իհարկե, ընտրությունները հանգամանք են, իհարկե մենք դա նկատի ենք առնում, բայց նաև շեշտում ենք, որ բանակցություններն անհրաժեշտ գործընթաց են, և մենք բանակցություններից խուսափելու որևէ նպատակ չունենք։ Եթե մյուս կողմը գտնում է, որ այդ կարողությունը ունի և չի անդրադառնում ընտրական գործընթացներին, մենք առավել ևս խնդիր չունենք և պատրաստ ենք ընդգրկվել բանակցությունների մեջ ցանկացած պահի։

Ինչ վերաբերում է առաջին հարցին, ապա դա չափազանց էական հարց է և չափազանց էական բաղադրիչ մեր ողջ բանակցային գործընթացում։ Ես այստեղ կցանկանամ նորից ընդգծել մեր մոտեցումը․ մշտապես ընդգծել ենք խաղաղությանը նպաստող միջավայրի կարևոր բաղադրիչը բանակցային փաթեթում։

Դա վերաբերում է նաև էսկալացիայի ռիսկերի նվազեցման գործառույթներին, որի մեջ մտնում են և՛ զինադադարի ամրապնդման պահանջները, և՛ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման, և՛ տարբեր այլ գործառույթներ, որոնք ամրապնդում են այն կարևոր նպատակը, որ վերաբերում է էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը։

Մենք ունենք լուրջ արդյունքներ, մենք ունենք գործող ուղիղ կապը, որը երկրների ղեկավարների անմիջական պայմանավորվածության արդյունք է, և դա պահպանելը, ընդլայնելը, ամրապնդելը նույնպես չափազանց էական նպատակ է։

Չափազանց էական է նաև անդրադառնալ հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու գործառույթին։

Այդ առումով մեզ համար էական է ընկալել նաև, որ առանց ղեկավարների, կառավարությունների, իշխող հատվածի կողմից այդ գործընթացի քաջալերման, արդարացված չէ սպասել, որ որևէ այլ ձևաչափերով մենք կարող ենք հասնել որևէ դրական արդյունքի։

Մենք ունենք, օրինակ, շատ համեստ արդյունք, որն ամեն պարագայում դրական է. դա լրագրողների փոխանակումն էր, որը մեզ հնարավորություն է տալիս մտածել, թե ինչպես կարող ենք շարունակել նման միջոցառումները, որոնք կարող են նպաստել հասնելու խաղաղության համար բարենպաստ միջավայրին։

Սա ամբողջական փաթեթ է, որի մեջ, բնականաբար, մտնում են բուն խաղաղ կարգավորման մանրամասներին վերաբերող հարցեր, սակայն մեզ համար կարևոր է պահպանել ամբողջական մոտեցումը՝ բանակցային գործընթացն արդյունավետ պահելու առումով։

Շնորհակալություն։

Արման Աբովյան. Պարոն Մնացականյան, երկու հարց: Հարց համար մեկ. ըստ էության շարունակելով մեր գործընկերների Արցախյան հիմնախնդրի շուրջ վարվող բանակցությունների վերաբերյալ հարցադրումը՝ հաշվի առնելով, իհարկե, Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները, օբյեկտիվ պատճառներով բանակցությունները, ըստ երևույթին, այդքան էլ ակտիվ չեն:

Այնուամենայնիվ, ո՞ր փուլում են գտնվում բանակցությունները, որքանով որ կարելի է հնչեցնել, ի՞նչ է լինելու, այսպես ասած, ինչ պլաններ, հանդիպումներ, նախագծեր կան, ի՞նչ է կատարվում Արցախյան հակամարտության շուրջ տիրող բանակցություններում:

Երկրորդ հարցը. ըստ էության, տարածաշրջանն այս երկու ամիսների ընթացքում բավական լուրջ ճգնաժամային իրավիճակում հայտնվեց, խոսքը Իրան-ԱՄՆ հայտնի իրադարձությունների մասին է, իհարկե, խոսքը չի գնում ուղիղ միջամտության մասին, բայց հաշվի առնելով թե՛ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները, թե՛ Իրանի հետ հատկապես մեր հարաբերությունները, մենք ունե՞նք պլան բ, գ:

Զոհրաբ Մնացականյան. Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ինչպես որ ասացի արդեն, մենք  պատրաստ ենք հանդիպման: Մենք որոշ պայմանավորվածություններ ունենք և՛ համանախագահների, և՛ մյուս կողմի հետ միասին փորձում ենք ուրվագծել, թե ինչպես ենք աշխատելու այս տարվա ընթացքում, այսինքն՝ այդ նախանշումը, ծրագրավորումը, թե ինչպես ենք մենք շարժվելու առաջ:

Ինչ վերաբերում է հանդիպմանը, մենք միշտ հետևում ենք այն սկզբունքին, որ հանդիպման մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով, և ես հավատարիմ եմ այդ սկզբունքին: Մենք ունենք պայմանավորվածություն, որ մոտ ժամանականերս կարող ենք հանդիպել:

