Հայաստան Քաղաքականություն 

Այս մարդիկ չեն հավատում, որ իրենք իշխանություն են. Անի Հովհաննիսյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնական խնդիրն այն է, որ նրանք ամենօրյա կտրվածքով ապացուցում են, որ իրենք իշխանություն են:

Տպավորություն է, որ այս մարդիկ հենց իրենք չեն հավատում, որ հրաշք է տեղի ունեցել և այլևս իրենք են Հայաստանի առաջին դեմքերը: Չի եղել մի օր, երբ լրահոսում հիշատակում չլինի նախկինների մասին, չկա մի դեպք, երբ որևէ հարցի քննարկում չտեղափոխվի՝ բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիք խոսում, տիրույթ:

Այս մարդիկ չեն կարող ունենալ պատասխանատվություն, պետականամետություն, գործելու ունակություն, քանի որ ունեն արմատացած ապակառուցողական ընդդիմության հոգեբանություն:

Նրանք կենսական պահանջ ունեն ամեն ինչ քննադատելու, սևացնելու, արժեզրկելու, բայց քանի որ հիմա իրենք են իշխանություն, հետևաբար հարց լուծողներն, ապա ստիպված քննադատում են հներին, սևերին, ասֆալտին չծեփվածներին, բոլորին, այլ տարբերակ չունեն:

Այս մարդիկ պահանջ ունեն ցույցերի, անկարգությունների, քաոսի, բախումների, բայց հո իրենք իրենց դեմ ցույց չեն անելու, հետևաբար դատարաններ են փակում, Ամանորին մարդկանց ստիպելով հրապարակ են բերում, ֆուտորիստական հարձակումներ են բեմականացնում:

Այս մարդիկ չեն սիրում կարգուկանոն, հանգստություն, կայունություն, սիրում են աղմուկ-աղաղակ, գզվրտոց, լացուկոծ, քաոս...

Բնական է, որ ոչինչ չի ստացվելու նրանց մոտ, չի կարող ստացվել, մարդիկ չեն հավատում, որ իրենք իշխանություն են, ո՞նց ստացվի...»:

Նույն շարքից