Մեր կողմից արտահայտվել է այդ դիրքորոշումը, որ անկախ ամենից, մենք պատրաստ ենք բանակցել ցանկացած պահի, մենք պատրաստ ենք շարունակական այս գործընթացին: Եվ այդ առումով մենք սպասում ենք, որ մոտ ժամանակներս մենք կարող ենք հանդիպել, և այդ հանդիպման մասին հայտարարությունը կլինի, ինչպես ասացի, համաձայնեցված կարգով:

Ձեր հարցին պատասխանեմ այսպես. կա ամենակարևոր հարցերից մեկը՝ միջազգայնորեն ընդունված այդ ձևաչափը, որը Մինսկի խմբի համանախագահներն են:

Մենք աշխատում ենք խստորեն այդ ձևաչափի շրջանակում, և, իհարկե, հանդիպումը վերաբերում է միջնորդների մասնակցությամբ մյուս կողմի հետ մեր հանդիպումներին: Լրացնելով նախորդ հարցը՝ մեկ կարևոր բաղադրիչ կա մեր փաթեթի, մեր սկզբունքների և դիրքորոշումների մեջ՝ Արցախի մասնակցության հարցը: Սա շարունակում է մնալ օրակարգային հարց, այն պատճառով, որոնք մենք բազմիցս ենք բացատրել, թե ինչու է կարևոր Արցախի մասնակցության հարցը:

Դրա ձևաչափերը, մեթոդը, այդ ամենը քննարկվելիք հարցեր են, բայց մեզ համար շատ էական է ապահովել, որ անմիջական այն սուբյեկտը, որն անմիջական առնչություն ունի այս հակամարտության կարգավորման խնդրին, որն ունի ընտրված իշխանություններ, որը սուբյեկտ է, քաղաքական միավոր, վերջինիս մասնակցությունը չափազանց էական է, և սա նույնպես շարունակելու է մնալ մեր օրակարգում:

Այդ առումով մենք կունենանք մոտ ժամանակներս հանդիպում, որը նաև առիթ կլինի՝ գնահատելու իրավիճակը, որը մենք ունենք այս շրջանում, և նախանշելու այն աշխատանքները, որ մենք տանելու ենք տարվա ընթացքում:

Արման Աբովյան. Այս մասով հասկանալի է, որ, ըստ էության, տեղի է ունենում ինչ-որ գործընթաց, բայց այդքան ակտիվ չէ, հասկանալի պատճառներով, նկատի ունեմ կայացող նախընտրական իրավիճակից դուրս գալը: Դա հասկանալի է:

ԱՄՆ-Իրան ոչ մեզ համար հաճելի իրադարձությունների շուրջ. յուրաքանչյուր դեպքում մենք հասկանում ենք, որ այս լարվածութունը, որը եղավ, չափազանց մեծ վտանգ է բոլորի համար, մանավանդ մեզ համար՝ հաշվի առնելով մեր հարաբերությունները մեր գործընկերների հետ: Ոչ մի դեպքում ուղղակի չմիջամտելով, էլի հասկանալի պատճառներով՝ մենք ունե՞նք որոշակի տեսլական, և ինչպես ասեցի՝ պլան բ, գ:

Զոհրաբ Մնացականյան. Մեր հասարակության մեջ ավելի սուր ուշադրություն տրվեց այս վերջին զարգացումներին, որոնք տեղի էին ունենում տարեսկզբին:

Սկզբունքորեն արտաքին ծառայության համար սա շարունակական խնդիր է եղել, որովհետև այդ զարգացումները տարածաշրջանում տեղի են ունենում արդեն բավական երկար ժամանակ և դրանք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն նաև մեզ վրա, և մեր, կոնկրտետ լոկալ առումով, մեր տարածաշրրջանի վրա:

Այստեղ մեր աշխատանքները... առավել ևս ԱԳՆ-ն, որն անմիջապես ունի դեսպանության, գլխավոր հյուպատոսության իր կետերը, մեր բոլոր դիվանագիտական կետերն այնտեղ մշտապես ապահովում են այդ տեղեկատվությունը տարածելու, գնահատելու, քաղաքականությունը մշակելու մեր աշխատանքն այն առումով, որ մենք աշխատում ենք պահպանել մեր ազգային անվտանգության ճարտարապետության համապարփակությունը, որի մեջ մենք ունենք ձևավորված հարաբերություններ մեր գործընկերների հետ, և այդ ամենն ուղղենք մեր ազգային անվտանգության պահպանությանը և համապարփակությանը:

Այն, ինչ տեղի ունեցավ տարեսկզբին, առավել ցայտուն արտահայտվեց, քանի որ վտանգները շատ ավելի սրված էին: Մենք ունենք նաև ազգային անվտանգության խորհրդի հարթակը, որը նույնպես չափազանց էական հարթակ է, որտեղ պետության համապատասխան բոլոր կառույցներն արդեն  աշխատում են ձևավորել այդ բոլոր ծրագրերը, որի մասին Դուք խոսում եք:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից